• Latest news

Նախազգուշացում զբոսաշրջիկներին՝ Զիկա տենդից խուսափելու համար

5 փետրվարի, 2016  18:44

Զիկա տենդը Զիկա վիրուսով հարուցված միջին ծանրության հիվանդություն է: Այն տարածված է արեւադարձային եւ մերձարեւադարձային երկրներում, քանի որ հիմնականում փոխանցվում է այդ կլիմայական գոտիներում տարածված Aedes aegypti ցեղի մոծակի միջոցով: Վերջերս ԱՄՆ-ում արձանագրվել է սեռական ճանապարհով Զիկա վիրուսի փոխանցման 1 դեպք:

Զիկա տենդի գաղտնի շրջանը ստույգ հայտնի չէ, ենթադրվում է, որ այն տեւում է մի քանի օրից մինչեւ մեկ շաբաթ: Համարվում է, որ վարակվածների միայն 20-40%-ի մոտ է հիվանդությունը կլինիկորեն արտահայտվում: Զիկա տենդի ախտանշանները նման են Դենգեի, Չիկունգունյա տենդերին, սակայն ավելի մեղմ են՝ տենդ, ցան, հոդացավ, շաղկապենու բորբոքում, մկանացավ, գլխացավ, հոգնածություն: Հիվանդությունը տեւում է 2-7 օր: Հիվանդության ծանր ձեւերը հազվադեպ են հանդիպում եւ դրանք հիմնականում կրում են նյարդաբանական բնույթ: Հազվադեպ են գրանցվում նաեւ մահվան դեպքեր:

Մինչ օրս նկարագրվել է վիրուսի շրջանառությունը Աֆրիկա, Ամերիկա, Ասիա մայրցամաքներում եւ Խաղաղ օվկիանոսի կղզիներում:

2013 թվականին Ֆրանսիական Պոլինեզիայում Զիկա տենդի բռնկման ժամանակ նկարագրվել է Զիկա վիրուսով հիվանդացման եւ Գիեյն-Բարեի համախտանիշի (նյարդային համակարգի ախտահարում, որն ուղեկցվում է մկանային թուլությամբ) առաջացման կապը: 2014 թվականին Ֆրանսիական Պոլինեզիայում, ինչպես նաեւ 2015 թվականին Բրազիլիայում տեղի ունեցած բռնկման ընթացքում՝ հղի կանանց վարակման դեպքում նկարագրվել է նորածինների միկրոցեֆալիայի եւ զարգացման այլ բնածին արատների առաջացումը:

2016 թվականի փետրվարի 1-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշել է Զիկա տենդով պայմանավորված իրավիճակին համակարգված միջազգային արձագանքի անհրաժեշտությունը՝ բարելավելու հիվանդության համաճարակաբանական հսկողությունը, վարակի, բնածին արատների եւ նյարդաբանական բարդությունների հայտնաբերումը, ակտիվացնելու մոծակների դեմ պայքարի միջոցառումները, արագացնելու ախտորոշիչ թեստերի եւ պատվաստանյութերի մշակումը՝ պաշտպանելու վտանգավոր տարածքներում գտնվող մարդկանց, հատկապես կանանց՝ հղիության ընթացքում: Զիկա վիրուսի տեսանկյունից անապահով երկրներ միջազգային ճանապարհորդությունները եւ այցելությունները չեն սահմանափակվել:

Նկատի ունենալով Զիկա տենդի համաճարակային լարված իրավիճակն աշխարհում, Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության շրջանում հիվանդության կանխարգելման նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է «Զիկա տենդի համաճարակաբանության, ծագումնաբանության, դեպքի ստանդարտ բնորոշման, բուժման, կանխարգելման» մեթոդական ուղեցույցը, «Նախազգուշացում զբոսաշրջիկներին՝ Զիկա տենդից խուսափելու համար» վերտառությամբ պաստառը, ինչպես նաեւ հանձնարարվել է ՀՀ պետական սահմանի անցակետերում ուժեղացնել սանիտարակարանտինային հսկողությունը Զիկա տենդի կասկածով հիվանդների հայտնաբերման համար:

Նշենք, որ Զիկա վիրուսի դեմ կանխարգելիչ պատվաստանյութ դեռեւս չի ստեղծվել: Խորհւրդ է տրվում հղի կանանց, ինչպես նաեւ նրանց, ովքեր պլանավորում են հղիանալ, խուսափել Զիկա վիրուսի տարածման երկրներ այցելելուց:

Հանրային առողջապահական տեսակետից, հիվանդության փոխանցումը կանխելու համար, շատ կարեւոր է Զիկա տենդով հիվանդների համար հիվանդության առաջին օրերին զերծ մնալ մոծակների խայթելուց: Զիկա տենդի փոխանցողը՝ մոծակը, խայթում է եւ՛ շինությունների ներսում, եւ՛ դրսում, հիմնականում մթնշաղին: Այնուամենայնիվ, պաշտպանիչ միջոցների կիրառումն անհրաժեշտ է ամբողջ օրվա ընթացքում: Խորհուրդ է տրվում կրել երկարաթեւ հագուստ, օգտագործել միջատավանիչ նյութեր եւ սարքեր: Միջատավանիչ նյութերն անվտանգ կիրառելի են բոլորի համար՝ ներառյալ հղի եւ կերակրող մայրերին: Դրանք կարող են կիրառվել նաեւ երեխաների պաշտպանության համար՝ համաձայն ուղեկցող հրահանգների: Սենքերում օդի լավորակման եւ վարագույրների, ցանցերի կիրառումը կպաշտպանի մոծակներից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել