Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը ժամանել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն՝ հայտարարելով, որ էբոլայի մահացու բռնկումը դեռևս հնարավոր է վերահսկել։
Նախատեսվում է, որ Թեդրոսը կայցելի Իտուրի հյուսիսարևելյան նահանգ, որը համաճարակի էպիկենտրոնն է, որտեղ առողջապահության ոլորտի աշխատողները շարունակում են պայքարել վարակի աճի տեմպերի դեմ` զինված հակամարտության և զանգվածային տեղահանության պայմաններում։
«Մենք կարող ենք կանգնեցնել այս բռնկումը», - ասել է ԱՀԿ ղեկավարը Կինշասա ժամանելուց հետո՝ ընդգծելով միջազգային համագործակցության և արագ արձագանքման կարևորությունը։ Նա նաև նշել է, որ ԱՀԿ-ն չի աջակցում ճանապարհորդությունների սահմանափակումների կիրառմանը, քանի որ կազմակերպությունը կարծում է, որ նման միջոցառումներն անարդյունավետ են վիրուսի տարածման դեմ պայքարում։
ԱՀԿ տվյալներով՝ մայիսի 15-ին բռնկման պաշտոնական հայտարարումից ի վեր Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գրանցվել է էբոլայից մահվան 10 հաստատված դեպք և ևս 223 հավանական մահվան դեպք։ Չնայած հայտնաբերվել է ավելի քան 1 000 հաստատված և կասկածելի դեպք, փորձագետները կարծում են, որ վիրուսի տարածման իրական չափը կարող է զգալիորեն ավելի բարձր լինել, քանի որ վարակը, հավանաբար, երկար ժամանակ աննկատ է տարածվել։
Ներկայիս բռնկումը պայմանավորված է Բունդիբուգիո շտամով, որի դեմ ներկայում հաստատված պատվաստանյութ կամ արդյունավետ բուժում չկա: Այնուամենայնիվ, ԱՀԿ խորհրդատվական խմբերն արդեն առաջարկել են սկսել պոտենցիալ պատվաստանյութերի և բուժման կլինիկական փորձարկումները:
Թեդրոսը նաև կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել հակամարտությունից տուժած տարածքներում՝ նշելով, որ մարտական գործողությունները լրջորեն բարդացնում են բուժաշխատողների աշխատանքը և մարդասիրական օգնության մատակարարումը:
«Ոչ մի հակամարտություն արժանի չէ, որ անմեղ մարդիկ մահանան կանխարգելելի հիվանդությունից», - ընդգծել է նա:
Աֆրիկյան միության հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավարը հայտարարել է, որ պատվաստանյութը կարող է պատրաստ լինել տարեվերջին: Մինչդեռ, հարևան Ուգանդան փակել է իր սահմանը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հետ՝ իր տարածքում էբոլայի դեպքեր հայտնաբերելուց հետո:
Միացյալ Նահանգները նույնպես հայտարարել է վարակված մարդկանց մուտքի սահմանափակումների մասին և աշխատում է Քենիայում ամերիկացի քաղաքացիների համար բուժման կենտրոն ստեղծելու ուղղությամբ:
Վերջին 50 տարիների ընթացքում էբոլայի բռնկումները խլել են ավելի քան 15 հազար մարդու կյանք ամբողջ Աֆրիկայում: 2018-2020 թվականներին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում տեղի ունեցած ամենամահացու համաճարակներից մեկը հանգեցրել է գրեթե 2 300 մահվան:






