Տագնապային խանգարումով տառապող տղամարդիկ երկու անգամ ավելի հաճախ են մահանում քաղցկեղից, քան հանգիստ տղամարդիկ: Այդ մասին հայտնում են Քեմբրիջի համալսարանի գիտնականները:
15 տարվա ընթացքում գրեթե 16 000 մարդու առողջության դիտարկումները ցույց են տվել, որ ուղիղ կապ գոյություն ունի քաղցկեղով տղամարդու հուզական վիճակի եւ քաղցկեղի բուժման հաջողության միջեւ: Ավելին, հոգեբանական գործոնն ազդում է կանխատեսման վրա, անկախ այնպիսի գործոններից, ինչպիսին է ծխելը, ալկոհոլի օգտագործումը եւ ֆիզիկական ակտիվությունը: Հետաքրքիր է սակայն, որ կանանց մոտ նման կապ չի հայտնաբերվել:
Բրիտանացի գիտնականներն այժմ ուռուցքաբաններին կոչ են անում քաղցկեղի հետ միասին բուժել տագնապային խանգարումը, որովհետեւ այն առողջության համար էական ռիսկ է պարունակում եւ ազդում է առողջացման շանսերի վրա:
Գիտնականների խոսքով, համընդհանուր տագնապային խանգարումով տառապում է մեր մոլորակի չափահաս բնակչության մոտավորապես 5 տոկոսը. այն բնութագրվում է ավելորդ եւ անվերահսկելի անհանգստությամբ կյանքի ամենատարբեր ոլորտների վերաբերյալ: Չնայած հետազոտողները չեն ապացուցել, թե տագնապալի խանգարումը բարձրացնում է քաղցկեղի ռիսկը, նրանց ստացած արդյունքները հաստատում են այն ենթադրությունը, որ հոգեբանական սթրեսը թուլացնում է իմունային համակարգը եւ դրանով նվազեցնում է առողջացման շանսերը, եթե քաղցկեղ արդեն կա:
Գիտնականներն առայժմ չեն կարող բացատրել, թե ինչու է տագնապային խանգարման եւ ապրելիության միջեւ կապ դիտարկվում միայն տղամարդկանց մոտ, բայց ոչ կանանց: Հետազոտության հեղինակները ենթադրել են, որ կանայք ավելի հաճախ են մասնագիտական օգնության դիմում տագնապալի խանգարման բուժման համար, իսկ տղամարդիկ նախընտրում են սպասել եւ փորձում են սեփական ուժերով հաղթահարել դա: Գուցե իր դերն է խաղում նաեւ այն, որ կանայք ավելի հաճախ են գնում բժշկի, ինչի շնորհիվ հաջողվում է նրանց մոտ ավելի վաղ հայտնաբերել քաղցկեղը եւ դա մեծացնում է հաջող բուժման նրանց շանսերը, անկախ նրանց հոգեբանական վիճակից:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր