2014 թվականին 5-ամյա Թեդի Վարդը զբոսանքի ժամանակ սայթաքել եւ ընկել է բարձր ժայռից՝ լուրջ վնասվածք ստանալով. գանգի ձախ հատվածի ոսկորները փշրվել են: Երեխան ողջ է մնացել, բայց գանգի վերականգնման վիրահատությունը հաջողությամբ չի պսակվել: Թեդիին տուն են ուղարկել պաշտպանիչ սաղավարտով, որը նա ստիպված էր 24 ժամ կրել:
Տղայի մայրը՝ Լիզա Վարդը, պատմել է, որ որդին չափազանց աշխույժ երեխա էր, բայց վնասվածքի պատճառով չի կարողանում նույնիսկ ընկերներին հյուր գնալ: Թեդիի ընկերների ծնողները նույնպես վախենում էին տղային հյուր կանչել, քանի որ չէին ուզում պատասխանատվություն կրել առանց գանգի երեխայի համար:
Սակայն հիմա այս ամենն անցյալում է: Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի բժիշկները երեխայի խնդրի լուծման ուղի են գտել: Նրանք տղայի համար արդյունաբերական պլաստիկից իմպլանտ են ստեղծել: Թեդիին բուժող բժիշկը՝ Մարկ Ուրատան, պատմել է, որ այս նյութն առանձնանում է ֆիզիկական հատկություններով, որոնք նման են ոսկրային հյուսվածքի հատկություններին:
Վիրահատությունն անցյալ ամիս է կատարվել եւ հաջողությամբ է ավարտվել: Հիմա Թեդի Վարդը կարող է խաղալ ընկերների հետ՝ չվախենալով գլխի համար: Նա կրկին նույնքան ակտիվ երեխա է դարձել, ինչպիսին ընկնելուց առաջ էր: Միակ սահմանափակումը վերաբերում է ֆուտբոլին. Թեդիին չի կարելի ֆուտբոլ խաղալ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր