Կեղծված կամ ոչ պատշաճ կերպով արված բոտոքսի ներարկումները վտանգավոր ռեակցիա են առաջացրել ինը նահանգի 19 մարդու մոտ, երկուշաբթի օրը զգուշացրել են ԱՄՆ առողջապահության ոլորտի պաշտոնյաները:
Իր նախազգուշացման մեջ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) հայտնել է, որ ինը մարդ հոսպիտալացվել է, ևս չորսը ստացել են հակատոքսինային բուժում այն մտավախության պատճառով, որ բոտուլինային տոքսինը տարածվել է ներարկման տեղի սահմաններից դուրս:
Նմանատիպ ռեակցիաներ են նկատվել Կոլորադոյում, Ֆլորիդայում, Իլինոյսում, Կենտուկիում, Նեբրասկայում, Նյու Ջերսիում, Նյու Յորքում, Թենեսիում և Վաշինգտոնում:
Բոլոր 19 հիվանդները կանայք են և նրանց տարիքը տատանվում է 25-ից 59 տարեկանի սահմաններում, ըստ CDC-ի: Բոլորը, բացառությամբ մեկի, ներարկումները ստացել են կոսմետիկ նպատակներով։
Ինչպե՞ս կարող են կանայք պաշտպանել իրենց բոտոքսի ներարկումների ժամանակ:
CDC-ը խորհուրդ է տալիս հետաքրքրվել կլինիկաներից կամ սպա-սրահներից՝ արդյո՞ք, նրանք լիցենզավորված և վերապատրաստված են ներարկումներ իրականացնելու համար: Նաև խորհուրդ է տրվում հետաքրքրվել՝ արդյո՞ք, արտադրանքը հաստատված է FDA-ի կողմից և ստացվել է հուսալի աղբյուրից: Եթե կասկածում եք, մի կատարեք ներարկումներ:
Բոտոքսը, որը հաճախ օգտագործվում է միմիկական կնճիռների բուժման համար, բայց հաստատված է տարբեր բժշկական կիրառումների համար, պարունակում է նեյրոտոքսինի մաքրված ձևը, որը կոչվում է բոտուլինային տոքսին, որը կաթվածահար է անում մկանները: Երբ նույն թույնը հայտնաբերվում է սննդի մեջ, դա կարող է հանգեցնել տարածուն կաթվածի և նույնիսկ մահվան, նշել է CDC-ն:
Բոտուլիզմը հազվադեպ, բայց լուրջ հիվանդություն է, որն առաջանում է մանրէներից արտազատվող տոքսիններից, որոնք ախտահարում են նյարդային համակարգը: Ախտանիշներից են մշուշված տեսողությունը, առարկաները զույգ տեսնելը, կոպերի կախվածությունը, շնչառության դժվարությունը, հոգնածությունը, անհասկանալի խոսքը կամ խռպոտ ձայնը: Բուժման բացակայության դեպքում մկանային կաթվածը կարող է զարգանալ և մահվան ելք ունենալ:
Clostridium botulinum մանրէները գտնվում են բոտոքսի և նմանատիպ կոսմետիկ միջոցների կազմում: Դեղամիջոցի մաքրված ձևը կոսմետիկ նպատակներով օգտագործելու համար հավանություն է ստացել ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վերահսկման վարչության կողմից:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր