NPJ Digital Medicine ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ այն կանայք, ովքեր կանոնավոր կերպով քնի պակաս ունեն կամ ունեն քնի անկանոն ռեժիմ, ավելի հաճախ են բախվում դաշտանային ցիկլի խանգարումների հետ։

Գիտնականները վերլուծել են WHOOP կրելի սարքեր օգտագործող 2596 կնոջ տվյալներ։ Հետազոտությունն ընդգրկել է ավելի քան 42 հազար դաշտանային ցիկլ և ֆիզիոլոգիական ցուցանիշների ու քնի վերաբերյալ ավելի քան 1,29 միլիոն օրվա դիտարկումներ։ Արդյունքները ցույց են տվել, որ քնի կարճ տևողությունը և անկայուն ռեժիմը սերտորեն կապված են ցիկլի տատանողականության բարձրացման հետ։

Հետազոտողների տվյալներով՝ այն կանանց մոտ, ովքեր օրական 7,3 ժամից պակաս են քնել, ավելի հաճախ է կայուն դաշտանային ցիկլի պակաս նկատվել։ Նաև պարզվել է, որ այնպիսի ֆիզիոլոգիական ցուցանիշներն, ինչպիսիք են հանգստի վիճակում սրտի կծկումների հաճախականությունը, շնչառության հաճախականությունը և սրտի ռիթմի տատանողականությունը, զգալիորեն փոխվել են ցիկլի ընթացքում։

Մասնակիցների դաշտանային ցիկլի միջին տևողությունը կազմել է 28,4 օր, ընդ որում, տարիքի հետ մեկտեղ ցիկլը միջինում դարձել է ավելի կարճ։ Գիտնականները նաև նշել են, որ տարիքին զուգընթաց նվազել է նաև ֆիզիոլոգիական տատանումների արտահայտվածությունը ։

Հեղինակներն ընդգծել են, որ չնայած ընդհանուր ընտրանքի մակարդակով նկատված միտումներին՝ առանձին կանանց մոտ ցիկլից ցիկլ ֆիզիոլոգիական ցուցանիշների զգալի տարբերություններ են արձանագրվել։ Ըստ նրանց՝ սա վկայում է դաշտանային առողջության ուսումնասիրության հարցում անհատականացված մոտեցման անհրաժեշտության մասին։

Հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ կանոնավոր և բավարար քունը կարող է կարևոր դեր խաղալ դաշտանային ցիկլի կայունության և ընդհանուր առողջական վիճակի պահպանման գործում։ Նրանք հավելել են, որ հետագա ուսումնասիրությունները պետք է պարզեն, թե արդյոք քնի սովորությունների բարելավումն ու կայուն ռեժիմը կարող են նվազեցնել ցիկլի խանգարումների ռիսկը։