• Latest news

Դերային խաղերի, անհայտ աստվածների եւ անարդարացի հասարակության մասին. հոգեբույժի մեկնաբանությունները

11 փետրվարի, 2016  01:42

Երբ իշխանությունը պատկանում է մարդկանց, որոնք, հոգեբանության մեջ առկա դերային խաղերի համաձայն, երեխա են հանդիսանում եւ գործում են  «ես այսպես եմ ուզում, ինձ այսպես դուր է գալիս» սկզբունքով, այդ պետությունը չի կարող կայանալ, կարծում է հոգեբույժ Սամվել Սուքիասյանը: 

Նրա խոսքով, հոգեբանության մեջ երեք հիմնական դերային խաղ կա` չափահաս, ծնող եւ երեխա. երեք դեր, որոնցում մենք օբյեկտիվորեն գտնվում ենք:   «Պետությունը չափահասն է, նա օբյեկտիվ է, ոչ ծնող. ծնողը կարող է սուբյեկտիվ լինել: Իսկ երեխան ասում է.  «ես ուզում եմ, ինձ համար էսպես լավ է»: Իսկ մեզ մոտ պետության մակարդակում պարադոքս է, այնտեղ դեռահաս տղաներ են նստած, այնտեղ պետական այրեր չկան: Նման պետությունը չի կարող կայանալ», - նշել է նա NEWS.am Medicine-ի հետ զրույցում:

Հոգեբանությունից քաղաքականության ոլորտին անցնելով` Սամվել Սուքիասյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունն իր գոյության ավելի քան 20 տարիների ընթացքում այդպես էլ չորոշարկեց իր առաջնահերթությունները, գաղափարախոսությունը, պատկերավոր ասած` չբարձրաձայնեց իր աստվածներին: 

«Մեր պետությունը չի հայտնել, թե ովքեր են մեր աստվածները: Ղարաբաղն էլ մեզ համար աստված չէ, եթե աստված կար, մենք կորցրել ենք նրան: Լեզուն էլ աստված չէ, այս հողն էլ աստված չէ, որովհետեւ սա չէ Հայաստանը: Մենք չենք որոշել գաղափարախոսությունը` ազատակա՞ն է, սոցիալիստակա՞ն, ի՞նչ տեսակի:  Որն է իշխող Հանրապետական կուսակցության գաղափարախոսությունը: Նժդե՞հը:   Դրանից ֆաշիզմի հոտ է գալիս, չնայած դա փոքր ժողովրդի ֆաշիզմ է եւ սարսափելի չէ: Մարդիկ միավորվում են գաղափարի շուրջ, իսկ մենք այդ միավորող գաղափարը չունենք», - նշել է նա:

Սամվել Սուքիասյանի գնահատականով, ժամանակակից Հայաստանը ֆեոդալա-սոցիալիստական պետություն է:  «Մեզ մոտ կապիտալիստական պետություն չէ, կապիտալիստական պետության մեջ շուկան է իշխում, ոչ թե արեւելյան բազարը», - ասել է նա:

Հոգեբույժը նշել է, որ հայկական պետության ամենամեծ թերությունն այն է, որ այն անհավասար եւ անարդար է: Նրա խոսքով, աշխարհում ոչ մի տեղ հավասար հասարակություն չկա, սակայն կան անհավասար, բայց արդար հասարակություններ, իսկ մեզ մոտ անհավասար եւ անարդար է: Գումարած` մեզ մոտ մի բան է  քարոզվում (եվրոպական արժեքներ), իսկ արվում է ուրիշ բան: Եվ այդ ամբողջ շիլան այն պատճառով է, որ որոշարկված չեն առաջնահերթությունները. մենք ինչ ենք ուզում ուրիշներից եւ ինչ ենք տալիս աշխարհին: 

Սամվել Սուքիասյանը հիշեցրել է, որ 2012-ին հետազոտություն է անցկացվել` ի հայտ բերելու այն գործոնները, որոնք մեզ միավորում են որպես ազգ:   Հետազոտության համաձայն, այդ գործոնները հետեւյալ կերպ են դասավորված. լեզու, պատմություն,   պետություն, մշակույթ եւ ցեղասպանություն: «Դրանից այսօր մնում է միայն լեզուն, ցեղասպանությունը եւ պատմությունը, որը մենք բավարար չափով չենք ճանաչում», - հավելել է նա:

Հոգեբույժը կարծում է, որ հայերն առայժմ պատրաստ չեն այն եվրոպական արժեքներին, որոնք այսօր ակտիվորեն պարտադրվում են մեզ: Այդ պատճառով հասարակությունում հակասություն է առաջանում: «Մեզ քաղաքացիական հասարակության մասին են ասում, բայց մենք հայրիշխանական հասարակություն ենք:  Այն հիմնված է մեծ-փոքր հարաբերությունների վրա, պարտքի զգացման վրա, հոգու ու ջիգյարի։ Հայաստանի շարքային քաղաքացին չի հասկանում, թե քաղաքացիական հասարակությունն ինչ է:  Նա չգիտե, որ այս կամ այն հարցով կարող է օրենքին դիմել:  Նա այդ հարցով կգնա իր գյուղապետի մոտ` խնդրելու, ոչ թե պահանջելու:  Մենք կարծում ենք, որ կարող ենք մարդկային հարաբերությունների օգնությամբ հարցեր լուծել: Եվ  մենք հենց այդպես էլ լուծում էինք, բայց դա ուրիշ պետությունում էր», - ասել է նա` հավելելով, որ արեւմտյան երկրները  100-200 տարվա ընթացքում քաղաքացիական հասարակություն էին ստեղծում, իսկ մենք ուզում ենք 25 տարվա ընթացքում ստեղծել դա ու միաժամանակ մնալ այնպիսին, ինչպիսին կանք, եւ դա հակասության է հանգեցնում: 

Սամվել Սուքիասյանը կարծում է նաեւ, որ ազգային գաղափար ձեւակերպելու համար պետական խելք է անհրաժեշտ, անհրաժեշտ են ուժեղ անհատականություններ, որպիսիք այժմ, դժբախտաբար, չկան: Նրա խոսքով անհրաժեշտ է, որ մի քանի սերունդ փոխվի, որպեսզի գան մեր խորհրդային բարդույթները չունեցող երիտասարդ մարդիկ: Եվ կարեւորը` որ նրանք չհեռանան երկրից կամ էլ որ նրանցից մի քանի խիզախ մարդ վերադառնա:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել