• Latest news

Ի՞նչ է նախասրտերի շողացումը

29 հուլիսի, 2014  20:18

Նախասրտերի շողացումը առիթմիայի տեսակ է, որը լայն տարածում ունի ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Թեմայի շուրջ NEWS.am Medicine-ի թղթակցի հետ սրտաբան Մարիամ Սապոնջյանն է զրուցել:

Կարծիք կա, որ երկրագնդի բնակչության շուրջ 1-2 տոկոսը նախասրտերի շողացում ունի, եւ այս ցուցանիշը տարեցտարի աճում է: 70-ն անց մարդկանց շուրջ 10 տոկոսի մոտ հիշյալ խնդիրն է նկատվում. ընդ որում, այն առավելապես տղամարդկանց է հատուկ:

Ի՞նչ է նախասրտերի շողացումը եւ ինչու՞ է այն վտանգավոր

Խոսքը սրտի ռիթմի խանգարման մասին է, որի պարագայում օրգանի աշխատանքի ողջ ցիկլի ընթացքում նախասրտերի մկանային մանրաթելերի առանձին խմբերի քաոտիկ գրգռումներ եւ կծկումներ են տեղի ունենում՝ րոպեի ընթացքում մոտ 350- 700 անգամ:

Նախասրտերի շողացմանը հատկապես ձախ նախասրտում թրոմբների առաջացումն է հատուկ, որոնք կարող են արյան հոսքի հետ միասին դեպի գլխուղեղ շարժվել եւ իշեմիկ ինսուլտի առաջացման պատճառ դառնալ։ Նաեւ կարծիք կա, որ առիթմիայի այս տեսակով տառապող մարդիկ, ինսուլտից բացի, միոկարդի ինֆարկտի վտանգ է սպառնում, քանի որ շողացման պատճառով նախասրտերը չեն կարողանում լիակատար կրճատվել, եւ դրանցում արյան կանգ ու թրոմբներ են առաջանում, որոնք կարող են զարկերակների կամ աորտայի մեջ ընկնել եւ թրոմբոէմբոլիա հրահրել։ Նման առիթմիաները երբեմն նույնիսկ սրտի կանգի սպառնալիք են պարունակում։

Ախտանշանները

Հաճախ նախասրտերի շողացումը ոչ մի ախտանիշ չի ունենում եւ միայն հետազոտությունների միջոցով կարող է հայտնաբերվել: Երբեմն էլ կարող են որոշակի ախտանշաններ ի հայտ գալ.

• Սրտի աշխատանքի խափանումներ,

• Սրտի ռիթմի շեշտակի արագացում,

• Ցավեր կրծքավանդակում,

• Տեսողության մթագնում,

• Ընդհանուր թուլություն, գլխապտույտներ,

• Ուշագնացություններ:

Ռիսկի գործոնները

Նախասրտերի շողացումը, որպես կանոն, առիթմիայի զարգացում խթանող սրտանոթային հիվանդությունների հետ է առնչվում: Դրանցից են.

• Բարձր ճնշումը,

• Սրտային անբավարարությունը,

• Սրտի իշեմիկ հիվանդությունը,

• Սրտի ձեռքբերովի եւ բնածին արատները,

• Կարդիոմիոպաթիաները,

• Սրտի ուռուցքները եւ այլն:

Սակայն երբեմն էլ երիտասարդ, սրտի հետ ոչ մի խնդիր չունեցող մարդկանց մոտ կարող են նախասրտերի շողացման տարբեր տեսակներ ի հայտ գալ:

Գոյություն ունեն նաեւ մի շարք այլ՝ սրտանոթային հիվանդությունների հետ որեւէ առնչություն չունեցող ռիսկային գործոններ: Դրանցից են.

• Ճարպակալումը,

• Շաքարախտը,

• Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը,

• Երիկամների քրոնիկ հիվանդությունները,

• Գենետիկ մուտացիաները,

• Քնի ապնոէն,

• Ալկոհոլի չարաշահումը:

Նախասրտերի շողացման առաջացման հարցում գենետիկան եւս որոշակի դերակատարում ունի:

Բուժում կա՞

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցին սրտաբան Մարիամ Սապոնջյանն է նշել, մինչեւ վերջերս նախասրտերի շողացման պարագայում միայն դեղորայքային բուժում էր նշանակվում, ինչը, հիվանդի կյանքի որակի բարելավման տեսանկյունից, բավարար ազդեցություն չէր ապահովում՝: Սակայն ներկայումս ոլորտը որոշակի առաջընթաց է գրանցել. մշակվել են նաեւ վիրահատական միջամտության եղանակներ, որոնք նախասրտերի շողացման խնդիրը արմատապես լուծելու հնարավորություն են ընձեռում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել