Չինացի գիտնականները մշակել են փորձարարական մՌՆԹ-պատվաստանյութ, որն ունակ է լայն և տևական պաշտպանություն ապահովելու միանգամից Էբոլա վիրուսի մի քանի մահացու շտամներից, որոնց թվում՝ Bundibugyo տարբերակից, որը հիվանդության վերջին բռնկումներն է առաջացրել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Ուգանդայում։

Էբոլա տենդը ծանր վիրուսային հիվանդություն է, որն ընդունակ է առաջացնելու բարձր ջերմություն, փսխում, ներքին արյունահոսություն, օրգանների անբավարարություն և մահվան ելք՝ վարակված հիվանդների մոտավորապես կեսի դեպքում։ Վիրուսը փոխանցվում է վարակված արյան և կենսաբանական հեղուկների հետ ուղղակի շփման միջոցով։

Գոյություն ունեցող պատվաստանյութերը հիմնականում ուղղված են Zaire ebolavirus շտամի դեմ և սահմանափակ պաշտպանություն են ապահովում վիրուսի այլ տեսակներից։ Մասնագետների խոսքով՝ աշխարհին անհրաժեշտ է պատվաստանյութ, որն ունակ է միաժամանակ պաշտպանելու Էբոլայի մի քանի տեսակներից։

Այս խնդիրը լուծելու համար հետազոտողները ստեղծել են [GPs+NP]@LNP անվանումով մուլտիվալենտ մՌՆԹ-պատվաստանյութ, որը հիմնված է COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մշակման ժամանակ օգտագործված տեխնոլոգիայի վրա։ Թուլացած վիրուսի փոխարեն պատրաստուկը պարունակում է գենետիկ հրահանգներ, որոնք իմունային համակարգին սովորեցնում են ճանաչել միանգամից Էբոլայի մի քանի վիրուսների սպիտակուցները, ներառյալ՝ Ebola, Sudan և Bundibugyo շտամները։

Պատվաստանյութի կազմի մեջ են մտել վիրուսի երեք մակերեսային գլիկոպրոտեիններ, որոնք օգնում են նրան ներթափանցելու մարդու բջիջներ, ինչպես նաև նուկլեոպրոտեին, որը գործնականում նույնն է Էբոլայի տարբեր շտամների մոտ։ Գիտնականները բացատրել են, որ նման համադրությունը պետք է առաջացնի ինչպես հակամարմինների արտադրություն, այնպես էլ ուժեղ բջջային իմունային պատասխան, որն ունակ է ոչնչացնելու վարակված բջիջները։

Պատվաստանյութը փորձարկվել է Ebola և Bundibugyo վիրուսներով վարակված մկների, ինչպես նաև Sudan վիրուսով վարակված համստերների վրա։ Արդյունքները հուսադրող են եղել։

Էբոլայի դեմ պատվաստանյութ ստացած մկները ցուցաբերել են հարյուր տոկոսանոց կենսունակություն, և վիրուսն արդյունավետորեն հեռացվել է արյունից և կենսական կարևոր օրգաններից, ներառյալ՝ լյարդը և փայծաղը։ Պատվաստանյութը նաև զգալիորեն նվազեցրել է Bundibugyo շտամով վարակված կենդանիների վիրուսային ծանրաբեռնվածությունը։ Sudan վիրուսով վարակված համստերները պահպանել են կայուն քաշ և լիովին ազատվել են արյան մեջ առկա վիրուսից։

Հետազոտության առավել կարևոր արդյունքներից մեկը գիտնականները համարել են պաշտպանության տևողությունը. մկների իմունիտետը պահպանվել է պատվաստումից հետո մոտ 17 ամիս։

Հետազոտողները պատրաստուկը համարում են Էբոլայի դեմ ունիվերսալ պատվաստանյութերի նոր սերնդի ստեղծման հեռանկարային հիմք։ Այնուամենայնիվ, նրանք շեշտում են, որ աշխատանքը վաղ փուլում է, և մարդկանց վրա կլինիկական փորձարկումներ սկսելուց առաջ անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ ավելի բարդ կենդանական մոդելների՝ ներառյալ պրիմատների վրա։