• Latest news

Հաշմանդամության սահմանման գործող չափանիշները կոռուպցիոն ռիսկեր են պարունակում

26 օգոստոսի, 2014  15:32

Եթե նախկինում Հայաստանի քաղաքացիները բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների աշխատանքում կոռուպցիոն գործոնը 47-50 տոկոս էին գնահատում, ապա վերջին մշտադիտարկման արդյունքում այդ թիվը նվազել է մինչեւ 20 տոկոս։ Այս մասին օգոստոսի 26–ին մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց «Լիարժեք կյանք» ՀԿ ղեկավար Սուրեն Մաղաքյանը։ Նշենք, որ ԲՍՓ հանձնաժողովներն այն մարմիններն են, որոնք իրականացնում են անձի հաշմանդամության ճանաչման գործառույթը։

Բացի այդ, եթե 2011-2012 թվականների մշտադիտարկումների ժամանակ մարդկանց 35 տոկոսը նշում էր, որ տվյալ կառույցում վերաբերմունքը դժկամ է, ապա այս տարվա հարցվածների միայն 4 տոկոսն է խոսել անհարգալից վերաբերմունքից։

Ըստ ՀԿ ղեկավարի գնահատականի, սա ցույց է տալիս, որ ոլորտում լուրջ աշխատանք է իրականացվել, սակայն խնդիրներ դեռ շատ կան, եւ դրանցից մեկը՝ գործող կանոններն ու  չափորոշիչներն են։ Ս. Մաղաքյանի կարծիքով, հարկավոր է բացառել այն ձեւակերպումները, որոնք երկընտրանքի հնարավորություն են ընձեռում. այն է, «նույն ախտորոշման համար տարբեր դեպքերում տարբեր հաշմանդամության խումբ է շնորհվում»։

Նա նշեց, որ ԲՍՓ–երի շենքային պայմանները, ինչպես եւ շատ այլ հասարակական կառույցների,  սակավաշարժ անձանց կարիքներին չեն հարմարեցված։               «Քաղաքականությունը երկրում փոխվում է, բայց վերաբերմունքը այս հարցին չի փոխվում», – նշեց նա։

Ինչպես ներկայացրեց «Լիարժեք կյանք» կազմակերպության աշխատակից Լուսինե Սարգսյանը, մշտադիտարկումն իրականացվել է Լոռու, Արագածոտնի, Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերում։ Կազմակերպության անդամները ներկա են գտնվել 21 հանձնաժողովի նիստերին։ Կատարվել են նաեւ ետփորձաքննական հարցումներ (exit-poll)։

Ընդհանուր թվով 55 հարցվածների 20 տոկոսը հարցին՝ «Արդյոք հաշմանդամության կարգ սահմանելու կամ կարգը բարձրացնելու համար երբեւիցե գումար պահանջվել է» դրական պատասխան է տվել։ Գումարի չափը նշվել է 25000–80000 դրամ։ Հարցվածների 47 տոկոսոը հայտնել է փաստաթղթերը վիճակագրին հանձնելու ժամանակ դժվարությունների մասին։

Մշտադիտարկման արդյունքների հիման վրա կազմակերպության անդամները եկել են այն եզրահանգման, որ հաշմանդամության սահմանման ներկայումս գործող չափանիշները պարունակում են դրույթներ, որոնք հիմք են տալիս սուբյեկտիվ մոտեցումների համար, միաժամանակ հանդիսանալով կոռուպցիոն ռիսկերի շարժառիթ։ Նույն ախտորոշման դեպքում ԲՍՓ մասնագետները կենսագործունեության սահմանափակման աստիճանները որոշելիս կարող են ցուցաբերել տարբեր մոտեցում, ինչը դժգոհությունների տեղիք է տալիս։

Խնդիրների լուծման համար «Լիարժեք կյանք» ՀԿ–ն առաջարկում է բողոքարկման ավելի գործուն մեխանիզմների ներդնում, ակնկալում է ԲՍՓ–երի կողմից ավելի հարգալից եւ բարեկիրթ վերաբերմունք եւ սպասարկման որակի բարձրացում, տեղեկատվական հոսքերի կանոնակարգում, հանրային վերահսկողություն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է