Չոր մաշկը այդպես էլ չո՞ր է մնում, այդքան էլ այդպես չէ: Մաշկի տարբեր տիպերը տարբերվում են միմյանցից, իսկ երբ փչում է սառը քամին, ձեր մաշկի լավագույն պաշտպանությունը կախված է ձեր մաշկի տիպից, ձեր կենսակերպից, սովորություններից եւ նույնիսկ մաշկի երանգից: Fox News-ի մասնագետները առաջարկում են հետեւել այս խորհուրդներին՝ ձմռան ընթացքում մարմնի եւ դեմքի մաշկը փափուկ, առաձգական եւ ամուր պահելու համար:
Եթե դուք բաց գույնի մաշկ ունեք
Բաց գույնի մաշկում ավելի քիչ պիգմենտ է պարունակվում եւ, հետեւաբար, բնական պաշտպանությունը արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթներից ավելի ցածր է: Չնայած շատ մարդիկ են ամռան ընթացքում արեւապաշտպան քսուքներ օգտագերծում, շատ քչերը գիտեն, որ դա շատ կարեւոր է նաեւ ձմռանը: «Արեւն ամեն դեպքում կարող է վնասել մաշկը», ասում է Նյու Յորքի Լանգոնի բժշկական կենտրոնի մաշկաբանության բաժնի կլինիկական պրոֆեսոր, բժիշկ Քրիս Ադիգունը: «Արեւապաշտպան հատկություն ունեցող խոնավացնող քսուքներ պետք է օգտագործել ամբողջ տարվա ընթացքում, դա հատկապես կարեւոր է բաց գույնի մաշկ ունեցողների համար»:
Եթե դուք պեպեններ ունեք
Նույնը վերաբերում է նաեւ պեպեններ ունեցողներին
Եթե ձեր մաշկը ձիթապտղի կամ մուգ գույնի է
Ավելի շատ պիգմենտը նշանակում է ավելի բարձր պաշտպանություն արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթներից, բայց ամեն դեպքում ձմռան ընթացքում մաշկի գրգռումից կարող են սպիներ առաջանալ, ինչպիսիք են ակնեն եւ չոր հատվածները: Դա կոչվում է հետբորբոքային հիպերպիգմենտացիա, ասում է Նյու Յորքի Մաունտ Սինայ Բժշկական դպրոցի մաշկաբանության դոցենտ, բժիշկ Գարի Գոլդենբերգը: Ընդ որում մուգ գույնի մաշկ ունեցողների մոտ դա կարող է տեւել մի քանի ամիս կամ ավելի երկար:
Գունաթափող քսուքները կարող են օգնել հեռացնել մեծ, նկատելի մուգ լաքաները, ասում է նա, մինչդեռ լավագույն միջոցը կանխարգելումն է՝ խոնավացնող, յուղոտ լոսյոնի ամենօրյա օգտագործումը կարող է նվազեցնել գրգռումը եւ մաշկը հարթ պահպանել:
Եթե դուք չոր մաշկ ունեք
Ավելի շատ խոնավացրեք մաշկը, ասում է Ադիգունը. Եթե դուք ամռանը ավելի թեթեւ լոսյոն կամ քսուք եք օգտագործում, ապա ձմռան ընթացքում անցեք ավելի յուղոտ քսուքների:
Ամանով քսուքներ գնեք, քանի որ ցողիչով շշերը իրենց մեջ ջուր կամ ալկոհոլ են պարունակում, ինչը նվազեցնում է խոնավության պահպանումը: Յուրաքանչյուր օր լոգանքից կամ ցնցուղից հետո, երբ մաշկը դեռ խոնավ է, քսեք այն, ասում է Հելդերբերգը, եւ լվացվեք գոլ ջրով (ոչ տաք, այն գրգռում է մաշկը), կրճատեք լոգանքի ժամանակը եւ ընտրեք նուրբ օճառներ՝ առանց հոտերի: Ադիգունը խորհուրդ է տալիս նաեւ չօգտագործել սպունգ. «Այն ուղղակի հեռացնում է ձեր մաշկի ճարպը»:
Եթե ձեր մաշկը թեփոտվում է
Արեւը քամին, եւ չորությունը կարող են պատճառ դառնալ, որպեսզի ձեր մաշկը չորանա, ճաքճքի եւ թեփոտվի, նույնիսկ եթե դուք կանոնավոր օգտագործում եք խոնավացնող քսուքներ: Օգնելու համար, որպեսզի մաշկի մակերեսային վնասված շերտը դուրս գա ՝ փորձեք պիլինգ անել կամ դեմքը լվանալ կիտրոնաթթվով:
Եթե դուք համակցված մաշկ ունեք
Ադիգունը խորհուրդ է տալիս ճակատի, քթի եւ կզակի շրջանի մաշկի համար ավելի թեթեւ քսուքներ օգտագործել, իսկ ավելի յուղոտ քսուք չոր հատվածների համար՝ այտերի, աչքերի շուրջ եւ շուրթերի: Չոր հատվածներին կարող եք նաեւ վազելին քսել, ինչը կօգնի լավ խոնավացնել մաշկը եւ ձեւավորել պաշտպանիչ բարիեռ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր