• Latest news

Քրքումի օգնությամբ ուղեղն ինքն իրեն բուժելու հնարավորությո՞ւն է ձեռք բերում

27 սեպտեմբերի, 2014  22:08

Stem Cell Research and Therapy ամսագրում վերջերս հրապարակում գտած հոդվածի համաձայն, կարրի սոուսի հիմնական բաղադրիչը՝ քրքում անվամբ հայտնի համեմունքը, ուղեղի պրոլիֆերացիա խթանելու եւ օրգանի ինքնավերականգնողական հատկանիշները բարելավելու ներուժ ունի, հաղորդում է Medical Daily-ն:

Բացահայտման հեղինակները Գերմանիայում գործող Յուլիխի նյարդաբանության եւ բժշկության ինստիտուտը ներկայացնող գիտնականներն են, որոնք քրքումի բաղադրիչներից մեկը՝ անուշաբույր թուրմերոնը լաբորատոր մկների ուղեղի մեջ առկա չեզոք ցողունային բջիջների մեջ են ներարկել՝ պարզելու համար, որ միախառնումից հետո կրծողների ուղեղի որոշ հատվածներ ոչ միայն ակտիվանալու, այլ նաեւ ինքնավերականգնողական հատկանիշները 80 տոկոսի չափով բարելավելու հնարավորություն են ձեռք բերում:

«Թեեւ ուղեղի մեջ առկա ցողունային բջիջների պրոլիֆերացիայի խթանմանը նպաստող բազմաթիվ դեղամիջոցներ գոյություն ունեն, դրանցից քչերն են, ի հավելումն, ռեգեներատիվ բժշկության գլխավոր նպատակին՝ ցողունային բջիջների՝ նեյրոնների դիֆերենցվելու գործառույթի նպաստմանը հանգեցնում: Մինչդեռ քրքումի անուշաբույր հանուկը մեկ քայլ առաջ է գրանցում՝ այդ ուղղությամբ», - նշել է Քյոլնի համալսարանական հիվանդանոցն ու Յուլիխի նյարդաբանության եւ բժշկության ինստիտուտը ներկայացնող փորձագետ, հետազոտության ավագ հեղինակ դոկտոր Ադել Ռոյգերը:

Այդուհանդերձ, գիտնականները խոստովանում են, որ դեռեւս հավելյալ հետազոտություններ են պահանջվում՝ համոզվելու համար, որ վերը նկարագրված ազդեցությունը կարող է նաեւ մարդու նկատմամբ տարածվել: Եթե ամեն ինչ հաջող անցնի, առաջարկվող մեթոդը կարող է հեղափոխական նշանակություն ձեռք բերել՝ նյարդադեգեներատիվ հիվանդությունների բուժման հարցում: Խոսքն այն խանգարումների մասին է, որոնք ուղեղի եւ ողնաշարի մեջ առկա ցողունային բջիջների «առողջական վիճակի» վատթարացմամբ են բնորոշվում, ինչպիսիք են Ալցհեյմերի եւ Պարկինսոնի հիվանդությունները, ցրված սկլերոզը, ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզն ու Հանգթինգթոնի հիվանդությունը: 

Հիշյալ հիվանդություններով տառապող մարդկանց թիվն այսօր բավականին մեծ է եւ, ԱՄՆ բնակիչների պարագայում, առաջիկա 30 տարիներին 12 մլն-ի հասնելու միտում ունի: Այնպես որ դրանց բուժման արդյունավետ եղանակների հայտաբերումը հարաճուն հրատապությամբ աչքի ընկնող նպատակ է դառնում:

«Կյանքի համեմունք» անվամբ հայտնի քրքումը, բացի թուրմերոնից, եւս մեկ օգտակար՝ հակաբորբոքային հատկությամբ օժտված բաղադրիչ ունի: Խոսքը քրքումինի մասին է, որը շաքարախտի, արթրիտի ու Ալցհեյմերի հիվանդության դեմ պրոֆիլակտիկ պայքարի հրաշալի միջոց է հանդիսանում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել