Ժամանակակից գենետիկ հետազոտությունները ցույց են տվել, որ կրծքագեղձի քաղցկեղը ուղղակի ինչ-որ աստիճանի քաղցկեղ չէ, այն ունի տարբեր կենսաբանական ենթատիպեր։ Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց Հայաստանի ուռուցքաբանների ասոցիացիայի նախագահ Գրիգոր Բադալյանը, ներկայացնելով փետրվարի 7-ին կայացած ուռուցքաբանների հերթական սեմինարի թեման։

«Եթե 5-6 տարի առաջ որոշակի գործեոններ հաշվի առնելով նշանակվում էին բուժման ընդհանուր սխեմաներ, ապա այսօր այ ձեւերի թիվը զգալիորեն ավելացել է, եւ պետք է կողմնորոշվել, թե ում ինչ բուժում է հարկավոր, չէ՞ որ չի կարելի հիվանդին կիսատ բուժել կամ չափից շատ բուժել», - ասաց նա։

Կրծքագեղձի բուժման ժամանակակից մեթոդների մանրամասները քննարկվեցին այս սեմինար-կլոր սեղանի ժամանակ, որը կազմակերպել էր Հայաստանի ուռուցքաբանների ասոցիացիան։ Այն նվիրված էր ադյուվանտային քիմիոթերապիային՝ լրացուցիչ բուժմանը, որը կիրառվում է վիրահատական միջամտությունից հետո։  Միջազգային համաժողովներին մասնակցած մասնագետները մյուս մասնակիցներին ներկայացրեցին ոլորտի վերջին նորույթները։ Հետո բանավեճի բռնվեցին։

«Դա իսկական կլոր սեղան էր, ամեն մեկն իր կարծիքն էր հայտնում, հենց դա է մերձեցնում գիտնականներին։ Ճշմարտությունը ծնվում է վեճի ժամանակ», - ասաց Գ. Բադալյանը, իսկ հարցին, թե որն է ճշմարտությունը, նշեց, որ կրծքագեղձի բուժման մեթոդները  տարեց տարի ավելի բազմազան են դառնում, ու դրա հետ մեկտեղ աճում է նաեւ բուժված կանանց թիվը։

Կլոր սեղանին ներկա Հայաստանի Ուռուցքաբանական ազգային կենտրոնի ղեկավար Հայրապետ Գալստյանը նշեց, որ գնալով ամեն բան ավելի է բարդանում։  «Եթե առաջ մենք ստանդարտ սխեմաներ ունեինք, ապա այսօր շատ են ուղղակի խորհուրդ տրվող մեթոդները, որոնք անիրականանալի են մեր սոցիալական պայմաններում։ Մեկ հիվանդին տրվող 60 000 դրամով հնարավոր չէ նոր սերնդի դեղորայք գնել, գուցե միայն  ֆիզլուծույթ։ Նոր սխեմաները հնարավոր չէ իրականացնել հին միջոցներով։ Տվեք մեզ դեղորայք, եւ մենք շուռ կտանք աշխարհը», -ասաց նա։