• Latest news

Հայկական դպրոցներից շատերի բուժքույրերն իրենց պարտականություններին անտեղյակ են. հետազոտություն

17 հունիսի, 2017  15:11

Դպրոցական սնունդի կազմակերպման հարցում բուժքույրերը կարեւոր դեր են կատարում: Սակայն հայկական դպրոցներից շատերում դեռեւս բուժքույրեր չկան, իսկ այնտեղ, որտեղ կան, միշտ չէ, որ տեղյակ են, թե հատկապես որոնք են իրենց պարտականությունները: Այս մասին են վկայում հետազոտության նախնական արդյուները, որը հայկական 80 դպրոցներում անցկացրել է «Մոր եւ մանկան առողջության ալյանս»-ը, որը միավորում է մայրական եւ մանկական առողջության ոլորտում աշխատող մի շարք կազմակերպություններ:

Ալյանսի մեջ մտնող «Վստահություն» հասարակական կազմակերպությունը ղեկավարող մանկաբույժ Սուսաննա Հարությունյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ դպրոցական բուժքույրերը պետք է ամեն օր գնահատեն ճաշարանի բոլոր աշխատակիցների առողջական վիճակը. այն մարդիկ, որոնց մաշկին թարախային վերքեր կան կամ ինֆեկցիոն այլ հիվանդություններ ունեն, չպետք է մասնակցեն դպրոցական ճաշի կազմակերպմանը: Դրանից բացի, բուժքույրերը պետք է ճաշը համտեսեն մինչեւ երեխաներին մատուցելը: Նրանք նաեւ ամեն օր պետք է սնունդի նմուշ վերցնեն եւ այն 2 օր սառնարանում պահեն. եթե հանկարծ դպրոցում ինֆեկցիոն հիվանդություն բռնկվի, հնարավոր կլինի սնունդը ստուգել եւ պարզել՝ արդյոք ինֆեկցիան կապված է սնունդի հետ:

Այս ամենն իրականացվում է դպրոցների կեսից մի փոքր պակասում, որտեղ եղել են հետազոտության հեղինակները:

Դպրոցական բուժքույրերը նաեւ պետք է կանոնավորապես հետեւեն երեխաների աճին եւ որոշեն նրանց մարմնի զանգվածի ինդեքսը: Նորմայից շեղումներ հայտնաբերելիս բուժքույրերը պետք է երեխաներին ուղարկեն համապատասխան մասնագետների մոտ: Բնականաբար, սա եւս ոչ բոլոր դպրոցներում է կատարվում:

Ավելին՝ բուժքույրեր կան ոչ բոլոր դպրոցներում: Որոշ դպրոցներում շաբաթական մեկ կամ երկու անգամ մոտակա պոլիկլինիկաներից են բուժքույրեր այցելում: Նրանք դպրոցների աշխատակից չեն համարվում եւ նման մոտեցման դեպքում չեն կարող նշված պարտականությունները կատարել: Հաճախ նրանց նույնիսկ լրավճար չի տրվում դպրոցներ այցելելու համար, չնայած դա չի մտնում նրանց, որպես պոլիկլինիկայի բուժքրոջ, պարտականությունների մեջ:

Սուսաննա Հարությունյանի կարծիքով՝ անհրաժեշտ է որոշել եւ աշխատանքի նկարագրության մեջ ամրագրել, թե բուժքույրը դպրոցում քանի ժամ պետք է անցկացնի եւ որոնք են նրա պարտականությունները: Ավելին՝ ցանկալի է, որ բուժքույրը դպրոցի աշխատակից լինի եւ համապատասխան աշխատավարձ ստանա:

Նշենք, որ նախապես դպրոցներում անցկացվող մոնիթորիգի նպատակն էր պարզել, թե հայկական դպրոցներում ինչպիսին է տարրական դասարանների երեխաների սնունդի կազմակերպման վիճակը: Սակայն մոնիթորինգի ընթացքում մասնագետները ուշադրություն են դարձրել դպրոցների սանիտարական պայմանների վրա եւ նկատած խախտումները ընդգրկել իրենց հաշվետվության մեջ: Առայժմ հասանելի են միայն մոնիթորինգի նախնական արդյունքները, իսկ ամբողջական հաշվետվությունը, ինչպես ակնկալվում է, կներկայացվի հունիսի վերջին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է