Մոցարտի եւ Շտրաուսի երաժշտությունը կարող է իջեցնել զարկերակային ճնշումը եւ բարելավել սրտի աշխատանքը ճիշտ այնպես, ինչպես սննդակարգում աղի կրճատումը եւ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Իսկ ABBA-ի երգերը ոչ մի ազդեցություն չեն գործում ճնշման եւ սրտի աշխատանքի վրա: Այդ մասին հայտնում են գերմանացի գիտնականները, որոնք հետաքրքրաշարժ հետազոտություն են անցկացրել:
Նրանք 60 կամավորի խմբի լսել են տվել Մոցարտի № 40 սիմֆոնիան, Յոհան Շտրաուսի վալսերը եւ շվեդական АВВА քառյակի երգերը` միաժամանակ չափելով զարկերակային ճնշումը փորձարկումից առաջ եւ հետո: Պարզվել է, որ Մոցարտի երաժշտությունը սնդիկի սանդղակի 4,7 մմ-ով իջեցնում է սիստոլային ճնշումը, Շտրաուսի վալսերը` 3,7, իսկ շվեդական խմբի երաժշտությունը ոչ մի ազդեցություն չի գործել: Ինչ վերաբերում է դիաստոլային զարկերակային ճնշմանը, Մոցարտի երաժշտությունն օգնել է այն նվազեցնել սնդիկի սանդղակի 2,1 մմ-ով, իսկ Շտրաուսինը` 2,9:
«Մարդկությանը դարերով հայտնի է եղել, որ երաժշտությունն ազդում է մեր առողջության եւ հոգեկան վիճակի վրա,-ասել է հետազոտության հեղինակ Հանս-Յոախիմ Տրապպեն Ռուրի համալսարանից: Հին ժամանակներում երաժշտությունը բարելավում էր Հունաստանում օլիմպիական խաղերի մասնակիցների մարզական ցուցանիշները: Մեր հետազոտության ընթացքում դասական երաժշտությունը հանգեցրել է զարկերակային ճնշման եւ սրտխփոցի ռիթմի նվազման: Եվ այդ ցուցանիշներն ակնհայտորեն ձեռք էին բերվել Մոցարտի եւ Շտրաուսի հաշվին: Իսկ АВВА խմբի երաժշտությունը ոչ մի ազդեցություն չի գործել ճնշման եւ սրտի ռիթմի վրա: Դա գուցե բացատրվում է հուզական գործոններով, բայց մյուս կողմից շվեդական խումբը ոչ միայն երաժշտություն է երգում, այլեւ բառեր, եւ այդ բառերը կարող էին բացասական դեր կատարել»:
Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ ռիթմիկ վարժությունները, ինչպես օրինակ հեծանիվ քշելը, վազքը կամ քայլքը նույնպես արդյունավետորեն նվազեցնում են զարկերակային ճնշումը: Բացի այդ, եթե ամենօրյա սննդակարգում 6 գ-ով կրճատվի աղի քանակությունը, սիստոլային ճնշումը կիջնի սնդիկի սանդղակի 4 -7 մմ-ով:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր