Եթե 10 տարի առաջ քաղցկեղով հիվանդ կինը գրեթե հաստատ զրկվում էր հիվանդ օրգանից, հիմա արդեն հիվանդ օրգանները գործնականում չեն հեռացվում: Այս մասին փետրվարի 27-ին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց գերմանացի գինեկոլոգ Յոահիմ Կոխը: Ըստ բժշկի՝ այսօր կան շատ նոր մեթոդներ եւ տեխնոլոգիաներ, որոնք օգնում են բավական արագ հայտնաբերել արգանդի եւ կրծքագեղձի քաղցկեղը եւ կանխել դրա զարգացումը կամ այն բուժել շատ վաղ փուլում:

«Իմ այցի հիմնական նպատակն է՝ Հայաստան բերել բժշկական գիտելիքները եւ հմտությունները, որոնք մենք ունենք Գերմանիայում,- ասել է նա:- Ըստ վիճակագրության՝ արգանդի եւ կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների թիվը վերջին ժամանակներն աճում է, սակայն Գերմանիայում կան այս խնդրի շատ նոր լուծումներ»:

Բժիշկը դեռ չի հանդիպել հայ գինեկոլոգների հետ, սակայն նշեց, որ ուզում է նրանց փոխանցել քաղցկեղի գինեկոլոգիական տիպերի բուժման իր փորձը, քանի որ հայ հիվանդների մեծ մասը կբուժվի հենց այստեղ՝ Հայաստանում:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Յոահիմ Կոխը նշեց, որ իր կարծիքով՝ առաջիկա 3 օրվա ընթացքում կկարողանա ընդունել մոտ 60-80 հիվանդի: Խորհրդատվությունը կարժենա 50 000 դրամ, իսկ ուլտրաձայնային հետազոտությունը կարվի անվաճար: