Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամով հիվանդացության 321 հաստատված դեպքի մասին։ Եվս 116 դեպք ներկայումս դիտարկվում է որպես կասկածելի և գտնվում է ստուգման փուլում:
ԱՀԿ ներկայացուցիչ Քրիստիան Լինդմայերի խոսքով՝ բռնկումն արդեն հանգեցրել է մահվան 41 դեպքի, իսկ վեց հոգու հաջողվել է ապաքինվել: Հարևան Ուգանդայում գրանցվել է հիվանդության ինը հաստատված դեպք և դրա հետ կապված մեկ մահվան ելք:
Աֆրիկյան հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի բռնկման մասին հայտարարել էին մայիսի 15-ին։ Սա Կոնգոյի ԴՀ պատմության մեջ Էբոլայի արդեն 17-րդ բռնկումն է։ Վարակի հետագա տարածման սպառնալիքի պատճառով ԱՀԿ-ն իրավիճակն անմիջապես հայտարարել է միջազգային նշանակության հանրային առողջապահական արտակարգ իրավիճակ:
Առողջապահական մարմինները և միջազգային գործընկերները շարունակում են մեծացնել նոր դեպքերի հայտնաբերման, պացիենտների բուժման, շփումների հետագծման և համաճարակաբանական հսկողության ուղղությամբ՝ վիրուսի տարածումը զսպելու համար գործադրվող ջանքերը:
Բունդիբուջիո շտամը Էբոլա վիրուսի հայտնի տեսակներից մեկն է և նախկինում ևս հիվանդության բռնկումներ է առաջացրել Կենտրոնական և Արևելյան Աֆրիկայի երկրներում: Թեև այն ավելի հազվադեպ է հանդիպում, քան Զաիր շտամը, վիրուսի այս տարբերակը նույնպես ընդունակ է առաջացնել հիվանդության ծանր ընթացք և հանգեցնել մահվան, ինչն առանձնակի կարևոր է դարձնում դրա արագ զսպմանն ուղղված միջոցառումները:






