• Latest news

Երեխաներին ջրազրկումից զերծ պահելու 7 միջոց

12 հուլիսի, 2014  13:52

Փորձագետներն ասում են՝ մի սպասեք՝ մինչեւ երեխան ասի, որ ծարավ է, պարբերաբար ինքներդ ջուր, որեւէ այլ խմիչք կամ ջրի բարձր բաղադրությամբ սնունդ առաջարկեք: Հատկապես ամռան ամիսներին, երբ ջրազրկումը կարող է առողջության համար վտանգավոր հետեւանքներ ունենալ, տեղեկացնում է FoxNews-ը:

Մինչ երեխաները կգիտակցեն, որ ծարավ են, 3 տոկոսի չափով ջրազրկված են լինում: Իսկ ջուրը միայն ծարավը հագեցնելու համար չէ. այն օրգանիզմի հովացման, սնուցիչների շրջանառության կազմակերպման, մարսողության կարգավորման, առողջարար քաշի պահպանման եւ կոգնիտիվ գործառույթների վերահսկման մեխանիզմների շարժիչ ուժն է հանդիսանում:

Շատերը կզարմանան՝ տեղեկանալով, թե օրական որքան ջուր է հարկավոր անչափահասին՝ ջրազրկումից խուսափելու համար: Դեռահասների պարագայում խոսքը 8-11 բաժակի մասին է (գրեթե նույնքան, որքան չափահասների օրգանիզմն է պահանջում), իսկ 1-3 տարեկան երեխաների պարագայում՝ 4 բաժակի:

Եթե երեխան ջուր չի պահանջում, չափազանց դժվար է հասկանալ, որ ջրազրկման է ենթարկվել: Նման դեպքերում մեզի փոքր ծավալը, թմրածությունն ու թոշնածությունը կարող են օրգանիզմում ջրի պակասի արդյունք լինել:

Ստորեւ բերված խորհուրդներին հետեւելով՝ ծնողները կարող են համոզված լինել, որ երեխայի մոտ ջրազրկման վտանգ երբեք չի առաջանա:

1. Եթե երեխան ջուր չի ուզում խմել, հարկավոր չէ պնդել: Բազմաթիվ մրգեր եւ բանջարեղենի տեսակներ ջրի բարձր բաղադրություն ունեն: Ձմերուկը, ելակը, բրոկոլին, վարունգը եւ նեխուրը հրաշալի միջոց են՝ ծարավը հագեցնելու համար:

2. Ճամփորդությունը հետաքրքիր դարձրեք: Որեւէ տեղ գնալիս երեխային առաջարկեք իր սեփական՝ գունազարդ եւ սիրելի հերոսների նկարներով բաժակը կամ շիշը վերցնել:

3. «Ձանձրալի» ջրին գույն ու համ տվեք: Թարմ մրգի, խոտաբույսերի կամ բանջարեղենի կտորներ, կամ թեկուզ՝ մի փոքր լիմոնադ ջրին խառնելով, այն անհամեմատ ավելի գրավիչ կդարձնեք:

4. Թույլ, շաքարի ցածր բաղադրությամբ պաղպաղակ պատրաստեք՝ մրգային հյութից:

5. Պայմաններ ստեղծեք, որպեսզի փոքրիկը ցանկության դեպքում կարողանա ջրին հասնել: Եթե ձեռքը ջրի ծորակին կամ սառնարանի դռանը չի հասնում, մի քանի բաժակ հասանելի վայրում թողեք:

6. Սառնարանում պատրաստի ջուր պահեք: Ցանկացած պահի տնից շտապ դուրս գալու անհրաժեշտություն կարող է ծագել:

7. Հիշեցման համակարգ մշակեք: Սառնարանի վրա ջուր խմելու ժամանակացույց փակցնելով, կամ հեռախոսին թայմեր միացնելով՝ երբեք չեք մոռանա, որ երեխային ջուր առաջարկելու ժամանակն է եկել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել