Ֆուտբոլի FIFA Աշխարհի առաջնությունը մեկնարկում է 2026 թվականի հունիսի 11-ին, և խաղերը կանցկացվեն ԱՄՆ-ի, Կանադայի ու Մեքսիկայի 16 քաղաքներում։ Միլիոնավոր երկրպագուներ կժամանեն տասնյակ օդանավակայանների միջոցով և հինգ շաբաթ շարունակ կլցնեն մարզադաշտերը, հյուրանոցները, բարերը, օդանավակայաններն ու հասարակական տրանսպորտը։

Սա Աշխարհի առաջնությունը դարձնում է ոչ միայն խոշորագույն մարզական իրադարձություն, այլև մարդկանց գլոբալ խառնման հսկայածավալ փորձարկում, որն իդեալական պայմաններ է ստեղծում վարակիչ հիվանդությունների տարածման համար։ Նմանատիպ միջոցառումները հազվադեպ են դառնում մեծ համաճարակների պատճառ, սակայն դրանք զգալիորեն մեծացնում են բռնկումների ռիսկը և լուրջ փորձություն են դառնում առողջապահական համակարգերի համար։

Հնարավոր սպառնալիքների շրջանակը բավականին լայն է՝ քիչ հավանական, բայց սարսափեցնող սցենարներից, ինչպիսին է Էբոլա տենդի ներկրումը, մինչև շատ ավելի հավանական գրիպի և կարմրուկի տարածումը մարդկանց զանգվածային կուտակումների վայրերում։ Կան նաև պակաս նկատելի ռիսկեր, ինչպիսիք են սեռական ճանապարհով փոխանցվող վարակների թվի աճը, ինչպես նաև մոծակների միջոցով տարածվող հիվանդությունները։

Որպես վարակիչ հիվանդությունների մասնագետ, որն ուսումնասիրում է հիվանդությունների բռնկումների ազդեցությունը բնակչության առողջության վրա, և միևնույն ժամանակ լինելով ֆուտբոլի նվիրված երկրպագու, որն աջակցում է Կոլումբիայի հավաքականին, ես ուշադիր հետևում եմ մրցաշարին ընդառաջ հանրային առողջապահության մասնագետների պատրաստությանը։

Ստորև ներկայացված են հիմնական վարակիչ սպառնալիքները, որոնց աշխարհի խոշորագույն ֆուտբոլային իրադարձության նախաշեմին հետևում են փորձագետները։

Էբոլա. սարսափեցնող, բայց քիչ հավանական սպառնալիք

2026 թվականի մայիսին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հանրային առողջապահության ոլորտում արտակարգ դրություն հայտարարեց Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Ուգանդայում Էբոլա տենդի բռնկման պատճառով։ Հարուցիչը վիրուսի հազվագյուտ տարբերակն է՝ Bundibugyo շտամը, որը հանգեցնում է յուրաքանչյուր երեք վարակվածից մոտավորապես մեկի մահվան։

Այս շտամի համար դեռևս չկան հաստատված պատվաստանյութեր, արագ ախտորոշիչ թեստեր կամ հատուկ բուժման մեթոդներ։ Լրացուցիչ դժվարություններ են ստեղծում առողջապահությանն ուղղվող միջազգային օգնության կրճատումը և ԱՀԿ-ից ԱՄՆ-ի դուրս գալը։ Եթե հիվանդության դեպք հայտնաբերվի, ապա ծայրահեղ կարևոր են բուժառուի արագ հայտնաբերումն ու մեկուսացումը՝ վարակի հետագա տարածումը կանխելու համար։

Ընդսմին, հավանականությունը, որ Էբոլա վիրուսը կհայտնվի Աշխարհի առաջնության մարզադաշտում, մնում է չափազանց ցածր։ Հիվանդությունը փոխանցվում է միայն վարակված մարդու կենսաբանական հեղուկների՝ արյան, թքի և այլ արտաթորությունների հետ անմիջական շփման դեպքում։ Բացի դրանից, հիվանդները վարակիչ են դառնում միայն ախտանիշների ի հայտ գալուց հետո։

ԱՄՆ-ն արգելել է այն օտարերկրացիների և գրին քարտ ունեցողների մուտքը, ովքեր վերջին 21 օրվա ընթացքում այցելել են բռնկումից տուժած երկրներ, ինչպես նաև ուժեղացրել է այդ տարածաշրջաններից ժամանող ուղևորների հսկողությունը։ Նմանատիպ սահմանափակումներ են գործում նաև Կանադայում և Մեքսիկայում։

Կարմրուկ, գրիպ և ՔՈՎԻԴ-19. շատ ավելի հավանական սպառնալիքներ

Երկրպագուների համար ամենամեծ վտանգը ներկայացնում են շնչառական վարակները, որոնք մարդկանց մեծ կուտակումների վայրերում տարածվում են օդակաթիլային ճանապարհով։

Առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում կարմրուկը, որի դեպքերի թիվը արագորեն աճում է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (CDC) տվյալներով՝ 2026 թվականի հունիսի 4-ի դրությամբ երկրում գրանցվել է կարմրուկի 2030 դեպք, ինչը գրեթե նույնքան է, որքան ԱՄՆԲողջ 2025 թվականի ընթացքում, և զգալիորեն ավելի շատ, քան նախորդ տարիներին։

Կարմրուկը համարվում է աշխարհում ամենավարակիչ հիվանդություններից մեկը։ 2025 թվականին Դենվերի միջազգային օդանավակայանում ընդամենը մեկ վարակված ուղևոր դարձավ առնվազն հիվանդության տասը դեպքով բռնկման պատճառ։ Նույն կերպ, մարզադաշտում, օդանավակայանում կամ բարում գտնվող մեկ վարակված երկրպագուն ընդունակ է նոր բռնկում հրահրել։

Լրացուցիչ մտահոգություն է առաջացնում նաև 2025–2026 թվականների գրիպի սեզոնը, որն ամենածանրն էր վերջին երեք տասնամյակի ընթացքում։ ՔՈՎԻԴ-19-ը նույնպես շարունակում է մնալ լուրջ խնդիր՝ ըստ մասնագետների գնահատականների՝ ԱՄՆ-ում տարեկան հանգեցնելով 290–450 հազար հոսպիտալացման։ Զանգվածային միջոցառումներն ընդունակ են զգալիորեն արագացնել այս վարակների տարածումը։

Գիտնականները նաև ուշադիր հետևում են թռչնի գրիպին (H5N1), որը շրջանառվում է կաթնատու անասունների և թռչունների շրջանում։ 2024 թվականից ի վեր ԱՄՆ-ում գրանցվել է մարդկանց վարակման 70 դեպք։ Առայժմ վիրուսի՝ մարդուց մարդ փոխանցում չի արձանագրվել, սակայն մասնագետներՆ ուշադիր հետևում են հնարավոր մուտացիաներին։

Մոծակների միջոցով տարածվող հիվանդություններ

Լրացուցիչ մտահոգություն են առաջացնում մոծակների միջոցով փոխանցվող վարակները, հատկապես ԱՄՆ հարավային նահանգներում և Մեքսիկայի քաղաքներում, որտեղ խաղերն անցկացվելու են այս միջատների առավելագույն ակտիվության շրջանում։

Դենգե տենդը, որն առաջացնում է բարձր ջերմություն, ուժեղ ցավեր մկաններում ու հոդերում, իսկ երբեմն էլ՝ ծանր բարդություններ, 2024 թվականին ԱՄՆ-ում հասել էր ռեկորդային ցուցանիշների։ Գրանցվել էր մոտ 3800 դեպք, ինչը 359%-ով գերազանցում է նախորդ 14 տարիների միջին ցուցանիշը։ Բուժառուների մեծամասնությունը վարակվել էր Կարիբյան ավազանի և Կենտրոնական Ամերիկայի երկրներ ճանապարհորդելիս, սակայն վարակի տեղական փոխանցման առանձին դեպքեր արդեն արձանագրվել են, մասնավորապես՝ Լոս Անջելեսում։

Փորձագետները վախենում են նաև այլ վարակների ներկրումից։ Դեղին տենդը դեռևս տարածված է Աֆրիկայի՝ Սահարայից հարավ ընկած որոշ տարածաշրջաններում և Հարավային Ամերիկայում։ 2024 թվականին Հարավային Ամերիկայում հիվանդության բռնկումը՝ տարածման ավանդական գոտիներից դուրս, ցույց տվեց, որ վիրուսն ընդունակ է թափանցել խտաբնակ շրջաններ։

Եվս մեկ սպառնալիք է համարվում Oropouche վիրուսը, որը 2024 թվականին Լատինական Ամերիկայում առաջացրեց պատմության մեջ ամենախոշոր համաճարակը։ Միայն Բրազիլիայում հաստատվել էր հիվանդության ավելի քան 8 հազար դեպք։ Թեև հիվանդությունը սովորաբար ընթանում է համեմատաբար թեթև, այն կարող է հանգեցնել ուղեղի բորբոքման, արյան մակարդելիության խանգարումների և հղիության բարդությունների։ Պատվաստանյութեր և հատուկ բուժում դեռևս գոյություն չունեն։

Սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ

Լրատվամիջոցներում ավելի քիչ ուշադրություն է դարձվում սեռական ճանապարհով փոխանցվող վարակների տարածման ռիսկին։

Ըստ հետազոտությունների՝ միջազգային ճանապարհորդների մոտավորապես յուրաքանչյուր հինգերորդը ուղևորությունների ժամանակ սեռական պատահական կապերի մեջ է մտնում, ընդ որում՝ նման շփումների գրեթե կեսը տեղի է ունենում առանց պաշտպանության միջոցների օգտագործման։

Մտահոգություն առաջացնող հիվանդությունների թվում մասնագետները նշում են mpox-ը (կապկի ծաղիկ), որը շարունակում է շրջանառվել ԱՄՆ-ում և կարող է ավելի հեշտությամբ տարածվել զանգվածային միջոցառումների ժամանակ։ Բացի դրանից, շատ երկրներում նկատվում է սիֆիլիսով հիվանդացության աճ։

Առողջապահական համակարգերի պատրաստությունը

ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի առողջապահական մարմինները մրցաշարի նախաշեմին ուժեղացրել են վարակիչ հիվանդությունների մշտադիտարկումը։ ԱՄՆ-ում իրավիճակին կհետևի հատուկ Բժշկական անվտանգության ապահովման գործառնական կենտրոնը, որն ստեղծվել է Georgetown University-ի և MedStar Health բժշկական կազմակերպության մասնակցությամբ։

Փորձագետները երկրպագուներին խորհուրդ են տալիս նախապես ստուգել պատվաստումների արդիականությունը, հատկապես՝ կարմրուկի, գրիպի և ՔՈՎԻԴ-19-ի դեմ, պահպանել անվտանգ սեռական վարքագծի կանոնները, օգտագործել մոծակներից պաշտպանվելու միջոցներ, իսկ հիվանդության ախտանիշների ի հայտ գալու դեպքում մնալ տանը կամ դիմակ դնել։

Մասնագետների կարծիքով՝ հենց կանխարգելումն ու վարակի դեպքերի ժամանակին հայտնաբերումը կօգնեն Աշխարհի առաջնությունն անվտանգ անցկացնել ամբողջ աշխարհից ժամանած միլիոնավոր երկրպագուների համար։