Ցածրահասակությունը կամ ծուռ ոտքերը կարող են մի շարք բարդույթների պատճառ հանդիսանալ: Շատերն են ցանկանում բարելավել իրենց ոտքերի ձևն ու համաչափությունը, սակայն ոչ բոլորն են համարձակվում դիմել վիրահատական միջամտությանը. ոմանք անբավարար տեղեկացվածությունից, ոմանք էլ` ֆինանսական խնդիրների պատճառով: Ժամանակակից վիրաբուժության եւ այն մասին, թե ինչ զոհողություններ է պահանջում գեղեցկությունը, NEWS.am.Medicine –ի թղթակիցը զրուցել է պրոֆեսոր, բ.գ.դ. Արշակ Միրզոյանի հետ:
Բժիշկ Միրզոյան, դուք ոտքերի ուղղման եւ /կամ հասակի ավելացման վիրահատություններ եք կատարում: Ո՞վքեր են ձեր այցելուները` կանայք թե՞ տղամարդիկ, ավելի շատ երիտասարդները թե՞ 40 անց մարդիկ:
Հիմնականում մեր այցելուները 20-40 տարեկան մարդիկ են: Ամենատարեց մեր այցելուն մի տղամարդ էր Վրաստանից, վիրահատության պահին նա 47 տարեկան էր: Նա ավելացրեց հասակը 6 սմ-ով, հետո մենք իմացանք , որ նա ամուսնացել է, ընդ որում առաջին անգամ:
Դուք վիճակագրություն վարու՞մ եք, թե ովքեր են ձեզ ավելի շատ դիմում՝ տղամարդիկ թե կանայք: Ու՞մ է ավելի շատ անհանգստացնում ոտքերի գեղեցկությունը:
Թվաքանակը գրեթե նույնն է, միայն այն տարբերությամբ, որ կանանց ավելի շատ անհանգստացնում է ոտքերի ձևը, իսկ տղամարդկանց` բոյը:
Ի՞նչ տեխնոլոգիաներ են օգտագործվում հասակի ավելացման համար: Օգտագործում եք արդյո՞ք իմպլանտներ:
Ոչ, մենք իմպլանտներ չենք օգտագործում: Օգտագործվում է Իլիզարովի մեթոդը: Որոշակի մեխանիկական պայմաններում բոլոր հյուսվածքները աճելու ունակություն ունեն: Իլիզարովի մեթոդը 20-րդ դարի ամենամեծ գյուտերից մեկն է օրթոպեդիայի բնագավառում: Դա ամբողջ աշխարհում իրագործվում է բազմաթիվ օրթոպեդիկ խնդիրների լուծելու նպատակով: Իսկ եթե հնարավոր է երկարացնել ոտքը տարբեր օրթոպեդիկ խնդիրների լուծման նպատակով, ապա ինչու չօգտագործել այս մեթոդը էսթետիկ վիրաբուժությունում՝ հոգեբանական ապրումներից ձերբազատվելու համար: Մեր բուժումից հետո մարդու օրգանիզմում ոչ մի օտարածին մարմին չի մնում, դա նորաստեղծ հյուսվածք է եւ նորաստեղծ ոսկոր:
Ինչքա՞ն ժամանակ է պահանջվում հասակի ավելացման համար, եւ որքա՞ն է տևում վերականգնողական շրջանը:
Ժամանակահատվածը կախված է, թե որքան է ցանականում այցելուն ավելացնել հասակը՝ օրինակ 3 թե 13 սմ-ով: Ոսկորը օրական երկարում է 1-2 մմ-ով: Յուրաքանչյուր սանտիմետրի համար պահանջվում է մոտ 20 օր, որպեսզի նորաստեղծ ոսկորը ձեռք բերի անհրաժեշտ մեխանիկական հատկանիշներ, որից հետո միայն ապարատը կարելի է հանել: Ոտքերի երկարացման եւ ֆիքսացիայի ընթացքում այցելուն քայլում է եւ զբաղվում է բուժական ֆիզկուլտուրայով:
Վիրահատությունից հետո ինչքա՞ն ժամանակ է այցելուն գտնվում բժշկի հսկողության տակ: Ի՞նչ հետվիրահատական միջամտություններ են անհրաժեշտ:
Մենք համախմբված թիմ ունենք, եւ ամեն ոք գիտի իր գործը: Այցելուն մշտապես գտնվում է բուժանձնակազմի հսկողության տակ (բժիշկների, քույրերի, ֆիզիոթերապևտի):Առաջին քայլերը արվում են վիրահատությունից հետո առաջին օրը, իսկ 3-7 օրից այցելուները դուրս են գրվում ամբուլատոր բուժման: Արտասահմանցի այցելուները բնակվում են մեր կողմից վարձակալած բնակարաններում, որտեղ նրանք ևս գտնվում են մշտական հսկողության տակ: Ժամանակ առ ժամանակ այցելուները գալիս են ռենտգեն հետազոտության՝ ոսկորի աճը ստուգելու համար: Մնացած գործողությունները՝ սարքի ապամոնտաժը, վիրակապությունները, կատարվում են տան պայմաններում:
Իսկ ե՞րբ այցելուները կարող են վերադառնալ իրենց առօրյա գործունեությանը, աշխատել, քայլել եւ այլն:
Ապարատը հանելուց հետո, մենք մոտ մեկ ամիս խորհուրդ ենք տալիս այցելուներին զգույշ լինել, քանի որ նորաստեղծ ոսկորի համար որոշակի ժամանակ է անհրաժեշտ վերակառուցվելու եւ անհրաժեշտ մեխանիկական հատկանիշներ ձեռք բերելու համար: Հետագայում ոչ մի սահմանափակումներ չկան, կարելի է սպորտով զբաղվել, անգամ թռչել պառաշյուտով, եթե ցանկանում են: Այսինքն, հավանականությունը, որ այդ ոսկորը կկոտրվի, նույնն է, ինչ-որ չվիրահատված ոսկորի դեպքում: Մոտավորապես 2 ամիս է անհրաժեշտ, որպեսզի լիովին վերականգնվի հոդերի շարժունակությունը, կարգավորվի քայլվածքը եւ մարդ վերադառնա իր սովորական առօրյա կյանքին:
Որքանո՞վ է զարգացած այս ոլորտը Հայաստանում: Որո՞նք են զարգացման տենդենցները եւ հեռանկարները: Որո՞նք են ձեր կարծիքով առկա խնդիրները, միգուցե նոր տեխնոլոգիաներ են անհրաժեշտ:
Կարելի է ասել, որ այս ոլորտը բավականին զարգացած է Հայաստանում, հակառակ դեպքում մեզ չէին դիմի այցելուներ զարգացած երկրներից: Իհարկե, աշխարհը չի դոփում տեղում: Մենք փոձում ենք հնարավորինս հաճախ մասնակցել միջազգային ֆորումների եւ մեզ հետ նորամուծություններ բերել: Շուտով կսկսենք այլ մեթոդով կատարել վիրահատությունները՝ օգտագործելով ոչ թե արտաքին ֆիքսացիայի ապարատը, այլ ինքնաերկարող մեխերը: Ներկայումս, իհարկե, դա շատ թանկ վիրահատություն է եւ կատարվում է Եվրոպայի հատուկենտ երկրներում եւ Ամերիկայում: Բայց յուրաքանչյուր նոր բան սկզբում լինում է թանկ եւ քիչ հասանելի, իսկ հետագայում ե՛ւ հասարակությունն է հարմարվում գներին, ե՛ւ վիրահատություներն են դառնում ավելի մատչելի: Երբ այս վիրահատությունները դառնան Հայաստանի բնակչի գրպանին հարմար, մենք կբերենք այդ նոր տեխնոլոգիաները:
Այժմ մենք մոտեցանք պոտենցիալ այցելուներին ամենաշատը հուզող հարցին, ի՞նչ արժե այս վիրահատությունը: Ասում են , այն բավակնին թանկ է:
Գինը կախված է երկարացման չափից: Ինչքան շատ է երկարացվում վերջույթը, այնքան ավելի շատ է աշխատանքը: Ես կարող եմ միայն ասել, որ սա էժան չէ, քանի որ ընթացքն երկարատև է և աշխատատար: Սկզբից մինչեւ վերջ այցելուի հետ աշխատում է մի ամբողջ թիմ: Մեզ մոտ գնի եւ որակի հարաբերակցությունը մրցունակներից մեկն է, մեզ դիմում են աշխարհի այնպիսի երկրներից, ինչպիսին են Ռուսաստանը, Վրաստանը, Ճապոնիան, Մերձավոր Արեւելքի երկրները և այլն:
Ռուսաստանում, օրինակ, այս վիրահատության համար վճարում են 5000-ից 10 000 դոլար: Դա նորմա՞լ գին է:
Դա թանկ չէ նման վիրահատության եւ ընդհանուր առմամբ նման միջամտության համար: Մեզ մոտ մոտավորապես նմանատիպ գներ են:
Երևանի Պետական Բժշկական համալսարանում ուսանու՞մ են ձեր մասնագիտությունը, թե անհրաժեշտ է որակավորում ստանալ արտասահմանում:
Հայաստանում դասավանդվում է Իլիզարովի ապարատի օգտագործումը միայն օրթոպեդիայի բնագավառում: Ինչքանով ինձ հայտնի է, այս մեթոդի կիրառումը էսթետիկ վիրաբուժությունում չի դասավանդվում: Դա բավակին նեղ մասնագիտացում է, իսկ այստեղ դեռ նման մասնագետների մեծ պահաջարկ չկա:
Դուք մանրամասն տեղեկացնում ե՞ք Ձեր այցելուներին սպասվող վիրահատության մասին:
Անշուշտ, այցելուները պետք է լինեն լիարժեք տեղեկացված սպասվող վիրահատության մասին՝ հետվիրահատական ցավերի ինտենսիվության, պրոցեսի երկարատեւության, բուժական ֆիզկուլտուրայով զբաղվելու ժամանակ անհարմարավետության եւ հնարավոր այլ մանրուքների մասին: Հաճախ մենք կազմակերպում ենք հանդիպումներ հին և նոր այցելուների միջև, քանզի նրանք, ովքեր արդեն կատարել են նմանատիպ վիրահատություն, կարողանում են ավելի ճիշտ ներկայացնել ողջ ընթացքը: Որպես կանոն, դա թողնում է ավելի մեծ հոգեթերապեւտիկ ազդեցություն եւ խթան է հանդիսանում այցելուի մոտիվացիայի համար:
Վիրահատությունը կատարվում է ընդհանուր անզգայացմա՞մբ: Անզգայացման ո՞ր ձեւն է կիրառվում:
Որպես կանոն, ողնուղեղային անզգայացումն է: Դա որոշում է անեսթեզիոլոգը այցելուի հետ միասին:
Կա՞ն արդյոք տարիքային սահմանափակումներ:
Վիրահատությունը կարելի է կատարել միայն կմախքի ձեւավորումից հետո, այսինքն միայն ոսկրերի աճի զոնաների ֆիզիոլոգիական փակումից հետո: Չի կարելի շտապողականություն ցուցաբերել, երբեմն ուշ զարգացման պատճառով ոսկրերի աճը շարունակվում է մինչեւ 20 տարեկան, բայց դա լինում է հազվադեպ: Այս վիրահատության համար վերին տարիքային սահմանափակում չկա:
Բացի հասակի ավելացումից, Դուք կատարում ե՞ք նաեւ ծուռ ոտքերի շտկում:
Ի՛հարկե: Հոգեբանությանը վերաբերող տարբեր լուրջ աշխատանքներում կան բազմաթիվ տվյալներ այն մասին, թե ինչ ազդեցություն է թողնում ոտքերի ձեւը եւ հասակը մարդու ինքնարժեքի և ներանձնային հանգստության վրա: Ես դա ասում եմ ոչ միայն որպես բժիշկ: Բացի հոգեբանական դիսկոմֆորտից, «Օ» – ձեւ դեֆորմացիան հետագայում հանդիսանում է արթրոզի առաջացման պատճառ, քանի որ բիոմեխանիկական առանցքը խախտված է, մարմնի ծանրությունը բաշխվում է ոչ հավասարաչափ: Հետևաբար այս վիրահատությունը ոչ միայն վերականգնում է հոգեբանական կոմֆորտը, այլ նաեւ կանխարգելում է ապագայում ծնկահոդերի արթրոզի զարգացմանը:
Մեր այցելուներից մեկը, Ռուսաստանի Սեւծովյան ափից մի աղջիկ, ոտքերը ուղղելուց հետո այնքան լավ էր իրեն զգացել լողափին, որ արեւահարվել էր: Նրա խոսքով, ծովը միշտ այնքան մոտ է եղել, մեկ-երկու քայլ հեռավորության վրա, բայց իր ծուռ ոտքերի պատճառով նա իրեն թույլ չէր տալիս գնալ լողափ: Մինչդեռ ունենալով նոր, գեղեցիկ, սլացիկ ոտքեր՝ նա ուղղակի այնքան երկար էր մնացել արեւի տակ, որ արեւահարվել էր:
Ինչպես նշվեց, բացի տեղացի այցելուներից, մեզ մոտ են գալիս այլ երկրներից և ամիսներով ապրում: Գուցե դա մեծ գումար չէ, բայց երկիրը, կարելի է ասել, օդից գումար է ստանում: Հենց սա է բժշկական տուրիզմ ասվածը, որը բավականին զարգացած է շատ երկրներում:
Ինչպիսի՞ սահմանափակումներ կան: Ու՞մ չի կարելի կատարել նման վիրահատություններ: Որպես բժիշկ ու՞մ դուք ետ տուն կուղարկեք:
Առաջին հերթին այցելուն պետք է լինի սոմատիկ առողջ և աճը ֆիզիոլոգիապես ավարտված: Շատ կարեւոր է նաեւ պարզել այցելուի մոտիվացիան, թե ինչքանով է նա իրեն ոչ լիարժեք զգում ոտքերի ձևի կամ հասակի պատճառով: Երբեմն գալիս են չափանիշներին համապատասխան մարդիկ, ովքեր իրենց կարծիքով ունեն տգեղ ոտքեր: Այս դեպքերում մենք նրանց ուղղորդում ենք հոգեբանի մոտ:
Դուք զբաղվու՞մ եք բարեգործությամբ: Չէ որ կան մարդիկ, ովքեր ձեր օգնության կարիքն ունեն, բայց չունեն բավարար ֆինանսական միջոցներ:
Մենք զբաղվում ենք բարեգործությամբ միայն օրթոպեդիկ հիվանդությունների ժամանակ, ինքներս ենք գտնում միջոցներ սոցիալապես անապահով ընտանիքների համար եւ նրանց բուժումը իրականացվում է բացարձակապես անվճար, բայց էսթետիկ վիրաբուժությունը այս ոլորտի մեջ չի մտնում:
Բավականին բովանդակալից զրույցն ավարտվեց դրական նոտայի վրա: Իսկ հարցին, թե կա՞ն արդյոք Հայաստանում այնպիսի երիտասարդ բժիշկներ, ում կարելի է վստահել նմանատիպ վիրահատություններ, բժիշկ Միրզոյանը պատասխանեց, որ կան այդպիսինները եւ որ նրանք այժմ աշխատում են իր հետ: Բայց խնդիրը միայն բժշկի հմտությունը չէ, հիվանդները վստահում են մեծ փորձ եւ հեղինակություն ունեցող բժիշկներին: Իսկ տեխնիկապես բժիշկները ամեն ինչն անում են բարձր մակարդակով: Այդ առումով բժիշկը բացարձակապես վստահում է իր հետևորդներին և վստահ է, որ նրանք կարող են անել այդ վիրահատությունները ոչ պակաս քան ինքը:
Զրուցեց Անի Լիպարիտյանը

«Նայե´ք. նստատեղից մինչեւ ուսը, նստատեղից մինչեւ ունկը, ծնկից սրունքով ներքեւ եւ թաթի հետ միասին կազմում է հավասարասրուն եռանկյունի: Եթե ծունկը չի հասնում ուսի մակարդակին, ապա որոշակի ստանդարտների համաձայն, դա համարվում է մարմնի երկարության եւ ստորին վերջույթների ոչ համաչափ փոխհարաբերություն, ինչը բավականին հաճախ է հանդիպում: Այս աղջկան մենք մոտեցրել ենք այդ ստանդարտին՝ նրա ազդրերը և սրունքները 11 սմ երկարացնելով: Իմ կարծիքով սա գեղեցիկ է», - ասում է բժիշկը։








