• Latest news

Էբոլան սարսափազդու է, սակայն հակաբիոտիկների նկատմամբ կայունությանը չի կարող հասնել

25 նոյեմբերի, 2014  15:02

Էբոլան իսկական մղձավանջ կարող է դառնալ: Առատ արյունահոսություն եւ օրգանների անբավարարություն հրահրելու հատկության շնորհիվ այն մահացության չափազանց բարձր ցուցանիշ է «վայելում»:  Եվ այդուհանդերձ, որքան էլ աֆրիկյան բուժկենտրոնում մահացող հիվանդների երեւակայական տեսարանը սարսափ ներշնչի մարդուն, իրականությունն այն է, որ մինչ այժմ արեւմտյան երկրներում մահացու վտանգավոր տենդով վարակման ոչ ավել, քան հատուկենտ դեպքեր են գրանցվել՝ չնայած Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում երբեմն հնչեցվող կեղծ ահազանգների, հիշեցնում է The Guardian-ը:

Բացի այդ, ի անտեսումն գիտական փաստարկների, Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիստին պարտադիր կարանտին է սահմանել առողջապահական ոլորտի՝ Գվինեայից, Սիերա-Լեոնեից եւ Լիբերիայից վերադարձող աշխատակիցների համար, իսկ Դոնալդ Թրամփն էլ հեմոռագիկ տենդով վարակված ամերիկացիների վերադարձն արգելելու առաջարկությամբ է հանդես եկել՝ չնայած այն հանգամանքին, որ, վարակի վերահսկմանը միտված ընթացակարգերի պահպանման պարագայում, այդ մարդիկ նվազագույն վտանգ կարող են ներկայացնել՝ երկրի բնակիչների համար:

Մինչ այդ Էբոլայի՝ համաճարակի հիմնական գոտուց դուրս գտնվող երկրներում տարածման ռիսկը ճիշտ գնահատելու համար մի շարք հանգամանքներ պետք է հաշվի առնել: Նախ այն, որ ներկայիս համաճարակի վերարտադրման ցուցանիշը 1-2 է կազմում, այսինքն՝ յուրաքանչյուր հիվանդ հասցնում է միջինը 1-2 մարդու վարակել: Կարմրուկն, օրինակ, չափազանց բարձր՝ 18-ի հասնող ցուցանիշ ունի, ինչը հատկապես հիվանդության դեմ պատվաստանյութի կիրառմանը դեմ արտահայտվող ակտիվիստները պետք է մտապահեն:

Էբոլան ոչ թե օդակաթիլային ճանապարհով է տարածվում, այլ՝ մարմնից արտանետվող հեղուկ զանգվածների միջոցով: Բացի այդ, որեւէ վկայություն չկա առ այն, թե հեմոռագիկ տենդը կարող է ասիմպտոմատիկ հիվանդից փոխանցվել, թեեւ նրա մահից հետո վիրուսը դեռեւս կարող է տարածվել, ինչն էլ համաճարակի բորբոքման հիմնական պատճառներից մեկն է հանդիսանում, քանի որ Արեւմտյան Աֆրիկայում հուղարկավորության ընթացքում մահացածին դիպչելու եւ համբուրելու ծիսակարգ է գործում:

Չնայած ընկալմանը, թե Էբոլան ծնկի է բերել աֆրիկյան երկրներին, հատկանշական է, որ հեմոռագիկ տենդի ներկայիս համաճարակի տարածման գոտին գլխավորապես Սիերա-Լեոնեի, Լիբերիայի եւ Գվինեայի տարածքներով է սահմանափակվում, ինչը մայրցամաքի բնակչության ընդամենը մի փոքր եւ ամենաաղքատ մասն է կազմում: Համարվում է, որ հիշյալ երկրներում համաճարակը նաեւ գրագիտության եւ կրթության ցածր մակարդակի արդյունքում է այսչափ լայն թափ հավաքել:

Ասել է, թե՝ որքան էլ մեծ լինի լրատվամիջոցների ուշադրությունը՝ հեմոռագիկ տենդի նկատմամբ, իրականությունն այն է, որ, չնայած մահացության բարձր ցուցանիշին, ի համեմատություն մալարիայի, տուբերկուլյոզի եւ թերսնման, անհամեմատ առավել նվազ թվով աֆրիկացիներ են ընթացիկ համաճարակի զոհը դառնում:

Այդուհանդերձ, հայտնի է, որ լրատվամիջոցների անդրադարձը՝ առողջապահության ոլորոտի այս կամ այն խնդիրներին, խիստ անհամաչափորեն է մարդկանց մտահոգությունների եւ բուժօգնության դիմելու հակման վրա անդրադառնում: Հատկապես երբ խոսքն այս կամ այն հռչակավոր մարդու՝ որեւէ հիվանդությամբ ախտորոշման մասին է: Քայլի Մինոգի մոտ կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման մասին լուրերն Ավստրալիայում մամոգրագիկ հետազոտության հաճախելիության ցուցանիշի՝ 40 տոկոսի չափով ավելացման էին հանգեցրել: Ցուցանիշի աճն առավել ակնառու էր այն կանանց շրջանում, որոնք առաջին անգամ էին հետազոտվելու ցանկություն հայտնել (101 տոկոս):

2009թ.-ին Մեծ Բրիտանիայում Ջեյդ Գուդիի մահը՝ արգանդի վզիկի քաղցկեղից, ավելի մեծ արձագանք էր ծնել՝ բժշկական կոնսուլտացիայի շտապող բրիտանուհիների շրջանում: Միայն մարտ ամսին հետազոտության պահանջարկի՝ 70 տոկոսի չափով աճ էր գրանցվել՝ գլխավորապես երիտասարդ կանանց շրջանում:  

Այդուհանդերձ, սեփական առողջության նկատմամբ ուշադրության՝ լրատվամիջոցների հրահրմամբ ի հայտ եկող էֆեկտը երկար չի տեւում: 2012թ.-ին, Գուդիի մահից երեք տարի անց, Մեծ Բրիտանիայում քսուք հանձնելու ցանկություն ունեցող կանանց թիվը վերջին տասը տարիների նվազագույն ցուցանիշին էր հասել:  Այնպես որ, որքան լրատվամիջոցների ուշադրությունն է անցողիկ, այնքան էլ դրա հանրային էֆեկտը կարող է կարճ կյանք ունենալ:

Նույն տրամաբանությամբ էլ տարիներ առաջ ԿԿԽ-ի շուրջ էին խուճապային տրամադրություններ ստեղծվել՝ այն մտահոգմամբ, թե իբր դրա դեմ առաջարկվող վակցինացիան կարող է աուտիզմի պատճառ դառնալ: Մինչդեռ այդ պնդումների հիմքում նույնիսկ ամենաթույլ գիտական փաստարկներ անգամ հնարավոր չէր գտնել: Լրատվամիջոցների սադրանքով վեր հառնած ենթադրությունն, այդուհանդերձ, հաջողացրել է վակցինացիոն ցուցանիշների կրճատման եւ մի քանի դեպքերում համաճարակների բռնկման ու մահվան ելքով հիվանդացության դեպքերի արձանագրման պատճառ դառնալ:

Մինչդեռ իրական վտանգ ներկայացնող մի շարք խնդիրներ, որոնք, սակայն, հետաքրքրություն չեն ներկայացնում՝ լրատվամիջոցների համար, կարող են ստվերում մնալ: Մինչ լրատվական գործակալությունները շտապում են մեկը մյուսի հետեւից Էբոլայի՝ Եվրոպայում կամ ԱՄՆ-ում տարածման անհավանական սցենարներն առաջ քաշել, դոկտոր Կեյջի Ֆուկուդայի (ԱՀԿ) հրապարակային զգուշացումները՝ հակաբիոտիկային կայունության հարաճուն վտանգի մասին, քչերի ականջին են հասանելի դառնում:

Մինչդեռ խոսքն այստեղ բոլորովին էլ անորոշ ապագայում ի հայտ գալիք հիպոթետիկ վտանգի մասին չէ՝ հակաբիոտիկների դեմ կայունությունն արդեն իսկ մեր իրականության մասն է կազմում: Նախկինում բուժելի համարվող մի շարք հիվանդություններ՝ գոնորեան, թոքաբորբը, աղիքային ցուպիկը, ստաֆիլակոկն ու տուբերկուլյոզն այլեւս կայունություն են ձեռք բերել՝ հակաբիոտիների բազմաթիվ տեսակների նկատմամբ եւ վերջերս արդեն այդ դեղամիջոցների հայտնաբերման պահից ի վեր աննախադեպ թվով մարդկանց մահվան պատճառ դարձել:

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնի գնահատմամբ, ամեն տարի ամերիկացիների մոտ հակաբիոտիկների նկատմամբ կայուն հիվանդությամբ վարակման երկու միլիոն դեպք է գրանցվում, որից 23 հազարը՝ մահվան ելքով: Գրեթե նույնպիսի ցուցանիշներ էլ Եվրոպայում են արձանագրվում:

Ահա սա է այն իրական վտանգը, որ կարող է լուրջ վնաս պատճառել մեզ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել