2013թ.-ին ընդհանուր պրակտիկայի բժիշկ դոկտոր Իոնա Հիթերը հոդված էր հեղինակել՝ Journal of the American Medical Association ամսագրում, որտեղ, մասնավորապես, թույլ հիպերտենզիայի դեղորայքային բուժման կողմնակի հետեւանքների մասին էր խոսվում: Վերջերս իրականացված հետազոտության արդյունքում գիտնականները հաստատումն են գտել հիշյալ գաղափարի, թե արյան ոչ նշանակալիորեն բարձր ճնշման դեպքում առաջարկվող դեղորայքային թերապիան հիվանդներին ավելի շատ վնաս հասցնելու հատկությամբ է աչքի ընկնում: Բացի այդ, փորձագետներն այն եզրահանգման են եկել, որ հիպերտենզիայի ախտորոշման չափանիշների վերանայման կարիք է զգացվում:
Հետազոտության՝ British Medical Journal ամսագրում հրապարակում գտած արդյունքները հիպերախտորոշման կանխարգելմանը միտված՝ սեպտեմբերի 15-ին մեկնարկած գիտաժողովի ուշադրությանն են ներկայացվելու: Միջոցառման մասնակիցները, Medical Daily-ի հաղորդմամբ, ավանդաբար ողջ աշխարհում իրականացվող անհարկի բուժման թերություններն են վեր հանում:
Ընդհանուր առմամբ, հիպերտենզիայի բուժումը հիմնական եւ երկրորդական կանխարգելման գաղափարների վրա է հենվում: Հիմնական կանխարգելումն այն պարագայում է նախընտրություն ստանում, երբ ակնկալվող օգուտները վնասներից գերակշիռ կարող են գտնվել, իսկ երկրորդականը՝ երբ հիվանդը ինֆարկտ կամ ինսուլտ է տարել: Սակայն արյան ճնշման ո՞ր մակարդակի պարագայում է պետք բուժում նշանակել: Ներկայումս ԱՄՆ բժիշկների համար առողջապահական ազգային հանձնախմբի ցուցումներն են հիմք հանդիսանում, մասնավորապես՝ առ այն, թե որ մակարդակից է սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկ առաջանում:
Աշխարհի բնակչության շուրջ 40 տոկոսը՝ ներառյալ ԱՄՆ 67 մլն բնակիչներ, հիպերտենզիային հատուկ ախտանշաններ են դրսեւորում: Այդուհանդերձ, հիշյալ մարդկանց շուրջ 50 տոկոսը թույլ հիպերտենզիա ունեն, որոնց կեսից ավելին, սրտանոթային հիվանդությունների եւ ինսուլտի առաջացումը կանխելու նպատակով, արյան ճնշման մակարդակը կարգավորող դեղամիջոցների օգնությանն է դիմում: Հետազոտության հեղինակները որեւէ վկայություն չեն գտել առ այն, թե հիշյալ դեղամիջոցները սրտի կաթվածի առաջացման ռիսկի նվազեցման են հանգեցնում: Մինչդեռ միայն ԱՄՆ-ում թերապիայի տարեկան արժեքը 32 մլրդ դոլարի է հասնում: Այնպես որ, ավանդական դեղորայքային բուժում ստանալու փոխարեն, փորձագետները խորհուրդ են տալիս կենսակերպի փոփոխություն նախաձեռնել՝ ֆիզիկական վարժություններ կատարել, հրաժարվել ծխելու սովորությունից եւ ալկոհոլի սպառման ծավալները նվազեցնել: Բացի այդ, բուժհաստատություններին արյան ճնշման մակարդակը չափող գործիքների ճշտությունը բարելավելու կոչ է արվում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր