• Latest news

Ովքե՞ր էին իրականում վամպիրները, գայլամարդիկ եւ զոմբիները

1 նոյեմբերի, 2016  11:58

Բոլորս լսել ենք արեւի լույսը չհանդուրժող վամպիրների, լիալուսնի ժամանակ իրենց մարդկային կերպարը կորցնող բրդոտ գայլամարդկանց եւ կենդանի հանգուցյալների՝ զոմբիների մասին պատմությունները: Շատերին, իհարկե, այդ հերոսները հորինվածք են թվում, սակայն բացառված չէ, որ նրանց մասին առասպելներում հետաքրքրաշարժ ճշմարտություն է թաքնվում. հնարավոր է՝ այդ հերոսներն իրականում գոյություն են ունեցել՝ ճիշտ է, մեծ չարիքի հետ հազիվ թե ինչ-որ կապ ունենային, նրանց վիճակի պատճառն ավելի շուտ հիվանդություններն են եղել:

Գայլամարդիկ

Լեգենդար գայլամարդիկ իրականում ավելի շուտ տառապել են հիպերտրիխոզով: Սա հորմոնալ լուրջ խանգարումներով պայմանավորված հիվանդություն է եւ կարող է ի ծնե լինել կամ ձեռք բերովի: Հիպերտրիխոզով տառապող հիվանդի ինչպես մարմնին, այնպես էլ դեմքին խիտ, երկար մազեր են աճում, իսկ ի ծնե լինելու դեպքում հիվանդությունը կարող է էպիլեպսիայով, մտավոր զարգացման դանդաղմամբ եւ այլ խանգարումներով ուղեկցվել:

Պատմական վկայությունների համաձայն՝ հիպերտրիխոզով հիվանդացել են նաեւ միջնադարում, եւ այդ հիվանդությունը հաճախ օգտագործել են զվարճանքների ինդուստրիայում՝ «գայլամարդկանց» փողով ցուցադրելով: XIX դարում իր հիվանդության պատճառով հանրահայտ է դարձել մեքսիկուհի Յուլյա Պաստրանան, որն աշխատել է ամերիկյան կրկեսում: Ազդագրերում նրան անվանում էին «կապիկ-կին», նրան շարունակում էին ցուցադրել նույնիսկ մահից հետո. նրա մարմինը բալզամավորել էին: Կինն, ի դեպ, մահացել է ծննդաբերելուց հետո՝ նրա երեխան եւս հիպերտրիխոզով էր հիվանդ եւ ընդամենը 3 օր ապրեց, իսկ շուտով մահացավ նաեւ նա: Յուլյային հուղարկավորել են 2013 թվականին:

Վամպիրներ

Սա եւս մեկ հիվանդություն է՝ պորֆիրիա, «վամպիրների հիվանդություն», որն իր հետքն է թողել հեքիաթներում եւ առասպելներում: Սա գենետիկական խանգարում է, որը պայմանավորված է արյան մեջ պորֆիրինի գերավելցուկով, որը կարեւոր դերակատարում ունի հեմոգլոբինի սինթեզում: Ծանրությունից կախված՝ հիվանդությունը կարող է տարբեր կերպ դրսեւորվել, սակայն պորֆիրիայով հիվանդներն առավել հաճախ չեն կարողանում արեւի լույսի տակ գտնվել, քանի որ նրանց մաշկը չի հանդուրժում արեւի ճառագայթները:

Դրանից զատ, հիվանդների մեզը կարմիր է կամ ծիրանագույն, իսկ լնդերը կարող են ձեւախեղվել, ինչի հետեւանքով ատամները մերկանում են, որոնք կարելի է ընկալել որպես «վամպիրների» ատամներ: Եթե հավելենք նաեւ նյարդային համակարգի խանգարման ախտանշանները (զառանցանք, հալուցինացիաներ, տարօրինակ պահվածք՝ ընդհուպ ագրեսիա եւ նոպաներ), ընդհանուր նկարագրությունը միանգամայն համընկնում է միջնադարյան վամպիրներին: Ի դեպ, պորֆիրիայով հիվանդներն ամեն դեպքում թռչելու ունակ չէին, նաեւ չղջիկների վերափոխվելու, դե իսկ գերմարդկային ուժով օժտելով՝ նրանց ակնհայտորեն սիրաշահել են:

Զոմբիներ

Ինչ վերաբերում է զոմբիներին՝ պետք է հիշել Կոտարի ախտանիշի մասին: Դա ծայրահեղ հազվադեպ հոգեկան խանգարում է, որի հետեւանքով հիվանդներն իրենց հանցագործ են համարում՝ մեղավոր աշխարհի բոլոր դժբախտությունների համար, իսկ որոշ դեպքերում նրանց թվում է, որ բացակայում են մարմնի ինչ-որ հատվածները կամ՝ որ իրենք վաղուց մահացել են եւ այժմ քայլող դիակների նման մի բան են: Հայտնի է, որ Կոտարի ախտանիշով տառապող մի երիտասարդ կին այնքան համոզված էր, որ վաղուց մահացել է, որ սնվելու անհրաժեշտություն չէր տեսնում: Արդյունքում նա սովից մահացավ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել