«Բժիշկներ առանց սահմանների» (Médecins Sans Frontières, MSF) բժշկական հումանիտար կազմակերպությունը հայտարարել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլայի բռնկման հետ կապված իրավիճակի կտրուկ վատթարացման մասին՝ այն անվանելով «խիստ մտահոգիչ», հայտնում է BBC News-ը:
Ըստ կազմակերպության, Իտուրի նահանգում բռնկումն սկսվելուց ընդամենը երկու շաբաթ անց գրանցվել է կասկածելի դեպքերի անսովոր մեծ թիվ: MSF-ի փոխտնօրեն դոկտոր Ալան Գոնսալեսը նշել է, որ «նախկինում երբեք չի դիտվել դեպքերի թվի նման արագ աճ՝ բռնկման մասին հայտարարելուց անմիջապես հետո»:
Իրավիճակը զարգանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի՝ առավել տուժած տարածաշրջան՝ Իտուրի նահանգ կատարած այցի ֆոնին:
Վերջին տվյալներով, երկրում գրանցվել է վարակման ավելի քան 1000 ենթադրյալ դեպք և առնվազն 246 մահ: Հարևան Ուգանդայում գրանցվել է հաստատված 9 դեպք և 1 մահվան ելք:
MSF-ի ներկայացուցիչները հայտարարում են, որ բռնկման իրական մասշտաբը կարող է անհայտ լինել, քանի որ ամեն օր նոր կասկածելի դեպքեր են ի հայտ գալիս, իսկ լաբորատոր նմուշների զգալի մասը դեռևս չի հետազոտվել:
Նշվում է նաև, որ վարակի զսպման միջոցառումները բարդանում են լոգիստիկ լուրջ դժվարություններով, ներառյալ սահմանների ու օդանավակայանների փակումը, ինչպես նաև տարածաշրջանում շարունակվող զինված հակամարտությունը, որը խոչընդոտում է հումանիտար օգնությունը տեղ հասցնելուն:
ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը Բունիա քաղաք կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ միջազգային թիմը գնահատում է արձագանքման միջոցառումների արդյունավետությունը և ուղիներ է փնտրում աջակցությունն ուժեղացնելու համար:
Նա կոչ է արել տեղական համայնքներին ավելի ակտիվ մասնակցել համաճարակի դեմ պայքարին՝ ընդգծելով, որ հենց նրանք են ավելի լավ հասկանում տեղի պայմանները և կարող են օգնել վիրուսի տարածումը կանխելու հարցում:
Նա առանձնահատուկ զգուշացրել է ավանդական թաղման արարողությունների ռիսկերի մասին, ներառյալ շփումը մահացածների մարմինների հետ, ինչը կարող է նպաստել վարակի հետագա տարածմանը:
Էբոլան փոխանցվում է վարակված մարդու կենսաբանական հեղուկների հետ անմիջական շփման, ինչպես նաև վարակված առարկաների միջոցով: Հիվանդությունը պահանջում է պացիենտների խիստ մեկուսացում և ինտենսիվ ախտանշանային թերապիա:
Ըստ առողջապահական ծառայությունների տվյալների, ներկայիս բռնկումը հարուցված է Էբոլայի հազվադեպ հանդիպող շտամով՝ Բունդիբուգիոյով, որի համար հաստատված պատվաստանյութ գոյություն չունի, իսկ մահացության մակարդակը հասնում է վարակվածների մոտ մեկ երրորդին: