Biogen Idec ամերիկյան ընկերությունը հայտնել է Ալցհեյմերի բուժման աշխարհում առաջին իրապես օգնող դեղորայքի ստեղծման մասին: Biogen Idec ընկերության բաժնետոմսերը դեկտեմբերից արդեն իսկ թանկացել են 50%, եւ դեղորայքի հաջող վաճառքի դեպքում կարող են միլիարդավոր դոլարներ արժենալ:
Դեկտեմբերին ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ նրանց նոր «Ադուկանումաբ» դեղորայքը թույլ է տալիս զգալիորեն կանխել կոգնիտիվ խախտումները հիվանդների մոտ՝ կլինիկական փորձարկումների առաջին փուլի արդյունքներով: Օրերս Նիցայում կայացած միջազգային կոնֆերանսի ընթացքում, որը նվիրված էր Ալցհեյմերի ու Պարկինսոնի հիվանդություններին, տեղի ունեցավ դեղորայքի թեստավորման վերջնական արդյունքների հրապարակումը:
«Ադուկանումաբը» (BIIB037) նախատեսված է ուղեղը ամիլոիդ կուտակումներից մաքրելու համար, որոնք, ինչպես ընդունված է կարծել, հիշողության վատթարացման եւ Ալցհեյմերի բացասական մի շարք այլ հետեւանքների պատճառ են:
«Ադուկանումաբի» փորձարկման առաջին փուլը 166 հիվանդ էր ներառում, որոնց պատահականության սկզբունքով դեղի տարբեր չափաբաժիններ էին նշանակվում կամ պլացեբո: Դեղորայքը ոչ միայն դանդաղեցնում էր կոգնիտիվ գործառույթների վատթարացումը, այլ նաեւ զգալիորեն մաքրում էր ուղեղը ամիլոիդ կուտակումներից, եւ, ինչքան բարձր էր չափաբաժինը, այդքան արդյունավետ էր դեղորայքը: Կոգնիտիվ գործառույթների գնահատման համար հիվանդները հատուկ 30 բալ նախատեսող թեստեր էին անցնում: Միջինում այն մարդիկ, որոնք պլացեբո են ընդունել, մեկ տարի անց 3.14 բալ պակաս էին ստանում, դեղորայքի առավելագույն չափաբաժինն ընդունածները՝ 0.58 բալ պակաս, մնացածները՝ 0.75 բալ պակաս:
Բժիշկների խոսքով՝ նոր դեղորայքի ազդեցությունը ոչ միայն համապատասխանում էր մասնագետների ակնկալիքներին, այլ որոշ դեպքերում նաեւ գերազանցում էր դրանք՝ հիվանդության զարգացումը կանխելու տեսանկյունից: Որոշակի վտանգ է ներկայացնում, սակայն կողմնակի ազդեցությունը, որը կարող է ի հայտ գալ առավելագույն չափաբաժինն ընդունելու դեպքում:
Ընկերությունը պատրաստվում է լայնածավալ փորձարկումներ անցկացնել այս տարվա ընթացքում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր