Տխրահռչակ BRCA գենով պայմանավորված կրծքի քաղցկեղի ախտորոշմամբ կանանց այն հաղթահարելու առավել մեծ հնարավորություն է տալիս երկու կրծքերի հեռացումը` մեկի փոխարեն: Այսպիսին են նոր հետազոտության տվյալները։
BRCA գենի մուտացիայով պայմանավորված կրծքի քաղցկեղի վաղ փուլում երկակի մաստէկտոմիայի ենթարկված 100 կանանցից 87-ը դեռ 20 տարի կապրեն: Մեկ կրծքի հեռացման դեպքում այդ թիվը 100-ից 66 է` ըստ British Medical Journal (BMJ) հանդեսում հրապարակված հոդվածի:
«Մենք եկել ենք այն եզրակացության, որ երկակի մաստէկտոմիան նպատակահարմար է որպես նախնական բուժման միջոց կրծքի քաղցկեղի վաղ փուլում գտնվող կանանց համար, ովքեր BRCA1 կամ BRCA2 մուտացիայի կրող են»,- գրում են հեղինակները:
Մաստէկտոմիայի խնդիրը քննարկվեց անցյալ տարի, երբ հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին հայտարարեց, որ վիրահատական եղանակով հեռացրել է իր երկու կուրծքը` որպես կանխարգելիչ միջոց, երբ թեստերը ցույց են տվել, որ նա BRCA մուտացիայի կրող է: Նրա մոտ հիվանդություն չէր ախտորոշվել:
Դրանից մի տարի առաջ նույնը արել էր նաև ռոքեր Օզի Օսբորնի կինը` Շերոնը, հաղորդում է Newsmax Health-ը։
Խնդրի ուսումնասիրման համար հետազոտողները Կանադայում և ԱՄՆ-ում համեմատել են կրծքի քաղցկեղի վաղ փուլում գտնվող 390 կանանց ապրելունակությունը 1975-2009թթ.:
Նրանք բոլորը BRCA1 կամ BRCA2 գեների կրող (կամ հնարավոր կրող) են եղել:
Խմբից 79 կին մահացել են նշված դիտարկման ժամանակամիջոցում: Նրանցից 18-ը երկակի մաստէկտոմիա էր կատարել, իսկ 61-ը` մի կրծքի:
«Երկու կրծքի հեռացումը զուգակցվում է կրծքի քաղցկեղից մահացության զգալի (48 %) նվազումով»,- ասվում է հոդվածում:






