• Latest news

«Հաղթահարենք քաղցկեղը ժպիտով». Հայաստան են եկել հայտնի ուռուցքաբաններ ԱՄՆ-ից

18 մայիսի, 2016  14:14

«Հաղթահարենք քաղցկեղը ժպիտով» գիտական համաժողովին մասնակցելու համար Հայաստան են եկել Օլիվեր Բոգլերը եւ Հագոբ Քանթարջյանը MD Anderson Cancer Center-ից, Լեսլի Լեհմանը Dana-Farber/Boston Children’s Cancer and Blood Disorders Center-ից եւ ամերիկյան հանրահայտ կենտրոններից այլ մասնագետներ, որոնք զբաղվում են ուռուցքային հիվանդությունների բուժմամբ:  

Ինչպես իր ներածական ելույթում նշել է Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր ուռուցքաբան Հայրապետ Գալստյանը, ուռուցքաբանությունն այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհի բժշկության մեջ լրջագույն խնդիրներից մեկն է մնում.  որոշ հաշվարկների համաձայն, 2020-ին աշխարհում ամեն տարի քաղցկեղի  20 մլն նոր դեպք կգրանցվի եւ դրա պատճառով մոտ 10 մլն մահ: Հայաստանում քաղցկեղի խնդիրը եւս առավել քան այժմեական է. եթե  1995-ին ուռուցքային հիվանդություններ են գրանցվել  100 000 մարդուց  125-ի մոտ, 2015-ին դրանց թիվը կրկնապատկվել է եւ այժմ քաղցկեղ են հայտնաբերում 100 000-ից 278-ի մոտ:

Համաժողովի շրջանակում ԱՄՆ-ից մասնագետները դասախոսություններով հանդես կգան եւ նեղ մասնագիտական վարպետաց դասեր կանցկացնեն հայ բժիշկների եւ ուսանողների համար:  Լրագրողների հետ զրույցում մանկական ուռուցքաբան-հեմատոլոգ Գեւորգ Թամամյանը նշել է, որ այդ ամենը կօգնի բարձրացնել Հայաստանում ուռուցքաբանության զարգացման մակարդակը: Քանի որ ուռուցքային հիվանդությունների բուժումն անընդհատ զարգացող ոլորտ է, հայ մասնագետների համար, Թամամյանի խոսքով, շատ կարեւոր է համընթաց լինել ժամանակի հետ եւ տեղյակ լինել բոլոր վերջին նորություններին: 

Օլիվեր Բոգլերը լսարանին կներկայացնի MD Anderson Cancer Center-ի  քաղցկեղի բուժման հիմնական մոտեցումները, Հագոբ Քանթարջյանը կպատմի լեյկեմիայի առավել տարածված տեսակների բուժման ժամանակակից մոտեցումների մասին: Լեյկեմիայի մասին կխոսեն նաեւ Մարինա Կոնոպլյովան եւ Մարո Օհանյանը: Հագոբ Բեդիկյանը կպատմի մելանոմայի բուժման մասին: Արա  Վապորչյանն իր դասախոսությունում կպատմի թոքերի քաղցկեղի բուժման բազմադիսցիպլինար մոտեցումների մասին, Ավո Արտիկյանը` հաստ աղիքի քաղցկեղի բուժման: 

Լեսլի Լեհմանն իր ելույթում կանդրադառնա երեխաներին ցողունային բջիջների փոխպատվաստման թեմային. այդ թեման շատ հետաքրքիր եւ կարեւոր է հայ մասնագետների համար, որովհետեւ Հայաստանում այժմ բարձր չափաբաժնով քիմիաթերապիայի եւ ցողունային բջիջների փոխպատվաստման կենտրոն է կառուցվում եւ մոտ ապագայում այդ բոլոր տեխնոլոգիաները կսկսեն նաեւ այստեղ կիրառվել: 

Համաժողովի շրջանակում նաեւ հուշագիր կստորագրվի  MD Anderson Cancer Center-ի եւ Հեմատոլոգիայի եւ ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի միջեւ համագործակցության մասին: Հայ մասնագետները այդ համագործակցության շրջանակում հնարավորություն կստանան վերապատրաստում անցնել  MD Anderson Cancer Center-ում, որն աշխարհում քաղցկեղի բուժման առաջատար կենտրոններից մեկն է համարվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել