• Latest news

Ռաբդոմիոսարկոմայի եւ սրտի քաղցկեղի այլ՝ չափազանց հազվագյուտ տեսակների մասին

17 նոյեմբերի, 2014  17:01

Գլխուղեղի, արյան, թավշային հանգույցների, թոքերի, ոսկրի եւ օրգանիզմում առկա ցանկացած օրգանի ու համակարգի քաղցկեղ կարելի է պատկերացնել: Սակայն ո՞րն է պատճառը, որ ողջ կյանքի ընթացքում հազիվ թե սրտի քաղցկեղով ախտորոշման գեթ մեկ դեպքի մասին լսենք: Մի՞թե սիրո խորհրդանիշը համարվող օրգանը ինչ-որ գերբնական դիմադրողականություն ունի՝ մահացու հիվանդության նկատմամբ: Ավաղ, երեւույթի պատճառը շատ ավելի «աշխարհիկ» է, քան առաջին հայացքից է թվում, հաղորդում է Medical Daily-ն:

«Սրտի քաղցկեղ եւս կարող է լինել: Բայց հիվանդությունն այնքան հազվագյուտ բնույթ ունի, որ նույնիսկ կարող ենք երբեք չլսել դրա մասին», - նշել է Hofstra North Shore-LIJ բժշկական դպրոցի դոցենտ դոկտոր Ժակլին Բարիենտոսը:

Եւ իսկապես, սրտի չարօրակ ուռուցքները, որոնք, մասնավորապես, ռաբդոմիոսարկոմա անվամբ են հայտնի, չափազանց հազվադեպ են ի հայտ գալիս: Սարկոման ուռուցքի այն տեսակն է, որը փափուկ հյուսվածքներից է առաջանում: Ռաբդոմիոսարկոմայի առաջացման համար էլ, հետեւապես, սրտի մկանային հյուսվածքներն են պատասխանատու: Հիվանդությունը, դիահերձման ավելի քան 12 հազար դեպքերի առնչությամբ կազմված զեկույցների արդյունքների վերլուծությամբ, նույնիսկ 0,1 տոկոսից էլ պակաս հաճախականությամբ է ի հայտ գալիս: Վերը հիշատակված պարագայում ընդամենը 7 անձանց մոտ է սրտի առաջնային ուռուցք հայտնաբերվել (առաջնային ուռուցքն այն է, որը ծագման վայրում եւ ոչ՝ տարածմամբ ախտարհարված որեւէ այլ օրգանում է գտնվել):

Այսինքն, ինչպես Մայոյի ինստիտուտը ներկայացնող մասնագետներից մեկը՝ դոկտոր Թիմոթի Մոյնիհանն է մեկնաբանում, «քաղցկեղը գլխավորապես այլ օրգաններից տարածման արդյունքում է սրտի տարածք ներթափանցում: Ասել է, թե՝ գրեթե միշտ երկրորդային ուռուցքների հետ գործ ունենք»: Հստակ պատկերացնելու համար, թե ինչի մասին է խոսքը, հարկավոր է մի քանի հիմնարար տեղեկությունների տիրապետել:

Մարդու օրգանիզմում աստղաբաշխական, իսկապես անհաշվելի թվով բջիջներ կան: Որոշ հաշվարկների համաձայն, դրանց մոտավոր քանակը 37,2 տրիլիոնի է հասնում: Առողջ մարդու օրգանիզմում բջիջները, համագործակցությամբ, հսկածավալ աշխատանք են կատարում՝ յուրաքանչյուրը կոնկրետ նպատակի համար աճելով, մասերի բաժանվելով (ինքն իրեն փոխարինելու համար) եւ արդյունավետությամբ ոչնչանալով: Քաղցկեղն, ըստ էության, հիշյալ բջջային գործընթացներից շեղում է հանդիսանում: 

Խոսքը, մասնավորապես, բջիջների անվերահսկելի աճի մասին է, որի պատճառը դրանցից յուրաքանչյուրի կորիզի մեջ առկա գենետիկ նյութին՝ ԴՆԹ-ին պատճառված վնասն է հանդիսանում: Սովորաբար նման դեպքերում բջիջները կամ վերանորոգում են վնասված ԴՆԹ-ն, կամ մահանում: Սակայն քաղցկեղի առանձնահատկությունն այն է, որ դրա առկայության պարագայում բջիջները շարունակում են բաժանվել եւ իրենց ավելի մեծ թվով անառողջ օրինակները ստեղծել: Քաղցկեղային բջիջների եւս մեկ առանձնահատկությունն այն է, որ դրանք կարող են այլ հյուսվածքների մեջ ներաճել: Նորմալ բջիջները ունակ չեն այդպիսի «ներխուժման»:

«Այլ օրգաններից դեպի սիրտը տարածված քաղցկեղի» մասին խոսելիս դոկտոր Մոյնիհանը հենց վերը նկարագրված ներխուժումը նկատի ունի: Քաղցկեղը նախ մարմնի որեւէ այլ հատվածում է առաջանում, այնուհետեւ էլ՝ սրտի տարածք մուտք գործում:

Վեյլ Քորնելի բժշկական քոլեջը ներկայացնող դոցենտ դոկտոր Միտչել Գեյնորի հաղորդմամբ, սրտի տարածք ներխուժած երկրորդային ուռուցքները «գլխավորապես թոքերից, կերակրափողից, երբեմն նաեւ՝ լյարդից ու ստամոքսից են գալիս»: Ավելին՝ նույնիսկ լեյկոզային բջիջները կարող են սրտի մեջ ուռուցք առաջացնել: Հատկանշական է, որ այդ՝ տարբեր աղբյուրների ուռուցքները «սովորաբար սրտի աջ հատվածում են ի հայտ գալիս»: Դոկտոր Գեյնորի մեկնաբանմամբ, սա այն վայրն է, որտեղից արյունը սիրտ է մտնում:

Բայց հիմա կասեք՝ ուռուցքը ուռուցք է: Ինչպե՞ս են բժիշկները հասկանում, թե որտեղից է այն առաջացել: Հատկապես եթե երկրորդ գոյացությունը առաջինից հետո՝ տարիներ անց է ի հայտ եկել: Բանն այն է, որ ցանկացած ուռուցք իր առաջնաղբյուրին հատուկ բջիջներ է պարունակում: Եթե, օրինակ, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը ուղեղին է հասել, ապա դրա բջիջները, մանրադիտակով ուսումնասիրելիս, բոլորովին նման չեն լինի սկզբնապես ուղեղում ի հայտ եկած ուռուցքի բջիջներին եւ, ընդհակառակը, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բջիջներին կնմանեցվեն: 

Սակայն եթե երկրորդային ուռուցքներն այդքան հեշտությամբ են սիրտ ներթափանցում, ինչո՞ւ օրգանի առաջնային քաղցկեղ էլ չի կարող առաջանալ: Դոկտոր Գեյնորի մեկնաբանմամբ, ամեն ինչի պատճառը, սկզբից մինչեւ վերջ, մարդու գեներն են:

Հավանաբար տեղյակ եք, որ մարդ արարածն իր գեների կեսը հորից է ժառանգում, մյուս կեսն էլ՝ մորից: Մինչդեռ դա չի նշանակում, որ «մեր գենետիկ ճակատագիրը կնքված է»: Մասնագետի խոսքով, գեների արտահայտման եղանակը ողջ կյանքի ընթացքում անփոփոխ չէ, եւ հենց դա էլ երբեմն քաղցկեղ է ծնում: Խոսքը, մասնավորապես, շրջակա միջավայրից եւ սննդի հետ օրգանիզմ ներթափանցված կանցերոգենների ազդեցությամբ գեների արտահայտմանը (ակտիվացմանը) եւ դրանց ակտիվացման հաճախականությանը պատճառված փոփոխություններին է վերաբերում:

«Հատկապես մեծ ծավալով տոքսիններ կարելի է կրծքագեղձի հյուսվածքներում գտնել, քանի որ դրանք ճարպային բջիջների հարուստ պաշարով են աչքի ընկնում: Ընդհանուր առմամբ, տոքսիններն այնտեղ են փնտրում, որտեղ ճարպ գոյություն ունի», - մեկնաբանել է դոկտոր Գեյնորը:

Հենց դրանում էլ սրտի ինքնատիպությունն է կայանում: Քանի որ դրա մեջ չափազանց փոքր ծավալով ճարպային հյուսվածքներ կարելի է գտնել: Բացի այդ, սիրտը հատուկ՝ սրտապարկ անվամբ հայտնի, հեղուկով լի մեմբրանի մեջ է առնված, որն ինքնին կարող է ուռուցքների տարածման զոհը դառնալ, բայց եւ արդյունավետ պաշտպանություն է ապահովում՝ այդքան թանկարժեք օրգանի համար:

Մի խոսքով, սրտի բնական իմունիտետը՝ քաղցկեղի նկատմամբ, դրա մկանային կառույցի եւ սրտապարկի պաշտպանության հաշվին է ապահովում: Այ թե ինչ է նշանակում՝ խելացի օրգան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել