• Latest news

Փոքրիկ մագնիսները լուրջ վնաս են պատճառել երեխայի աղիքներին

12 դեկտեմբերի, 2014  16:12

Վերջերս Մեծ Բրիտանիայում 16 փոքրիկ մագնիսներ կուլ տված 10-ամյա տղա է շտապ վիրահատության ենթարկվել: Տեղեկությունը մանկական խաղալիքների մեջ մագնիսների առկայության հետեւանքով ի հայտ եկող վտանգների շուրջ BMJ Case Reports ամսագրում հրապարակած զեկույցից է քաղվել:

Բժիշկները ստամոքսի ցավերից բողոքող տղայի աղիներում Magnicube խաղ-գլուխկոտրուկի՝ միմյանց միացած գնդաձեւ մագնիսներ են հայտնաբերել, ինչի արդյունքում օրգանը ոչ միայն կծկվել էր, այլ նաեւ անցքեր տվել, որոշ հատվածներում էլ՝ հյուսվածքներ կորցրել, հաղորդում է FoxNews-ը:

Խոսքը բավականին լուրջ վնասվածքների մասին է, որոնք, զեկույցի հեղինակների հավաստիացմամբ, կարող են մահացու վտանգավոր ինֆեկցիայի առաջացման պատճառ դառնալ:

«Մագնիսը խաղալիք չէ՝ երեխայի համար», - նշել է դոկտոր Ռիչարդ Հեսքեթը՝ Լոնդոնում գործող Արեւմտյան Միդլսեքսի համալսարանական հիվանդանոցից, ով պատմության հերոսի բուժմամբ է զբաղվել:

«Կարծում եմ՝ ծնողների մեծ մասը, եթե պատկերացում ունենային, թե որչափ վտանգավոր կարող են մագնիսի կտորները լինել՝ կուլ տալու պարագայում, երեխաներին թույլ չէին տա դրանցով խաղալ», - համոզմունք է հայտնել նա:

Վիրաբույժները ստիպված են եղել տղայի աղիներից 10 սմ երկարությամբ հատված հեռացնել եւ օրգանի պատերին առաջացած 4 անցքեր կարել: Ընդհանուր առմամբ, երեխան 2 շաբաթ է անցկացնել հիվանդանոցում:

Հետազոտությամբ վկայություններ են ձեռք բերվել առ այն, որ վերջին տասը տարիներին երեխաների շրջանում մագնիս կուլ տալու հետեւանքով վնասվածքների ստացման դեպքերի կտրուկ աճ է գրանցվել: Փորձագետները զգուշացնում են, որ վերջերս շուկայում հայտնված փոքր չափերի, բայց առավել հզոր մագնիսները կարող են անհամեմատ մեծ վնասներ պատճառել: Հենց այդպիսի խաղաքարերից էլ Magnicubes գլուխկոտրուկն է բաղկացած, ինչի հետեւանքով դրա վաճառքն ամիսներ առաջ ի վերջո դադարեցվել է: Մինչ այդ բազմաթիվ բողոքներ էին ստացվել՝ խաղաքարերը կուլ տալու արդյունքում ստացված վնասվածքների վերաբերյալ: 

Այդուհանդերձ, ներկայումս բազմաթիվ այլ խաղալիքներ նմանատիպ բաղադրիչներ են պարունակում: Բնականաբար, դրանց վտանգավորության մասին պիտակներում ներառված հատուկ նշումներն ի վիճակի չեն հետ պահել երեխաներին՝ ձեռքի տակ ընկածը բերանը տանելու գաղափարից:

«Ամենակարեւորը տեղեկացված լինելն է: Կարծում եմ՝ մարդիկ պարզապես չեն պատկերացում, որ այդչափ անմեղ թվացող իրը կարող է մեծ վնաս պատճառել», - նշել է դոկտոր Հեսքեթը:

Ծնողների համար դժվար է միանշանակ պնդել, որ երեխան մագնիս է կուլ տվել, եթե անձամբ չեն տեսել, եւ երեխան էլ չի հիշում, քանի որ արդյունքում ի հայտ եկող ախտանշանները, օրինակ՝ որովայնային ցավը, խիստ ընդհանրական բնույթ են կրում: Պատմության հերոսի պարագայում սկզբից բժիշկներին թվացել էր, թե տղան ստամոքսի գրիպ ունի, եւ միայն հաջորդ օրը, երբ ախտանշանները սրվել էին, մագնիսների հայտնաբերմամբ ավարտված ռենտգեն հետազոտություն էր իրականացվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել