• Latest news

Պոլիկլինիկա՝ տարին մեկ անգամ հաճախականությամբ կանխարգելիչ այցը պարտադիր բնո՞ւյթ է կրելու

29 օգոստոսի, 2014  12:35

Տարեկան մեկ անգամ յուրաքանչյուր բնակչի մոտ պոլիկլինիկայում զննում անցնելը պետք է լինի պարտադիր պայման։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը, հայտնել է Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը պոլիկլինիկաների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

Նա նշել է, որ յուրաքանչյուր երկրի նպատակն է առողջ պահել բնակչությանը եւ ոչ թե հիվանդ բուժել: Այս գաղափարախոսությունն է դրված առողջության պահպանման առաջնային օղակի զարգացման հիմքում: Ըստ նախարարի, ֆինանսական հաշվարկները վկայում են, որ առողջության պահպանման առաջնային օղակի զարգացման այս մոդելը պետության համար տնտեսապես առավել ձեռնտու է: «Առողջապահական տեսանկյունից` առաջնային օղակի զարգացման արդյունքում առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում դիմելիության միջոցով կտրուկ կբարձրանա հիվանդացությունը, կնվազի մահացությունը»,- շեշտեց Արմեն Մուրադյանը: Նա հիշեցրեց, որ սրտանոթային հիվանդությունները մեր երկրում լայն տարածում ունեն եւ մահացության ընդհանուր կառուցվածքում կազմում են 48 տոկոս։ Տոկոսային հարաբերությամբ հաջորդում են ուռուցքային հիվանդությունները (20 տոկոս) եւ շաքարային դիաբետը (5 տոկոս): Առողջության պահպանման առաջնային օղակի զարգացմանը, հանրային առողջության պահպանմանն են ուղղված նաեւ առաջիկայում հանրապետությունում մեկնարկող լայնածավալ սքրինինգային ծրագրերը:

«Առողջապահության ազգային ինստիտուտի առջեւ հստակ խնդիրներ են դրված, այդ թվում` բնակչությանն առողջ պահելու ազգային ծրագիրը, որի անկյունաքարը առաջնային բուժօղակի հզորացումն է»,- ասաց նախարարը` ընդգծելով, որ տարեկան մեկ անգամ յուրաքանչյուր բնակչի մոտ պոլիկլինիկայում զննում անցնելը պետք է լինի պարտադիր պայման: Նա տեղեկացրեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունը դիմել է Համաշխարհային բանկին` պոլիկլինիկաների (2017-2018թթ.) արդիականացման խնդրով, հաշվի առնելով բնակչությանն առողջ պահելու գործառույթի առաջնահերթությունը: Միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համագործակցությունը հնարավորություն կընձեռի հավելյալ ֆինանսական ռեսուսրսներ ուղղել դեպի առողջության պահպանման առաջնային օղակ:

«Կանխարգելիչ այցը նույնպես պարտադիր մաս է լինելու։ Այդ նոր չափորոշչի հաստատումով շարունակական կապ կապահովվի բնակչության հետ»,- նկատեց Արմեն Մուրադյանը: Նրա խոսքով` ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրումը նույնպես կնպաստի առողջության առաջնային օղակի զարգացմանը: Առողջապահության համակարգի գլխավոր պատասխանատուն կարեւորեց հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացման, ինչպես նաեւ բուժանձնակազմի պատրաստակամ, արհեստավարժ եւ սիրալիր լինելու հարցը: Արմեն Մուրադյանը հավաստիացրեց, որ նախարարությունը շահագրգռված է, որպեսզի առաջնային բուժօղակում անցկացվող մշտադիտարկումները լինեն օբյեկտիվ, իսկ արձանագրված թերությունները ստանան շուտափույթ լուծում:

Հանդիպման ընթացքում Երեւանի պոլիկլինիկաների ղեկավարներն իրենց մտահոգող հարցերը ներկայացրին նախարարին: Անդրադարձ կատարվեց նաեւ պոլիկլինիկաներին հատկացվող ֆինանսական ռեսուրսների ճիշտ բաշխմանը, անվճար տրամադրվող դեղորայքի դուրս գրմանը, զորակոչիկների պատվաստմանը վերաբերող եւ այլ հարցերին: Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին անմիջական հարցադրումների համար` հավելելով, որ նախարարության աշխատակազմի ներկայացուցիչների, ինչպես եւ իր այցերը բժշկական կազմակերպություններ շարունակական են լինելու:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել