Փոխանցվու՞մ է արդյոք կարիեսը ժառանգաբար, ինչպես ազատվե՞լ ատամնաքարից, եւ ի՞նչ խնդիրներ ունի այսօր հայ ստոմատոլոգիան։ Այս հարցերի շուրջ NEWS.am Medicine-ի հետ զրուցեց բժիշկ- ստոմատոլոգ Արմեն Բաբայանը:
Բժիշկ, ճի՞շտ են այն պնդումները, որ կարիեսը փոխանցվում է ժառանգաբար։
Բժշկության ոլորտում այս հարցը շարունակում է բաց մնալ, եւ տվյալ հարցի շուրջ մշտապես հետազոտություններ են իրականացվում: Կարիեսի առաջացման պատճառները կարող են բազմազան լինել, բայց մինչեւ հիմա դրանք ամբողջությամբ ուսումնասիրված չեն: Հավանական է, որ կա նաեւ ժառանգական գործոն։
Ինչպե՞ս բացահայտել կարիեսը վաղ փուլում, որպեսզի գործը չհասնի ատամ հեռացնելուն, եւ միայն ատամները մաքրելու կարիք լինի:
Առաջին հերթին, պետք է հետեւել ատամների հիգիենային: Յուրաքանչյուր ոք պետք է գոնե տարին 2 անգամ այցելի ատմնաբույժի: Հենց մասնագետի խորհրդատվությունը կօգնի վաղ փուլում բացահայտել կարիեսը: Ատամների հետ լուրջ խնդիրներ կարող են առաջանալ, երբ մարդը անլուրջ է վերաբերվում դրանց: Բայց կարիեսը կարելի է կանխարգելել միայն յուրաքանչյուր կես տարին մեկ անգամ բժշկի դիմելով: Խոսքը գնում է կանխարգելման մասին:
Ինչպե՞ս եք վերաբերվում ատամների սպիտակեցմանը: Դուք այն խորհուրդ տալի՞ս եք:
Ատամների սպիտակեցման քիմիական մեթոդները ես խորհուրդ չեմ տալիս: Ատամների քիմիական, լազերային եւ ֆոտո-սպիտակեցումը ամեն դեպքում բացասական են ազդում ատամի կառուցվածքի վրա: Այլ հարց է փառը, որը կարող է առաջանալ գունանյութեր պարունակող հյութերից եւ սննդամթերքից: Թեյը, սուրճը եւ այլ մթերքներն կարող են ատամի գույնի փոփոխության պատճառ դառնալ: Տվյալ դեպքում կիրառվում են մաքրումը եւ փայլեցումը, որոնք այդքան վնասակար չեն:
Ինչ վերաբերում է ատամի մածուկներին, ապա դրանք շատ լավ են մաքրում եւ հեռացնում ատամնափառը:
Այսօր ողջ աշխարհում տարածված երեւույթ է ատամները փայլերով կամ ադամանդներով զարդարելը։ Կա՞ն արդյոք Հայաստանում այդպիսի զարդեր կրելու ցանկացողներ։
Կար մի պահ, երբ հայ աղջիկները նույնպես տարվել էին դրանով: Ատամները քարերով զարդարելու երկու մեթոդ կա: Առաջին մեթոդի ժամանակ զարդը տեղադրվում է օրթոպեդիկ կոնստրուկցիայի մեջ: Երկրորդի ժամանակ՝ զարդը կպցնում են ատամին: Առաջին մեթոդը անցանկալի է առողջ ատամների պարագայում, քանի որ այդ սարքավորումը կարող է փչացնել առողջ ատամը: Երկրորդ մեթոդը վնասակար չէ ատամների եւ էմալի համար: Զարդը կպցվում է սոսնձի միջոցով՝ առանց բնական հյուսվածքին վնասելու: Կարելի է մի քանի ամիս մնալ այսպիսի զարդով, հետո հանել այն: Իսկ թե կարելի է արդյոք թաքցնել ինչ-որ դեֆեկտներ այսպիսի զարդերի միջոցով, պիտի ասեմ, որ դա նպատակահարմար չէ: Դրա համար ատամը ծածկում են կերամիկայի, ֆոսֆորի, պլոմբի, վեների եւ այլ նյութերի միջոցով: Եթե խնդիրը լուրջ է, ապա արդեն դեֆեկտի մակարդակից կախված մասնագետը կառաջարկի բուժման այլ տարբերակներ:
Որ՞ն է ամենատարածված ցավազրկման եղանակը տարբեր ստոմատոլոգիական միջամտություեններից առաջ:
Ամենատարածված եւ արդյունավետ եղանակը ներարկումն է: Գոյություն ունի նաեւ ապլիկացիոն ցավազրկում, որը մասնագետներն օգտագործում են ինչպես երեխաների, այնպես էլ մեծերի բուժման ժամանակ: Այս ապլիկացիոն անզգայացումը ցավազրկում է բերանի խոռոչը, այդ պատճառով այն այդքան էլ արդյունավետ չէ ատամի կամ նյարդի հեռացման ժամանակ:
Ինչպե՞ս է հնարավոր ատամները պլոմբել առանց ներարկումների եւ միեւնույն ժամանակ առանց ցավի:
Դա հոգեբանական պահ է։ Առաջինը, ամեն բան կարելի է շատ զգույշ անել։ Իհարկե, եթե դա խորը կարիես է, ցավը կլինի ամեն դեպքում, եւ անհրաժեշտ է ցավազրկում կատարել։ Բայց եթե խնդիրը այդքան լուրջ չէ, ապա պետք է իմանալ, ինչպես մոտենալ ատամին, չէ՞ որ այն իր հոգեբանությունն ունի։ Եթե հիվանդը շատ նյարդային է, նրան առանց անզգայացման չես բուժի, բայց եթե համապատասխան ձեւով տրամադրվում է, ապա անցավ եւ գերազանց արդյունքն ապահովված է։ Կարծում եմ, շատերին դուր չի գալիս, երբ նրանց ամեն մի մանր գործի համար ներարկում են անում։
Հարկ է նաեւ նշել, որ հայ ատամնաբույժները ավելի ուշադիր են իրենց աշխատանքի եւ հիվանդի նկատմաբ, այն դեպքում, երբ շատ երկրներում ատամնաբույժների համար իրենց աշխատանքը ուղղակի բիզնես է։ Որոշ երկրներում ավելի պրագմատիկ մոտեցում է ստոմատոլոգի աշխատանքին, մեր ատամնաբույժները ավելի էմոցիոնալ մոտեցում ունեն։
Ինչպե՞ս են հեռացվում ատամնաքարերը։
Ատամի վրա առաջացող նստվածքը լինում է փափուկ, այդ դեպքում այն հեռացվում է խոզանակով, եւ կարծր՝ հեռացվում է ստոմատոլոգի կողմից։ Հին եւ փորձված մեթոդը ձեռքով մաքրելն է. այն այժմ կրկին լայն տարածում ունի։ Լայն տարածում ունի եւ Հայաստանում եւ ողջ աշխարհում նաեւ ուլտրաձայնային մեթոդը։ Բոլոր այն ժամանակակից եղանակները, որ օգտագործվում են արտերկրում, կիրառվում են նաեւ Հայաստանում։ Ատամնաքարերի մաքրումը ծածկվում է ապահովագրական ընկերությունների կողմից։
Ոսկին, որ կիրառվում է ատամի փոխարեն, ազնիվ մետաղ է։ Իսկ որքանո՞վ են անվնաս ժամանակակից նյութերը մարդու առողջության համար։
Ատամի եւ ատամնաշարի վերականգման համար այսօր տարբեր նյութեր են օգտագործվում։ Այդ նյութերը մշտապես նորացվում են։ Գիտության նորույթները եւս կիրառվում են ստոմատոլոգիայում, օրինակ, նանոտեխնոլոգիաները։ Նախկինում չկաին մետաղակերամիկան, ցիրկոնը, ճենապակին եւ այլն։ Այժմ աշխատանքեր են տարվում ատամի նյութերը ավելի դիմացկուն դարձնելու համար, եւ նրանց ավելի շատ գունային երանգներ հաղորդելու համար։
Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր շատ են սիրում ուտել։ Ինչպե՞ս նրանք խնայեն իրենց ատամները։
Սնունդի յուրաքանչյուր ընդունումից հետո բերանի խոռոչը հարկավոր է ողողել, որպեսզի այնտեղ չկուտակվեն ուտելիքի մնացորդներ, որոնք բացասաբար են ազդում ատամների վրա։ Իհարկե, պետք չէ մոեռանալ այն մասին, որ ատամները պետք է մաքրել ամեն օր։
Կա՞ն ինչ-որ հատուկ խորհուրդներ, թե ի՞նչ խոզանակ եւ մածուկ է պետք օգտագործել։
Ամեն բան անհատական է։ Միայն մասնագետի զննումից հետո կարելի է որոշել, թե որ խոզանակն ու մածուկն է ամենահարմարը։ Ինչ վերաբերում է մածուկներին, ապա տարբեր համային հավելումներով մածուկները ստեղծված են երեխաների համար, իսկ մեծահասակներին խորհուրդ է տրվում օգտագործել մածուկներ, որոնք պարունակում են անանուխ։ Այն թարմացնում է շնչառությունը եւ իսկապես մաքրում է ատամները։
Ինչ վերաբերում է երեխաներին, եւ ստոմատոլոգները, եւ մածուկների ու խոզանակների արտադրողները մեծ խնամքով են մոտենում այդ հարցին։ Արտադրողները նկարազարդում են խոզանակներն ու մածուկները տարբեր գրավիչ պատկերներով, մուլտ-հերոսներով, որպեսզի փոքրիկների համար ատամների մաքրումը հետաքրքիր լինի։ Այսօր արտադրվում են նաեւ հիգիենայի պարագաներ հատուկ հանվող պրոթեզների համար։
Ի՞նչն այսօր չի բավարարում հայ ստոմատոլոգիային։
Կցանկանայի, որպեսզի այս հարցում պետական մոտեցում լիներ։ Որովհետեւ, ատամնաբույժներից պահանջելուց բացի ինչ-որ բանով պետք է նաեւ նրանց օժանդակել։ Օրինակ, ցանկալի կլիներ, որպեսզի երիտասարդ մասնագետները հնարավորություն ունենային այցելել այս բնագավառում առաջատար երկրները, այնտեղ մասնագիտացում ստանալ։ Այս ամենը կարելի է եւ պետք է իրականացնել պետության աջակցությամբ, ինչը դրականորեն կազդի նաւ երկրի ապագայի վրա։ Ստոմատոլոգիան լավ օրինակ է ծառայում բժշկության այլ բնագավառների համար։ Ստացվում է, որ մեր ատամնաբույժներն այդպիսի բարձունքի են հասել միայն սեփական էնտուզիազմի շնորհիվ։
Անի Լիպարիտյան






