• Latest news

Ինչո՞ւ Հայաստանը գլխավորեց անառողջ սննդակարգով երկրների ցուցակը. մեկնաբանում է փորձագետը

25 փետրվարի, 2015  14:15

Միջազգային հետազոտությունը, որի համաձայն, Հայաստանը գլխավորել էր անառողջ սննդակարգ ունեցող երկրների ցուցակը իր ճշգրտությամբ եւ վստահելիությամբ բացառիկ զեկույց էր։ Նման կարծիք է հայտնել «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանը՝ փետրվարի 25-ին կայացած ասուլիսի ժամանակ մեկնաբանելով Global Burden of Diseases Nutrition and Chronic Diseases Expert Group (NutriCoDE) խմբի հետազոտության արդյունքները։

Ըստ նրա՝ զեկույցը կազմվել է՝ հաշվի առնելով մի քանի գործոն. ներկրվող պարենային ապրանքները, երկրում արտադրվող պարենային ապրանքները, իրացվող պարենային ապրանքները, ինչպես նաեւ սննդամթերքների հասանելիության մակարդակն ու երկրի սոցիալ-տնտեսական մակարդակը։ Պիպոյանը նշել է, որ վերջին երկու գործոնների հաշվարկի արդյունքում էլ հենց Հայաստանը բարձրացել է ցուցակի առաջին հորիզոնական։ Այդ գործոնները շատ կարեւոր են հասկանալու համար, թե ինչու է մեր ազգը օգտագործում անառողջ սննունդ. չէ՞ որ առողջ սնունդ համարվող մթերքներից շատերը, օրինակ՝ ծովի ձուկը, պարզապես հասանելի չեն բնակչությանը։

Պիպոյանը նշել է, որ ի սկզբանե սխալ պատկերացում էր ստեղծվել այն մասին, որ հետազոտությունը կապ ունի սննդամթերքի անվտանգության հետ, սակայն անվտանգ եւ անառողջ սնունդը երկու տարբեր հասկացություններ են։ Մասնագետը պարզաբանել է, որ ուսումնասիրությունները կատարվել են՝ հաշվի առնելով տվյալ երկրում առողջ եւ անառողջ մթերքների օգտագործման հարաբերակցությունը։ Առողջ մթերքների ցուցակում են հատիկավորները, ձավարեղենը, լոբազգիները,  միրգ-բանջարեղենը, ծովի ձուկը, կարմիր միսը, կալցիում եւ օմեգա-3 չհագեցած յուղաթթուներ պարունակող մթերքները եւ դիետիկ սննդամթերքը։ Անառողջ մթերքների շարքին են դասվում գազավորված ըմպելիքները, վերամշակված միսը, յուղոտ սնունդը, նատրիում եւ հագեցած յուղեր պարունակող մթերքները։

Պիպոյանի խոսքով՝ հետազոտությունը ցույց է տվել, որ Հայաստանի բնակիչներն իրենց սննդակարգում առավելապես օգտագործում են երկրորդ ցուցակի մթերքները, ինչը անհանգստության համար լուրջ պատճառ է։ «Սակայն ես չեմ կարող հիշել ասենք Առողջապահության նախարարության կողմից նկարահանած գոնե մեկ սոցիալական հոլովակ, որը առողջ սննդակարգ կքարոզի»,- եզրափակել է Պիպոյանը։

«Հրապարակվել է մի տեղեկատվություն, որն իրականում պետք է մտահոգի մեզ բոլորիս։ Մենք շատ հաճախ կատակ էինք անում, վերահսկողությանը կամ շուկային անդրադառնալիս, հետամնացության աստիճանով մեզ համեմատում էինք Մոզամբիկի հետ։ Բայց ներողություն, մենք հասել ենք այնպիսի վիճակի, որ հիմա Մոզամբիկում կարող են ասել. դառել ենք Հայաստան։ Ամոթ է, ու շատ ավելի ամոթ է, որ պատկան մարմինները սրան դեռ չեն արձագանքել», – ասաց նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել