• Latest news

Կյանքի հենց առաջին օրը մահացած երեխաների թիվը 1 միլիոնի է հասնում

17 սեպտեմբերի, 2014  16:05

UNICEF-ի կողմից հրապարակված հերթական զեկույցի տեքստում նշվում է, որ կյանքի հենց առաջին օրը, մեծ ի մասամբ՝ հղիության եւ ծննդաբերության ընթացքում ի հայտ եկած կանխարգելելի բարդությունների պատճառներով մահացած երեխաների թիվը տարեկան 1 միլիոնի է հասնում: Medical Daily-ի հաղորդմամբ, զեկույցի հեղինակները մատնացույց են անում այն հանգամանքը, որ ծննդաբերության ընթացքում, դրանից առաջ կամ հետո պարզագույն միջամտությունների շնորհիվ կարելի է բազմաթիվ երեխաների կյանք փրկել:

Այդուհանդերձ, փաստաթուղթը նաեւ լավատեսական երանգներ է պարունակում: Տվյալների վերլուծությամբ պարզվել է, որ ծննդյան առաջին օրը մահկանացուն կնքած աղքատ եւ հարուստ երեխաների թվի տարբերության շարունակական կրճատում է նկատվում: Ընդհանրապես, 1990-ական թվականներից ի վեր, մինչեւ 5 տարեկանը մահացած երեխաների թվի՝ գրեթե 50 տոկոսի չափով կրճատում է արձանագրվել (12,7 մլն-ից՝ 6,3 մլն): Եւ այդուհանդերձ, մինչեւ 28 օրականը մահացած երեխաների թիվը (գրեթե 2,8 մլն) շարունակում է բարձր մնալ:

«Տվյալների վերլուծությունը այն հստակ եզրահանգմանն է բերում, որ ծննդաբերությունից հետո երեխայի՝ կենդանի մնալու շանսերը կտրուկ աճ են գրանցում այն պարագայում, երբ մայրը հղիության եւ ծննդաբերության ընթացքում որակյալ առողջապահական ծառայություններից է օգտվում: Հարկավոր է ամեն ինչ անել, որ այդպիսի ծառայություններ մատուցող հաստատությունները բոլորին հասանելի լինեն: Խոսքը հատկապես հասարակության ամենախոցելի խավերին է վերաբերում», - նշել է կազմակերպության փոխտնօրեն Գիտա Ռաո Գուպտան:

Զեկույցի հեղինակները պարզել են, որ կանանց գրեթե 50 տոկոսը հղիության ընթացքում նույնիսկ մինչծննդյան հետազոտությունների համար անհրաժեշտ այցերի հաճախականության նվազագույն պահանջն են խախտում (4 անգամ): Մյուս կողմից էլ, կյանքի առաջին օրերին մահացած երեխաների գրեթե քառորդ մասը ծննդաբերության ընթացքում ի հայտ եկած բարդությունների արդյունքում են դեռ լույս աշխարհ չեկած՝ կյանքին հրաժեշտ տալիս: Մասնավորապես, 2012թ.-ին ծնված երեք երեխաներից մեկը պատշաճ մասնագիտական օգնություն չի ստացել:

Մահվան դեպքերի կանխարգելման պարզագույն եղանակներից մեկը կրծքով կերակրումն է: Լույս աշխարհ գալուց հետո՝ մեկ ժամվա ընթացքում մոր կրծքից կաթ ստանալու դեպքում նորածինների մոտ, UNICEF-ի հավաստիացմամբ, մահվան վտանգի՝ 44 տոկոսի չափով նվազեցում է նկատվում:

Հասկանալի է, որ կյանքի առաջին օրերին մահվան վտանգի ենթարկվող երեխաները, մեծ ի մասամբ, երրորդ աշխարհում բնակվող աղքատ ընտանիքներում են լույս աշխարհ գալիս: Զարգացած երկրներում բնակվող՝ հարուստ ընտանիքից ծնված երեխաները, բնականաբար, ողջ անհրաժեշտ մասնագիտական օգնությունն են ստանում: Հետծննդյան մահացության ամենաբարձր ցուցանիշները Եթովպիայում, Բանգլադեշում, Նիգերիայում եւ Քենիայում են գրանցվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել