Առնվազն 74 մարդ է մահացել Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող Բորնո նահանգում մայիսից ի վեր շարունակվող խոլերայի բռնկման հետևանքով։ Իրավիճակի մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությանը։
Կազմակերպության տվյալներով՝ հիվանդության հաստատված դեպքերի թիվը հասել է 7 850-ի։ Համեմատության համար նշենք, որ դեռևս հունիսի 3-ին նահանգի իշխանությունները հայտնում էին 4204 վարակվածի և 39 մահացածի մասին։
Բռնկումը ճանաչվել է արտակարգ իրավիճակ հանրային առողջապահության ոլորտում և արձագանքման հրատապ միջոցներ է պահանջում։ Ըստ Նիգերիայի առողջապահության նախարարության տեղեկությունների՝ խոլերան տարածվել է Բորնո նահանգի 36 շրջաններում։
Ամենածանր իրավիճակը դիտվում է տարածաշրջանի վարչական կենտրոնում՝ Մայդուգուրի քաղաքում, որտեղ գրանցվել է վարակման բոլոր դեպքերի ավելի քան կեսը։
Նիգերիայի իշխանությունները միջազգային գործընկերների հետ համատեղ ուժեղացնում են վարակի տարածման դեմ ուղղված միջոցառումները։ Մասնավորապես, ավելացվում են ռեսուրսները ջրամատակարարման, սանիտարիայի և հիգիենայի համակարգերի բարելավման համար, իսկ բժշկական հաստատություններն ու վարակաբանական կենտրոնները նախապատրաստվում են բուժառուների թվի աճին։






