• Latest news

Քվինսլենդի առողջապահության նախարարն աջակցում է երիտասարդության շրջանում ծխելը խստորեն արգելելու գաղափարին

17 մայիսի, 2016  20:04

Ավստրալական Քվինսլենդի նահանգում կարող են ծխելու ցմահ արգելք մտցնել բոլոր նրանց համար, ովքեր ծնվել են 2001-ից հետո: Նման առաջարկով են հանդես եկել տեղի Քաղցկեղի խորհրդի անդամները, իսկ առողջապահության շրջանային նախարար Քեմերոն Դիկն իր հերթին հայտնել է, որ հավանություն է տալիս այդ նախաձեռնությանը: 

Սակայն նախարարի խոսքով, նման արգելքով օրենք մտցնելը դեռ վաղ է, անհրաժեշտ է նախ նայել, թե ինչ արդյունքների կհանգեցնեն վերջերս ընդունված օրենքները, որոնց նպատակն է նվազեցնել բնակչության շրջանում ծխելու տարածումը: 

Ներկայումս ծխելու նկատմամբ Ավստրալիայի քաղաքականությունը բավականին խիստ է:  2012-ից Ավստրալիայում ծխախոտի միասնականացված փաթեթավորում է ներմուծվել, որի մեծ մասը զբաղեցնում են պատկերազարդ  զգուշացումներն այն մասին, որ ծխելը վտանգավոր է առողջության համար: Փաթեթի մնացած մասը շագանակագույն է ներկված, ոչ մի լոգոտիպ կամ գովազդային նյութ չկա: Ծխախոտի ապրանքանիշը նշվում է փոքր շրիֆտով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները դեռեւս  2013-ին նշել էին նման միջոցների արդյունավետությունը:  

Բացի այդ, Քվինսլենդում վերջերս արգելել են ծխելը հանրային վայրերում, ավտոբուսների եւ տաքսիների կանգառներում, մանկական ցանկացած հաստատության, այգիների կողքին, ինչպես նաեւ ծերանոցների (բացառությամբ հատուկ նախատեսված վայրերի): Հակածխախոտային օրենքների շնորհիվ, առողջապահության նախարարության տեղեկություններով, նահանգում ծխողների թիվը կրկնակի նվազել է   (30 տոկոսից մինչեւ 15 տոկոս) վերջին 15 տարվա ընթացքում:

Քաղցկեղի խորհրդի ղեկավար պրոֆեսոր Ջեֆֆ Դաննը հայտնել է, որ երիտասարդությանը ծխելը ցմահ արգելելը կնշանակի, որ այն երեխաներին, որոնք այժմ 15  եւ ավելի փոքր տարեկան են, երբեք չի թույլատրվի օրինականորեն ծխախոտ օգտագործել. դա, նրա կարծիքով, սահուն քայլ է  «ծխելու պատուհասը» արմատախիլ անելու ուղղությամբ:

«Մի բան հաստատ հայտնի է. մեր այսօրվա ձախողումը վաղը ծխախոտից առաջացած հիվանդությունների տեսքով բեռի նման կընկնի մեր երեխաների վրա», — հավելել է նա:

Քեմերոն Դիքն աջակցել է Քաղցկեղի խորհրդի առաջարկին, բայց նշել է, որ այս հարցում չարժե շտապել: Նրա կարծիքով, նախ պետք է գնահատել նոր հակածխախոտային օրենքների արդյունավետությունը եւ պարզել, թե ինչ դժվարություններ կարող են ի հայտ գալ նախաձեռնության իրականացման գործընթացում, օրինակ` զբոսաշրջության սեգմենտում: Նա նաեւ հավելել է, որ Ավստրալիայում ծխելը գնալով ավելի քիչ հավանության է արժանանում հասարակության կողմից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է