• Latest news

Արմեն Մուրադյանն ամիսը մեկ անգամ հրավիրում է բժիշկներին առանց փողկապների հանդիպման

22 մայիսի, 2015  00:19

Հայաստանի Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր, մայիսի 21–ին, Կոլոպրոկտոլոգների Ասոցիացիայի անդրանիկ նիստի ժամանակ բժիշկներին առաջարկել է ամիսը մեկ անգամ Բժշկական պետական համալսարանում «առանց փողկապների» եւ առանց լրագրողների հանդիպումներ կազմակերպել համակարգի խնդիրներն ու ծրագրերը քննարկելու նպատակով:

Այս առաջարկը նա արել է այն բանից հետո, երբ ներկաներն իրենց ելույթներում մի շարք նուրբ հարցեր են շոշափել։ Մասնավորապես, ՀՀ ԱՆ գլխավոր ուրոլոգ Իվան Աղաջանյանը խոսել է բժշկական էթիկայի կանոնների անհրաժեշտությունից, ասելով, որ այսօր բժիշկները գումար վաստակելու համար վիրահատություններ են կատարում անգամ այն դեպքերում, երբ դրանք ցուցված չեն։ Նույն խնդրի մասին խոսել է նաեւ ՀՀ ԱՆ գլխավոր վնասվածքաբան Վաչագան Այվազյանը, հավելելով, որ անհրաժեշտ է մշակել չափորոշիչներ՝ այն նվազագույն պահանջները, որոնց դեպքում պետք է կատարել վիրահատություն։ Նա նաեւ նշել է, որ պետք է լինի հստակ բաժանում, թե որ բժիշկը ինչ գործողություն կամ ինչ բարդության վիրահատություն իրավունք ունի կատարել։  

Պատասխանելով նրանց առաջարկներին, առողջապահության նախարարը նշել է, որ ստեղծվելիք հավաստագրման կենտրոնը, գործող մասնագիտական Ասոցիացիաների հետ համագործակցելով, կտա այս բոլոր խնդիրների լուծումը։ Ավելին, այն կկանոնակարգի նաեւ Հայաստան ժամանող արտերկրի մասնագետների գործունեությունը, որոնք այսօր «շատ արագ եւ քիչ պատասխանատվությամբ հնարովորություն են ստանում իրականացնել բժշկական գործունեություն» եւ «դա վերածվում է բիզնես պրոյեկտների»։

«Հավաստագրումը լինելու է ոչ անձնավորված, այսինքն, կապ չի ունենալու բժշկի մեծ ավանդն ու անցած ճանապարհը։ Հայաստանում բժշկական գործունեության իրավունք կունենան այն բժիշկները, ովքեր 5 տարվա ընթացքում 220 կրեդիտ կհավաքեն։

Բացի այդ, եթե ՀՀ ժամանեն մասնագետներ արտերկրից, նրանք պետք է այդ հավաստագրման կենտրոնում ստանան թույլտվություն։ Շատ լիբերալ այդ թույլտվությունը պետք է լինի, բայց, համենայն դեպս, պետք է լինի», – ասել է նա։

Ինչ վերաբերում է մասնագետների նկարագրին, թե ով ինչ իրավունք ունի անելու, ապա, ըստ նախարարի, յուրաքանչյուր պաշտոնը պիտի ունենա իր աշխատանքային նկարագրի անձնագիրը, եւ դրանց մշակմամբ այժմ զբաղվում է ՀՀ ԱՆ Առողջապահության ինստիտուտը։

«Որովհետեւ կլինիկական օրդինատուրան եւ ռեզիդենտուրան բավարար ծավալ չեն, որպեսզի այսօրվա սրընթաց զարգացող բժշկության պայմաններում նա կարողանա իրականացնել վիրահատություններ, որոնք, ցավոք, շուկայական պայմաններում ձեւավորվում են արդեն որպես պարզ վուլգար շուկա։ Ես կողմնակից եմ, որ այս ամենը չափագրվի, եւ թույլտվությունը լինի միայն եւ միայն հավաստագրման կենտրոնի կողմից տրված», – ասել է նա։

Նախարարը նաեւ նշել է, որ այսօր ցավով է հետեւում բժիշկների դեմ դատական պրոցեսներին, մինչդեռ դրանց լուծումը միայն եւ միայն տարիներ շարունակ չարչրկված, բայց այդպես էլ օրենքի ուժ չստացած չափորոշիչներն են։

«Մեղավորությունը կա թե չկա, կարելի է ասել միայն այն հանգամանքից հետո, երբ խաղի կանոնները տրված են թղթին, այսինքն, պրոտոկոլները ֆիքսված են, բոլորի համար ընդունելի են։ Սա է ապագան», – ասել է Արմեն Մուրադյանը։  

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել