Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են, որ նույնիսկ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլայի ներկայիս բռնկման վերացումից հետո վիրուսի կրկնակի տարածման սպառնալիքը կպահպանվի։
Կոնգոյի ԴՀ-ում ԱՀԿ ներկայացուցչի պաշտոնակատար Անն Անչիան ֆրանսիական Le Point պարբերականին տված հարցազրույցում հիշեցրել է, որ Էբոլան պատկանում է կենդանիների շրջանում շրջանառվող՝ պարբերաբար վայրի կենդանիներից մարդուն փոխանցվող վարակիչ և մակաբուծային հիվանդությունների շարքին: Նա նշել է, որ անտառային շրջանների բնակիչները, որոնք կանոնավոր կերպով շփվում են բնական միջավայրի հետ, վարակման նկատմամբ ամենախոցելիներն են։
«Նույնիսկ եթե հաջողվի լիովին վերահսկողության տակ վերցնել ներկայիս համաճարակը, դրա կրկնակի առաջացման վտանգը միշտ գոյություն կունենա։ Հենց այդ պատճառով անհրաժեշտ է շարունակել իրազեկման աշխատանքները, ամրապնդել առողջապահական համակարգերը և կատարելագործել համաճարակաբանական հսկողությունը։ Խնդիրը ոչ միայն ընթացիկ բռնկման դեմ պայքարելն է, այլև ապագա բռնկումներին պատրաստվելը»,- ընդգծել է Անչիան։
Նա հավելել է, որ հիվանդության դեմ պայքարը բարդանում է մի քանի գործոններով։ Գլխավոր խոչընդոտներից մեկը բնակչության մի մասի անվստահությունն է, քանի որ որոշ բնակիչներ շարունակում են կասկածել հիվանդության գոյությանը կամ այն ընկալում են որպես հորինվածք։ ԱՀԿ-ն շեշտը դնում է տեղական համայնքների հետ համագործակցության և բացատրական աշխատանքների վրա՝ նախապատվությունը վարչական միջոցների փոխարեն տալով համոզելուն։
Լրացուցիչ դժվարություններ են ստեղծում միջազգային ֆինանսավորման կրճատումը և երկրի արևելքում շարունակվող զինված հակամարտությունը, որը դժվարացնում է բժշկական բրիգադների հասանելիությունը բնակչությանը և հակահամաճարակային միջոցառումների իրականացումը։
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության իշխանությունները Էբոլայի նոր բռնկման մասին հայտարարել են մայիսի 15-ին։ Նույն օրը Ուգանդայի առողջապահության նախարարությունը հաստատել է հիվանդության բերովի դեպք։ Արդեն մայիսի 17-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Ուգանդայում Էբոլայի բռնկումը միջազգային նշանակություն ունեցող հանրային առողջապահության ոլորտի արտակարգ իրավիճակ է ճանաչել։
Ըստ վերջին տվյալների, որոնք Կոնգոյի ԴՀ իշխանությունները հրապարակել են հունիսի 14-ին, երկրում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման 782 դեպք, որոնցից 181-ն ավարտվել է մահվան ելքով։






