• Latest news

Կանայք միշտ եւ ամենուր տղամարդկանցից երկար են ապրում

26 նոյեմբերի, 2016  17:48

Հայտնի է, որ կանայք տղամարդկանցից երկար են ապրում: Սակայն բնական հարցեր են առաջանում՝ այդպիսի տարբերությունն ամենո՞ւր է եւ ինչպիսի՞ վիճակ էր անցյալում: Վերջերս Proceedings of the National Academy of Sciences ամսագրում հրապարակված հոդվածում նշված է, որ տղամարդկանց եւ կանանց կյանքի տեւողության միջեւ տարբերությունը միշտ եւ ամենուր է եղել:

Իրականում հետազոտողների նպատակն ավելի ընդարձակ էր, նրանց հետաքրքրում էր, թե մարդկանց միջեւ ընդհանրապես ինչպես են առաջանում երկարակեցների պոպուլյացիաները եւ դա ինչպես է փոխկապակցված մեր տեսակի էվոլյուցիոն պատմության հետ: Վերլուծության համար օգտագործվել է մարդկանց 6 խմբերում մահացության վիճակագրությունը: Առաջին երեքը շվեդներ էին, որոնք մահացել էին 2000-ից մինչեւ 2009 թվականները, ինչպես նաեւ 1751-ից մինչեւ 1759 թվականները, եւ ճապոնացիներ, որոնք մահացել էին 2012 թվականին (Շվեդիան եւ Ճապոնիան ընդհանևրապես համարվում են երկարակեցների երկրներ):

Երկրորդ երեք խմբերում ընդգրկված էին Տանզանիայի խաձա եւ Պարագվայի աչե ցեղերը, ինչպես նաեւ ազատված սեւամորթ ստրուկները, որոնք 1820 եւ 1843 թվականների միջակայքում ԱՄՆ-ից Լիբերիա էին տեղափոխվել: Դրանից զատ, համեմատության համար ժամանակակից տվյալներ են հավաքվել մարդկանց եւս 16 խմբերում, որոնք մի քանի երկրներ են ներկայացրել՝ ներառյալ Հնդկաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը եւ այլն:

Ինչ վերաբերում է կաթնասունների մյուս բարձրակարգ տեսակներին, ապա վերլուծության համար վերցվել են 6 վայրի պոպուլյացիաների տվյալներ՝ սիֆակ, սարդակերպ կապիկներ, կապուցիններ, գորիլաներ, շիմպազեներ եւ շնակապիկներ, կապիկների յուրաքանչյուր պոպուլյացիան կազմված էր 400-ից մինչեւ 1500 առանձնյակից:

Արդյունքում հաջողվել է առաջին հերթին հայտնաբերել, որ երկարակեցների տարբեր պոպուլյացիաներում կյանքի տեւողությունը միանման է՝ եւ՛ Ճապոնիայում, եւ՛ Շվեդիայում մարդկանց մեծ մասը հանդերձյալ աշխարհ է մեկնում  80-ին կամ 90-ին մոտ տարիքում: Երկրորդ՝ արդյունաբերական երկրների բնակիչները ոչ միայն ավելի երկար են ապրում, քան որսորդ-հավաքորդի կենսակերպը շարունակողները (խաձայի կամ աչեի նման), այլեւ ըստ կյանքի տեւողության արդյունաբերական երկրների բնակիչների խզումը որսորդ-հավաքորդներից ավելի մեծ է, քան կաթնասուններից որսորդների խզումը: Այսպես՝ քաղաքակիրթ երկրներում ապրող մարդը միջինը 30-50 տարի ավելի է ապրում, քան որսորդ-հավաքորդը, որը ընդամենը 10-30 տարի է կապիկներից ավելի երկար ապրում:

Դե իսկ, վերջապես, ինչ վերաբերում է կանանց, ապա տարեց տարիքի անհատների շարքում նրանք միշտ եւ ամենուր ավելի շատ են, եւ դա նկատվում է թե՛ այնտեղ, որտեղ երկար են ապրել ու ապրում, թե՛ այնտեղ, որտեղ երկար չեն ապրել ու ապրում, եւ ոչ միայն մարդկանց, այլ նաեւ այլ կաթնասունների շրջանում: Ըստ որում՝ ուշագրավ է, որ կապիկների եւ մարդկային այն պոպուլյացիաների շրջանում, որոնք համեմատաբար երկար չեն ապրում, կանանց եւ տղամարդկանց միջեւ կյանքի տեւողության տարբերությունը ավելի փոքր է. օրինակ՝ Նիգերիայում եւ Հնդկաստանում տղամարդիկ եւ կանայք կյանքի տեւողությամբ միմյանց ավելի հավասար են, քան Ռուսաստանում: Կանանց շրջանում փոքր է նաեւ միմյանցից մահանալու տարիքի տարբերությունը, կոպիտ ասած՝ նրանք «ավելի շատ են նույն տարիքում» մահանում, քան տղամարդիկ:

Հաշվի առնելով կաթնասունների տվյալները՝ ակնհայտ է, որ կանացի երկարակեցությունը էվոլյուցիայում շատ վաղուց է երեւան եկել, դեռեւս մինչ, ըստ էության, մարդու հայտնվելը: Դրա պատճառները մինչ օրս լիովին հայտնի չեն. վարկած կա, որ պատճառը որձերի վարքագիծն է, որոնք ռիսկի են հակված, մեկ այլ վարկածի համաձայն՝ տղամարդու կյանքի տեւողությունը կարճացնում է տեստոստերոնի ավելցուկը, ըստ մեկ այլ վարկածի՝ արական սեռի ներկայացուցիչների ավելի վաղ մահացությունը կապված է միտոքոնդրիումներում փոխակերպումների հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է