• Latest news

«Կոչումով բժիշկ» նախագծի հերթական թողարկումը նվիրված է Զոհրաբյանների ընտանիքին

30 նոյեմբերի, 2015  10:30

Կոչումով բժիշկների եւս մեկ ընտանիք, որն իր ներդրումն է ունեցել Հայաստանի առողջապահական համակարգի եւ բժշկագիտության զարգացման գործում: Զոհրաբյանների բժշկական գերդաստանի ներկայացուցիչներն այսօր էլ շարունակում են նպաստել մեր երկրում կարեւորագույն այս ոլորտի առաջընթացին:

Զոհրաբյանների բժշկական առաջին ճյուղի ներկայացուցիչը Գեւորգ Զոհրաբյանն է, որից էլ սերնդեսերունդ փոխանցվել է բժշկի բարձր կոչումը: Ընդամենը մեկ տարվա աշխատանքի շնորհիվ նրան հաջողվել է ձեռք բերել հմուտ բժշկի համբավ: Որպես քիթ-կոկորդ-ականջաբան` հրավիրվել է աշխատանքի Երեւանի 2-րդ հիվանդանոցում` դառնալով մեր երկրի լարինգիոլոգիայի հիմնադիրներից մեկը:

Բժշկուհի կնոջ` Ելենա Ավագյանի հետ միասին Գեւորգ Զոհրաբյանը դաստիարակել եւ բժշկի մասնագիտությունը փոխանցել է չորս զավակներից երկուսին: Ավագ որդին` Յուրին, ուրոլոգ է, Հովհաննեսը` մանկական սրտաբան: Եղբայրները բժշկական գիտությունների թեկնածու են, դոցենտ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի հայաստանյան մասնաճյուղի իսկական անդամ: Յուրի Զոհրաբյանը նաեւ վերոնշյալ կառույցի փոխնախագահն է:

Հինգ շրջանների ուրոլոգիական ծառայությունը ինքնուրույն ղեկավարելը դյուրին աշխատանք չէր, սակայն հենց այդ ժամանակահատվածում նա հմտացավ, ձեռք բերեց գիտելիքների մեծ պաշար: Թեկնածուական թեզը Յուրի Զոհրաբյանը պաշտպանել է Լենինգրադում, ապա անցել դասախոսական աշխատանքի` ստանալով նաեւ դոկտորի կոչում: Այնուհետեւ անվանի մասնագետը հրավիրվել է բժշկական համալսարան` ստանձնելով ուրոլոգիայի բաժնի վարիչի պարտականությունները: Այդ ամբիոնի բազան «Արմենիա» բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան էր, որի ղեկավարումը նույնպես վստահված էր Յուրի Զոհրաբյանին: Հենց այստեղ է ճանաչված ուրոլոգին հաջողվում մեր երկրում ներդնել աշխարհի առաջատար փորձը, կիրառել նորարարությունները, համագործակցել արտերկրի հեղինակավոր բժշկական կենտրոնների հետ:

Ընտանիքի բժշկական երրորդ սերունդը ներկայացնում է Յուրի Զոհրաբյանի որդին` Արամ Զոհրաբյանը: Նա` որպես նեղ մասնագիտացում, նույնպես ընտրել է ուրոլոգիան: Բժշկի ուղին է ընտրել նաեւ Յուրի Զոհրաբյանի դուստրը` Արուս Զոհրաբյանը: Բժշկական մայր բուհը գերազանցությամբ ավարտելուց հետո նա մասնագիտական գործունեությունը շարունակում է Միացյալ նահանգներում: Հայ բժշկուհուն հաջողվել է անգամ օվկիանոսից այն կողմ բարձր պահել Զոհրաբյանների բժշկական ընտանիքի պատիվը եւ մասնագիտանալ գինեկոլոգիայի ոլորտում: Նա նաեւ ղեկավարում է «Hollywood Presbyterian» բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքը:

Հովհաննես Զոհրաբյանի երկու որդիներից Ալբերտը, եւս ընտրել է բժշկի մասնագիտությունը: Մեծ է երիտասարդ բժշկի ներդրումը սրտաբանության, մասնավորապես մանկական սրտաբանության զարգացման գործում:

Յուրի Զոհրաբյանի մյուս եղբոր` Լեոնիդի որդին` Կարենը, եւ նրա կինը Տաթեւիկը, նույնպես համալրեցին բժշկական այս մեծ ընտանիքի շարքերը, երկուսն էլ մասնագիտանալով սրտաբանության ոլորտում:

Զոհրաբյանների ընտանիքում առաջիկայում նախատեսվում է նաեւ բժշկական եւս մեկ սերնդի ավելացում: Յուրի Զոհրաբյան կրտսերը` Արամ Զոհրաբյանի 12-ամյա որդին, բժիշկ դառնալու հարցում հաստատակամ է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել