• Latest news

Գիտնականները ինսուլտից վերականգնման մեխանիզմ են հայտնաբերել

15 հոկտեմբերի, 2014  18:46

Շվեդիայում գործող Լունդի համալսարանի եւ Կարոլինյան ինստիտուտի գիտնականները ուղեղի՝ ինսուլտից հետո ինքնավերականգնման մեխանիզմ են հայտնաբերել: Science ամսագրում հրապարակված հոդվածի հեղինակները նկարագրել են, թե ինչպես կարելի է, «աստրոցիտներ» անվամբ հայտնի օժանդակ բջիջների օգնությամբ, օրգանի վնասված նյարդային բջիջների՝ նեյրոնների վերականգնման հասնել, հաղորդում է Medical Daily-ն:

Ինսուլտի առաջացման պատճառը ուղեղի մեջ արյան խցանումը կամ արյունահոսությունն է, ինչը շրջակա նյարդերի մահվան կարող է հանգեցնել: Այդ իսկ պատճառով էլ ինսուլտի ենթարկված հիվանդների մոտ հաճախ զգացական, կոգնիտիվ եւ մոտորային գործառույթների կորուստ է նկատվում՝ օրգանին թթվածին հասցնող բջիջներն այլեւս չեն կարող իրենց հիմնական գործառույթն իրականացնել, ինչը հիշյալ կարողություններից զրկման է հանգեցնում: Այդուհանդերձ, ինչպես վերը հիշատակված հետազոտության արդյունքում է պարզվել, աստրոցիտների «միացում» ենթադրող մեխանիզմի ակտիվացման պարագայում կարելի է նոր նեյրոնների արտադրության խթանման եւ կորսված գործառույթների վերականգնման հասնել: 

«Այն, որ աստրոցիտները, ինսուլտից հետո, նոր նյարդային բջիջների ստեղծմանը հանգեցնող գործընթաց մեկնարկելու հատկություն ունեն՝ բացարձակ նորություն էր մեզ համար», - մեկնաբանել է փորձարարական բժշկական հետազոտությունների պրոֆեսոր Զաալ Կոկայան՝ Լունդի համալսարանից: Վերջինս իր՝ Կարոլինյան ինստիտուտը ներկայացնող գործընկերների հետ միասին գրեթե մեկ տասնամյակ առաջ պարզել է, որ ինսուլտի ենթարկված հիվանդի ուղեղն իր սեփական ցողունային բջիջների օգնությամբ վնասվածքից վերականգնվելու ներուժ է դրսեւորում: Նոր բացահայտմամբ պարզաբանում է տրվում այն հարցին, թե հատկապես ինչը կարող է ինքնավերականգնման մեխանիզմի մեկնարկի խթան դառնալ:

Գիտնականների նախաձեռնությամբ՝ վնասված ուղեղով լաբորատոր մկների նկատմամբ իրականացված փորձարկումների ընթացքում հաջողվել է աստրոցիտներին նյարդային բջիջների վերածվելու ազդանշան հաղորդել:

Գիտահետազոտական խմբի անդամները համոզած են, որ բացահայտումը կարող է ոչ միայն ինսուլտի ենթարկված, այլ նաեւ Պարկինսոնի եւ Հանթինգթոնի ու մի շարք այլ հիվանդություններով ախտորոշված մարդկանց նկատմամբ վերականգնողական թերապիայի գործարկման միջոց ծառայել: Թեեւ, արդյունավետության ստուգման առումով, դեռեւս հավելյալ հետազոտությունների կարիք է զգացվում:

Ինսուլտի ամերիկյան ասոցիացիայի գնահատմամբ, ուղեղի կաթվածից վերականգնումը ներկայումս կարող է «մի ամբողջ կյանք» տեւել: Նույնիսկ էքստենսիվ մտավոր, ֆիզիկական եւ էմոցիոնալ մարզումները բոլոր դեպքերում չէ, որ լիարժեք ապաքինման են հանգեցնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել