• Latest news

Դեղարտադրողների հետ փոխըմբռնման հուշագիրը բաց է ստորագրման համար - ԱՆ

2 օգոստոսի, 2014  16:17

Հայաստանի Հանրապետության բնակչությանը որակյալ, արդյունավետ, անվտանգ եւ մատչելի դեղերով ապահովելու նպատակով  ՀՀ առողջապահության նախարարությունը իր պատրաստակամությունն է հայտնում ստորագրելու համատեղ երկկողմ հուշագիր դեղագործական գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից։

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն իր պաշտոնավարման եռամսյակն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ ի պատասխան լրագրողի կողմից հնչեցված հարցին, թե ճի՞շտ է այն տեղեկատվությունը, որ ՀՀ առողջապահության նախարարությունը չի ստորագրել դեղարարտադրողների հետ համատեղ հուշագիրը, պարզաբանեց, որ հուշագիրը ոչ թե չի ստորագրվել, այլ գտնվում է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչությունում:

Արմեն Մուրադյանը  նշեց, որ նախարարությունը պատրաստ է իրականացնելու դեղերի արդյունավետության, որակի եւ անվտանգության հետ կապված բոլոր միջոցառումները, մասնավորապես`  ուսումնասիրություններ,գիտական վերլուծություններ, դեղերի որակի եւ շրջանառության վերահսկողությանն ուղղված այլ գործողություններ: 

«Սակայն  միջոցառումները չպետք է ազդեն դեղերի մատչելիության վրա եւ չհանգեցնեն դրանց գների բարձրացմանը»,-շեշտեց Արմեն Մուրադյանը` հավելելով, որ երկկողմ հուշագիրը օգոստոսի 1-ից բաց է եւ պատրաստ  ստորագրման:

 Այս փաստաթղթի ստորագրումը միտված է Հայաստանում  դեղերի շրջանառության ոլորտում պետական քաղաքականության իրականացման նպատակով պետական եւ մասնավոր հատվածների միջեւ կառուցողական ու փոխշահավետ համագործակցությանը` որդեգրելով բաց եւ թափանցիկ գործելաոճ, համատեղ քննարկումների միջոցով փոխհամաձայնության գալու սկզբունք:

Այն, անշուշտ, կնպաստի բնակչությանը որակյալ, արդյունավետ, անվտանգ եւ մատչելի դեղերով ապահովելու համար առավել բարենպաստ միջավայրի ձեւավորմանը:

Փոխըմբռնման հուշագրով կկարեւորվի նաեւ  դեղերի շրջանառությունը արդի միջազգային չափանիշներին եւ կանոններին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը: 

Փաստաթղթի ստորագրումը ենթադրում է Հայաստանում դեղային քաղաքականության, դեղերի ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրության, իրավական այլ ակտերի անվերապահ իրականացմանն ուղղված միջոցառումներ։ Համագործակցությունը կնպաստի նաեւ տեղական դեղարտադրողների պատշաճ արտադրական գործունեության ընդունման աջակցմանն ու խրախուսմանը, տեղական դեղերի արտադրության խթանմանն ու ընդլայնմանը, շրջանառվող դեղերի որակի, արդյունավետության, անվտանգության եւ մատչելիության ապահովմանը, կեղծ, չգրանցված, ոչ օրինական ճանապարհով ներմուծված դեղերի շրջանառության կանխարգելմանը եւ բացառմանը:

Հուշագրի ամբողջական տեքստին ծանոթանալու համար կարող եք դիմել ՀՀ ԱՆ աշխատակազմի դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչություն կամ զանգահարել 52-27-21 հեռախոսահամարով։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել