• Latest news

Հայաստանն ու Իրաքյան Քրդստանը քննարկել են համագործակցությունը առողջապահության ոլորտում

30 հուլիսի, 2015  18:19

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի եւ  Իրաքյան Քրդստանի պլանավորման նախարար Ալի Սինդիի հանդիպման ընթացքում քննարկվեցին  երկկողմ հարաբերությունները զարգացնելու  հնարավորությունները: 

Ալի Սինդին նշեց, որ իրենք շահագրգռված են Հայաստանի հետ առողջապահության բնագավառում առավել ակտիվ եւ արդյունավետ համագործակցություն ծավալելու հարցում:

Քրդստանն ունի շուրջ 5 մլն բնակչություն,  եւ առողջապահությունն իրենց երկրի առավել զարգացած ոլորտներից է, որտեղ արդիական է պետական եւ մասնավոր հատվածների փոխգործակցության խնդիրը: 

 Մասնագիտությամբ բժիշկ նախարարն ընդգծեց, որ ինքը հետաքրքրված է ոլորտում բարեփոխումների իրականացմամբ:  Նա նկատեց, որ Հայաստանն արտերկրի ուսանողների համար գրավիչ է բժշկագիտական կրթություն ստանալու տեսակետից:

Արմեն Մուրադյանը հյուրին ներկայացրեց մեր երկրի առողջապահության համակարգում իրականացվող ծրագրերը` հավելելով, որ քայլեր են ձեռնարկվում որակի  ներդրման եւ վերահսկման ուղղությամբ:

ՀՀ առողջապահության նախարարն անդրադարձավ  վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին, հանրային առողջապահական ծրագրերին` խոսելով նաեւ իմունականխարգելման ազգային ծրագրի գրանցած հաջողությունների մասին:  Ներկայացվեցին նաեւ շտապօգնության ոլորտում իրականացվող բարեփոխումները:

«Մենք  մեր բոլոր ծրագրերում առաջին հերթին կարեւորում ենք որակի, մատչելիության եւ հասանելիության սկզբունքը»,-  ընդգծեց Արմեն Մուրադյանը:

Կողմերը կարեւորեցին համատեղ ծրագրերի իրականացումը` պայմանավորվածություն ձեռք բերելով  քայլեր ձեռնարկել համագործակցությունը ընդլայնելու ուղղությամբ:

Նշենք, որ 2012թ. սեպտեմբերին Իրաքի Հանրապետության կառավարության պատվիրակության  Հայաստան կատարած այցի շրջանակներում երկու երկրի առողջապահության նախարարությունների միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում պարտավորվել են  համագործակցել  մի շարք ոլորտներում: 2013թ. մարտին Հայաստանում էր Իրաքի առողջապահության նախարարության պատվիրակությունը:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել