• Latest news

Դիմածնոտային պլաստիկ եւ այլ վիրահատությունները հնարավոր է կատարել միաժամանակ. «Բեսթ Լայֆ» ԲԿ–ի վիրաբույժ

4 մայիսի, 2023  17:14

Պլաստիկ եւ ռեկոնստրուկտիվ, ինչպես նաեւ բուժական որոշ վիրահատություններ հնարավոր է համադրել, եւ միաժամանակ կատարել եւ՛ ռինոպլաստիկա (քթի ձեւի շտկում, եւ՛ բլեֆարոպլաստիկա (կոպերի շտկում), եւ՛ շուրթերի պլաստիկա, ինչպես նաեւ դիմածնոտային շրջանի բորբոքային խնդիրների վիրահատական բուժում (սինուսիտ, հայմորիտ), միջնապատի թեքության շտկում եւ այլն, NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասում է «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբույժ Արթուր Հակոբյանը։

Ըստ նրա, վիրահատությունից առաջ գնահատվում է պացիենտի ընդհանուր վիճակը, եւ եթե չկան հակացուցումներ, եւ վիրահատությունների տեսակները միմյանց չեն խանգարում, ապա հնարավոր է մի վիրահատության ընթացքում միաժամանակ մի քանի խնդիր լուծել։ Եվ պետք չէ վախենալ «ավելի շատ» նարկոզից, ասում է բժիշկը, քանի որ ժամանակակից անզգայացման տեխնոլոգիաներն ու միջոցները հնարավորինս անվնաս են, իսկ «Բեսթ Լայֆ» հայ–ճապոնական բժշկական կենտրոնն ունի բոլոր անհրաժեշտ գերժամանակակից միջոցներն ու սարքավորումները ոչ միայն անզգայացման, այլեւ տարատեսակ վիրահատությունների եւ պացիենտների խնամքի համար։ Եվ այդ ամենը, ըստ բժշկի, կազմակերպված է ԱՄՆ եւ Ճապոնիայի ստանդարտներին համապատասխան։

4.jpg (377 KB)

Դիմածնոտային ի՞նչ վիրահատություններ են իրականացվում «Բեսթ Լայֆ» կլինիկայում

«Մենք իրականացնում ենք դիմածնոտային եւ պլաստիկ վիրահատությունների ամբողջ սպեկտրը։ Պլաստիկ վիրահատություններից կատարում ենք դեմքի ձգումներ, դեմքի ասիմետրիաների շտկում, շուրթերի պլաստիկա, քթի պլաստիկա, կզակի շտկում, տարիքային փոփոխությունների շտկում, ականջների պլաստիկա եւ այլն։ Բուն պաթոլոգիաներով էլ ենք զբաղվում՝ շնչառական խնդիրներ, հարքթային ծոցերի բորբոքումներ, թքագեղձերի հիվանդություններ, ծնոտի հիվանդություններ, կիստաներ, ատամնաբուժական միջամտությունների բարդություններ եւ այլն», – ասում է  նա։ Կատարվում են նաեւ դիմածնոտային տրավմաների, մանր ոսկրերի կոտրվածքների վիրահատություններ, այդ թվում՝ վերականգնողական՝ եւ՛ արհեստական իմպլանտների, եւ՛ սեփական ոսկրերի կիրառմամբ։

3.jpg (150 KB)

Արթուր Հակոբյանը կատարում է նաեւ ականջի պլաստիկ վիրահատություններ, եւ վիրահատվողների մեջ մեծ թիվ են կազմում երեխաները։ Ըստ նրա, այս վիրահատությունը կարելի է կատարել 6 տարեկանից սկսած, այն արվում է առանց նարկոզի, տեղային անզգայացմամբ, ականջի հետին հատվածից, եւ ոչ մի սպի չի մնում։

Առաջին տեղում ռինոպլաստիկան է

Բժիշկը նշում է, որ դիմածնոտային պլաստիկ վիրահատությունների շարքում Հայաստանում առաջին տեղում ռինոպլաստիկան է, բավականին հաճախ կատարվում է նաեւ բլեֆարոպլաստիկա, շուրթերի պլաստիկա, տարիքային խնդիրների շտկում։ Պլաստիկ վիրահատությունների համար ավելի շատ դիմում են կանայք, բայց վերջին շրջանում սկսել են դիմել նաեւ տղամարդիկ։

1.jpg (126 KB)

Ռինոպլաստիկայի համար տարբեր վիրաբուժական տեխնիկաներ են կիրառվում, բացի այդ՝ ամեն վիրաբույժ իր ուրույն ձեռագիրն ունի։ 

«Հիվանդի համար մեծ տարբերություն չկա, թե բժիշկն ինչ տեխնիկայով է վիրահատում, դա ավելի շատ բժշկի մտահոգվելու հարց է։ Պացիենտի համար ավելի կարեւոր է, թե ոնց է բժիշկը տեսնում էսթետիկան։ Վերջնական արդյունքը կախված է այն բանից, թե ինչ քիթ ունի պացիենտը, ինչ ձեւախախտումներ կան, որքան է  մաշկի հաստությունը, ինչ վիճակում են քթի աճառները, միջնապատը, եղել է արդյոք նախկինում քթի կոտրվածք, թե՝ ոչ։ Բժիշկն այդ բոլոր հանգամանքները հաշվի առնելով փորձում է գտնել ամենաօպտիմալ լուծումը։ Որպեսզի այդ խնդիրների հետ մեկտեղ ստանա էսթետիկ արդյունք, ու նաեւ քիթը շնչի», – ասում է նա։

2.jpg (119 KB)

Մոդելավորում

Ըստ բժշկի, տեսականորեն հնարավոր է ցանկացած մեծ քիթ փոքրացնել ինչքան ուզում ես, բայց մարդը, ասում է, մանեկեն չէ, գիպսից չէ, որ ինչպես ցանկանաս «խարտես»։ Պետք է հաշվի առնել նաեւ, որ քիթը պետք է շարունակի կատարել իր հիմնական գործառույթը՝ շնչելը, ինչպես նաեւ պետք է պահպանվեն դեմքի համամասնությունները։

«Մենք երկար զրուցում ենք պացիենտի հետ, որովհետեւ ամենաբարդ բաներից մեկը պացիենտին եւ նրա դրդապատճառները հասկանալն է։ Եվ եթե իր ցանկությունը դուրս է լինում այն որոշակի ստանդարտներից, որոնք մենք պետք է պահպանենք բնական տեսքն ապահովելու համար, փորձում ենք բացատրել ու գտնել այն օպտիմալ տարբերակը, որը թույլ է տալիս իր արտաքինը», – ասում է բժիշկը՝ հավելելով, որ կիրառվում է նաեւ համակարգչային մոդելավորում, եւ կան տարբեր ծրագրեր, բայց պետք չէ մոռանալ, որ մոդելավորումն ընդամենը նկարչություն է, եւ չունի սահմանափակումներ, ինչը չես ասի բուն վիրահատության մասին։ Այդուհանդերձ, բժիշկը ձգտում է վիրահատական արդյունքը առավելագույնս մոտեցնել պացիենտի նախնական պատկերացումներին։

5.jpg (135 KB)

«Մոդելավորումն ավելի շատ օգնում է մեզ հասկանալ պացիենտին, իր ցանկությունները, – ասում է նա եւ ավելացնում, – շատ դեպքերում մենք նաեւ հոգեբանի դեր ենք կատարում։ Լինում են դեպքեր, երբ պացիենտին, մեր կարծիքով, անհրաժեշտ չէ որեւէ միջամտություն, եւ նա ուղղակի դրանով ուզում է իր հոգեբանական խնդիրը լուծել։ Այդ դեպքերում մենք նրան ուղղորդում ենք հոգեբանի մոտ։ Արտասահմանում, որոշ երկրներում հոգեբանի խորհրդատվությունը ներառված է նախավիրահատական պարտադիր հետազոտությունների ցանկում», – ասում է նա։

ՀՀ քաղաքացիներից բացի հայաստանցի բժիշկներին են նախընտրում դիմել նաեւ հայկական սփյուռքի ներկայացուցիչները՝ ելնելով գին–որակ համադրությունից։ Պլաստիկ վիրահատությունների համար Հայաստան են գալիս նաեւ ԱՊՀ տարբեր երկրներից, եւ վերջին տարիներին բժշկական տուրիզմը մեզ մոտ ակտիվ զարգանում է։ «Գները մեզ մոտ շատ ավելի մատչելի են, իսկ որակը չի զիջում զարգացած երկրների որակին, եւ ոչ միայն պլաստիկ բժշկության մեջ», – ասում է Արթուր Հակոբյանը։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է