• Latest news

Աշխարհը ե՞րբ պատվաստանյութ կստանա Զիկա վիրուսի դեմ

2 փետրվարի, 2016  14:04

Զիկա տենդը գնալով նորանոր երկրներ է ընդգրկում եւ հանգեցնում է միկրոցեֆալիայով եւ այլ բնածին արատներով հազարավոր երեխաների ծննդի: Գիտնականներին կհաջողվի՞ մոտ ժամանակներիս Զիկա վիրուսի դեմ պատվաստանյութ մշակել: 

Արդյունավետ պատվաստանյութի մշակման համար գիտնականներին երեքից հինգ տարի անհրաժեշտ կլինի, կարծում է Բրազիլիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Ժակ Վագները: Հենց Բրազիլիայում է տենդը մեծ տարածում ստացել վերջին ամիսների ընթացքում, ինչի հետեւանքով միկրոցեֆալիայով ավելի քան 3500 երեխա է ծնվել: 

«Եթե մեր բախտը բերի, դա երեք տարուց կլինի: Բայց կարող է լինել նաեւ երեքից հինգ տարվա ընթացքում», - ասել է Վագները:

Ավստրալացի գիտնականները, սակայն, հույս ունեն, որ պատվաստանյութն ավելի վաղ կհայտնվի: Նրանք ենթադրում են, որ Չիկունգունիա տենդի (որը եւս փոխանցվում է մոծակի խայթոցով) դեմ պատվաստանյութը, որ Հարավային Ավստրալիայի համալսարանի գիտնականները մշակել են Sementis ընկերության հետ համատեղ, հնարավոր կլինի փոփոխել եւ հարմարեցնել Զիկա վիրուսի դեմ պայքարին: Չիկունգունիա տենդի դեմ պատվաստանյութը մշակվել է 4 տարվա ընթացքում եւ նախակլինիկական հետազոտությունները ցույց են տվել, որ 100 տոկոսով արդյունավետ է:

Պատվաստանյութը Զիկա վիրուսի դեմ պայքարին հարմարեցնելու համար գիտնականներին անհրաժեշտ կլինի  անվտանգ միջոց գտնել վիրուսից առանձնացնելու  գեները եւ դրանք ներմուծելու օրգանիզմ, որպեսզի վերջինս, հակամարմիններ ստեղծելով, սովորի պայքարել այդ վիրուսի դեմ: Գիտնականները մտադիր են մոտ ապագայում հետազոտություններ սկսել այդ ոլորտում, սակայն խոստովանում են, որ պատվաստանյութի վերջնական տարբերակի մշակման եւ դրա շուկայում հայտնվելու համար կարող են տարիներ պահանջվել: 

Ֆրանսիական Sanofi ընկերությունն իր հերթին հայտնել է, որ մեկնարկել է պատվաստանյութի մշակման նոր նախագիծը, որի նպատակներից մեկը Զիկա տենդի կանխարգելումն է: Ընկերությունն արդեն պատվաստանյութեր է մշակել դեղին տենդի եւ ճապոնական էնցեֆալիտի դեմ եւ մոտ ապագայում կհայտնվի նաեւ Դենգե տենդի դեմ նրանց պատվաստանյութը: Ընկերության մասնագետների կարծիքով, առկա փորձն իրենց կօգնի նաեւ Զիկայի դեմ պատվաստանյութ մշակել:  

Այնուամենայնիվ, գիտնականների մեծամասնությունը վստահ է, որ նույնիսկ դեղերի եւ պատվաստանյութերի խոշորագույն արտադրողների ուժերի մոբիլիզացիայի դեպքում հազիվ թե մոտ ապագայում Զիկա վիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութ հայտնվի: Ինչպես նշում է Նյու Յորքի Բժշկական քոլեջի պրոֆեսոր Ռոբերտ Ամլերը, պատվաստանյութերի եւ հակավիրուսային դեղամիջոցների մշակման համար շատ ժամանակ կպահանջվի, այդ պատճառով Զիկա տենդի դեմ պատվաստանյութը հազիվ թե պատրաստ լինի մոտ ապագայում ներկայիս համաճարակի դեմ պայքարելու համար: 

Մելբուրնի համալսարանի Նոսալի անվան Գլոբալ առողջության ինստիտուտի պրոֆեսոր Քեմերոն Սիմոնսն իր հերթին հիշեցրել է, որ Դենգե տենդի վերաբերյալ 14 840 գիտական աշխատանք է գրվել, 73 764 աշխատանքի հեղինակ ուսումնասիրել է հեպատիտ  С-ի վիրուսը, իսկ Զիկա վիրուսի վերաբերյալ ընդամենը 242 աշխատանք կա, դա է պատճառը, որ այդ վիրուսի մասին առայժմ քիչ բան է հայտնի: 

Քանի դեռ Զիկա տենդի դեմ պատվաստանյութ գոյություն չունի, Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության մասնագետները երկրներին կոչ են անում պայքարել այն միջատների դեմ, որոնք կարող են փոխանցել վիրուսը, իսկ մարդկանց կոչ են անում ամեն կերպ խուսափել խայթոցներից եւ զգուշություն պահպանել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է