• Latest news

Օստեոպորոզի պրոֆիլակտիկա. Ինչպե՞ս է հարկավոր սնվել եւ ապրել

21 հոկտեմբերի, 2014  16:39

Օստեոպորոզը շատ տհաճ եւ վտանգավոր հիվանդություն է, որի հետեւանքով նույնիսկ ամենաթեթեւ վնասվածքը կարող է լուրջ կոտրվածքներ առաջացնել: Օստեոպորոզը բուժել, իհարկե, հնարավոր է, սակայն, ինչպես այլ հիվանդությունների դեպքում, ավելի դյուրին է այն կանխարգելելը:

Օստեոպորոզի պրոֆիլակտիկայի մասին պետք է նախապես մտածել, ցանկալի է դեռեւս մանուկ տարիքում, երբ մարդու ոսկորներն աճում եւ զարգանում են՝ կալցիումի պաշար կուտակելով: Ի՞նչ է պետք անել օստեոպորոզի կանխարգելման համար:

1. Սնունդ

Սնունդը մեծ դեր է խաղում ոսկրերի ձեւավորման գործում: Եթե ցանկանում եք առողջ, ամուր ոսկորներ ունենալ, հարկավոր է շատ կալցիում եւ D վիտամին օգտագործել, հատկապես օրգանիզմի ակտիվ աճի շրջանում: Պակաս կարեւոր չեն նաեւ այլ հանքանյութերը, մասնավորապես՝ մագնեզիումը եւ ֆոսֆորը, որոնք նույնպես սնուցում են ոսկորները:

Ո՞ր մթերքներում կարելի է գտնել այս բոլոր նյութերը:

Մասնագետները խորհուրդ են տալիս առաջին հերթին ամենօրյա սննդակարգում ներառել կաթնաթթվային մթերքներ (հատկապես պինդ տեսակի պանիրներ), ձվի դեղնուց, ծովային ձկնեղեն, պահածոյացված ձուկ, թարմ կանաչեղեն, հատիկավորներ եւ լյարդ:

Ի դեպ, սննդակարգում աղի ավելցուկը նպաստում է օրգանիզմից կալցիումի մաքրմանը, այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս սահմանափակել աղի օգտագործումը:

Բացի այդ, սննդակարգում ճարպերի ցածր առկայությունը խանգարում է հանքանյութերի, այդ թվում՝ կալցիումի յուրացմանը, այդ պատճառով մշտապես դիետաների հետեւող աղջիկները բոլորից շատ են ենթարկվում օստեոպորոզով հիվանդանալու վտանգին:

2. Ֆիզիկական ակտիվություն

Պարզվում է՝ ֆիզիկական ակտիվությունը նույնպես պգնում է պահպանել ոսկրերի խտությունը, սակայն հարկավոր է սպորտով զբաղվել մանուկ տարիքից, քանի որ օստեոպորոզի առաջացումից հետո մարզումներն այլեւս ոչ մի օգուտ չեն տալիս:

Օստեոպորոզի պրոֆիլակտիկայի համար մասնագետները խորհուրդ են տալիս մարզանք անել, պարերով, ֆիթնեսով, աէրոբիկայով զբաղվել կամ մարզասարքերի վրա վարժություններ կատարել: Իհարկե, չափն անցնել պետք չէ. ծանրաբեռնվածությունը պետք է չափավոր լինի եւ չգերծանրաբեռնի օրգանիզմը:

Ի դեպ, 3-4 ամսվա ընթացքում անկողնային ռեժիմը 10-15%-ով նվազեցնում է ոսկրազանգվածի ծավալը, այդ պատճառով առանց ծայրահեղ անհրաժեշտության պասիվ կենսակերպ վարել խորհուրդ չի տրվում:

3. Կենսակերպ

Ծխելն ու ալկոհոլը ոչ միայն մեծացնում են քաղցկեղի տարբեր տեսակների առաջացման վտանգը, այլեւ բացասաբար են անդրադառնում ոսկրերի առողջության վրա: Նույնիսկ ամենափոքր չափաբաժնով ալկոհոլը նվազեցնում է օստիոսինթեզը՝ ոսկրային նոր հյուսվածքների ձեւավորումը եւ խանգարում է դեպի ոսկրեր, հատկապես դեպի ողնաշար հանքանյութերի մուտքը: Իսկ ծխելը, ինչպես հայտնի է, մազանոթների երկարատեւ կծկում է առաջացնում եւ խոչընդոտում դեպի ոսկրեր հանքանյութերի մուտքը:

Ի դեպ, սուրճը նույնպես բավական վնասակար է ոսկորների համար, քանի որ այն նպաստում է ոսկրերից կալցիումի հեռացմանն ու երիկամների միջոցով օրգանիզմից դրա դուրս գալուն: Եթե ցանկանում եք առողջ ոսկորներ ունենալ, ցանկալի է հրաժարվել ալկոհոլից, ծխախոտից եւ սուրճից:

Շատ մասնագետներ նաեւ խորհուրդ են տալիս 50 տարեկանից հետո ժամանակ առ ժամանակ ստուգել ոսկրերի խտությունը. դա արվում է հատուկ սարքի՝ դենսիտոմետրի օգնությամբ: Երեւանյան հիվանդանոցներում, ի դեպ, Ջոն Բելիզիկյանի շնորհից 7 դենսիտոմետր կա: Նման մեկական սարք էլ գոյություն ունի Գյումրիում եւ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել