• Latest news

Կարո՞ղ է Facebook-ն օգնել կանգնեցնել Էբոլա տենդի տարածումը

17 հոկտեմբերի, 2014  11:38

Աշխարհում Էբոլա տենդի նման լուրջ բռնկում դեռեւս չէր եղել: Եվ մինչ երկրները մտածում են հիվանդությունը վաղ շրջանում ախտորոշելու եւ դրա հետագա տարածումը կանխելու մասին, աֆրիկյան երկրներում հիվանդների թիվն աճում է սարսափեցնող արագությամբ:

Նման իրավիճակում իշխանություններն ու հասարակությունը միջոցներ են փնտրում՝ տենդի տարածումը եւ աֆրիկյան երկրների սահմաններից դրա դուրսբերումը կանխելու համար: Որոշ մասնագետներ կարծում են, որ այդ հարցում կարող են օգնել սոցիալական ցանցերը, մասնավորապես՝ Facebook-ը, քանի որ այն միլիոնավոր օգտատերեր ունեցող աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցն է:

Facebook-ը տեղեկատվության բավական արժեքավոր աղբյուր է: Մարդկանց առօրյայի մասին տվյալների վերլուծությունը կարող է օգնել պարզել որոշակի միտումներ, որոնց նախկինում բավարար ուշադրություն չի դարձվել:

Օրինակ՝ վերջերս Science Magazine գիտական ամսագիրը հայտնաբերել է, որ Google Flu Trends-ը (Google-ի նախագիծ, որը այս կամ այն տարածաշրջանում հարբուխի բռնկման մասին տեղեկատվություն է տրամադրում՝ հիմնվելով այնտեղ բնակվող մարդկանց որոնողական հարցումների վրա) հարբուխի տարածմանը հետեւում է ավելի արագ, քան Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը: Սակայն այդ տեղեկությունների ճշգրտությունը կարող է որոշակի հարցերի տեղիք տալ, քանի որ, Google-ի վարկածի համաձայն, հարբուխով հիվանդների թիվն ավելին է եղել, քան նշվել է բժշկական կառույցների տվյալներում եւ զեկույցներում:

Բոլորովին վերջերս Հարվարդի համալսարանի HealthMap-ը գրավել էր հասարակության ուշադրությունը՝ այս տարվա մարտի 14-ին Էբոլայի մասին առաջին հիշատակումների շուրջ մոնիթորինգի պատճառով: ԱՀԿ-ի մասնագետները համաճարակի սկսվելու մասին պաշտոնապես հայտարարեցին միայն 9 օր անց: Իսկ HealthMap-ը համաճարակի մասին իմացել էր՝ վերլուծելով սոցիալական ցանցերում արված միլիոնավոր գրառումները: Պարզվում է՝ Գվինեայում Էբոլա տենդին առաջինը բախված բժիշկներն այդ մասին գրել են իրենց բլոգներում:

Բազմաթիվ մասնագետների կարծիքով, այսօր Facebook-ի նման կայքերը կարող են հսկայական դեր կատարել այլ երկրներում համաճարակի բացահայտման եւ դրա կանխարգելման գործում: Facebook-ում բժիշկների եւ այլ բուժաշխատողների կատարած գրառումների շնորհիվ աշխարհը կարող է վերջին նորությունները սկզբնաղբյուրից ստանալ, իսկ պատասխանատու կազմակերպությունները կարող են միջոցներ ձեռնարկել տենդի տարածումը կանխելու համար:

Մյուս կողմից, նույն Facebook-ի պատճառով կարող է չհիմնավորված խուճապ առաջանալ, եթե մարդիկ սովորական հարբուխը շփոթեն Էբոլայի հետ եւ սխալ տեղեկություններ տարածեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել