Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլայով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 282-ի, հայտնել են երկրի իշխանությունները։ Հիվանդության շարունակվող բռնկման ֆոնին ապաքինված պացիենտները կիսվել են իրենց պատմություններով՝ մահացու վտանգավոր վարակից փրկվելն անվանելով իսկական հրաշք։
Դեպքերի հիմնական մասը դեռևս բաժին է ընկնում Իտուրի նահանգին, որտեղ գրանցվել է վարակման 264 հաստատված դեպք։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ կասկածելի դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 1000-ը։ Բռնկումն առաջացել է Էբոլա վիրուսի հազվագյուտ շտամից՝ Բունդիբուգիոյից, որի դեմ դեռևս չկա հաստատված պատվաստանյութ կամ հատուկ բուժում։
Առողջապահության ոլորտի ներկայացուցիչները նշում են, որ հիմնական դժվարությունները շարունակում են մնալ հիվանդների վաղ հայտնաբերումը, նրանց օպերատիվ մեկուսացումը, շփումների հետագծումը, թաղումների անվտանգ իրականացումը և բժշկական հաստատություններում վարակի հսկողության միջոցառումների ուժեղացումը։
Այժմ հսկողության տակ է գտնվում հայտնաբերված շփումների միայն մոտ 45%-ը, իսկ ևս 220 կասկածելի դեպք դեռևս հետաքննվում է։
Չնայած բարդ իրավիճակին՝ ապաքինված հինգ պացիենտներից մի քանիսը պատմել են վարակի դեմ իրենց պայքարի փորձի մասին։
Նրանցից մեկը՝ բուժեղբայր Բարակա Բուլամբուլուն, խոստովանել է, որ անսահման ուրախություն է ապրել Էբոլայի վերաբերյալ իրար հաջորդող երկու բացասական թեստերի պատասխանները ստանալուց հետո։
«Առաջին անալիզը դրական էր, բայց երկրորդն ու երրորդը եղան բացասական։ Այս հիվանդությունից հետո ողջ մնալն աննկարագրելի երջանկություն է»,- պատմել է նա։
Բուլամբուլուն դարձել է այն պացիենտներից մեկը, ում Թեդրոս Գեբրեյեսուսը անձամբ է ապաքինման սերտիֆիկատներ հանձնել Բունիա քաղաքում Էբոլայի բուժման նոր կենտրոնի բացման ժամանակ։
Մեկ այլ ապաքինված բուժաշխատող՝ Էզո Էթիենը, պատմել է, որ առաջին ախտանիշները հայտնվել են հենց հիվանդանոցում պացիենտների հերթական շրջայցի ժամանակ։
Նրա խոսքով՝ սկզբում առաջացել է գլխապտույտ և զարկերակային ճնշման կտրուկ անկում, իսկ կարճ ժամանակ անց սկսվել է ուժեղ փսխում։
ԱՀԿ-ի տվյալներով՝ բոլոր հինգ ապաքինված պացիենտներն էլ բուժաշխատողներ են՝ չորս բուժքույր ու բուժեղբայր և լաբորատորիայի մեկ աշխատակից։ Հենց բուժանձնակազմն էլ մնում է ամենախոցելի խմբերից մեկը ներկայիս բռնկման ժամանակ։
Քանի որ Բունդիբուգիո շտամի համար հաստատված բուժում գոյություն չունի, թերապիան հիմնականում ուղղված է ախտանիշների թեթևացմանը և օրգանիզմի կենսական կարևոր գործառույթների պահպանմանը։
Դիմելով ապաքինված բուժաշխատողներին՝ Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նշել է. «Ձեր արիությունը հույս է ներշնչում, իսկ ձեր պատմությունները ցույց են տալիս, որ այս բռնկումը հնարավոր է կանգնեցնել»։
Հարևան Ուգանդայում նույնպես գրանցվել է հիվանդության ինը դեպք և մեկ մահ։ Երկրի իշխանությունները սահմանին հսկողության լրացուցիչ միջոցներ են սահմանել՝ վիրուսի հետագա տարածումը կանխելու համար։
Վերջին տասնամյակների ընթացքում Կոնգոյում և Ուգանդայում տեղի է ունեցել Էբոլայի ավելի քան քսան բռնկում, այնուամենայնիվ Բունդիբուգիո շտամով պայմանավորված դեպքերը մնում են հազվադեպ։ Պատվաստանյութի բացակայությունը, տուժած շրջանների հեռավորությունը և շարունակվող զինված հակամարտությունները լրջորեն բարդացնում են համաճարակի դեմ
Այնուամենայնիվ, Հանրային առողջության ազգային ինստիտուտի (National Institute of Public Health) գլխավոր տնօրեն Դյեդոնե Մվամբա Կազադին պացիենտների ապաքինումն անվանել է կարևոր հաղթանակ։
Նրա խոսքով՝ այս դեպքերն ապացուցում են, որ բժշկական օգնությանը ժամանակին դիմելը և մասնագիտացված կենտրոններում բուժում ստանալը զգալիորեն մեծացնում են ապաքինվելու շանսերը՝ նույնիսկ նման վտանգավոր վարակի պարագայում։






