• Latest news

«Երկար պառկած մնալուց հետո ոտքի կանգնելը անբացատրելի զգացողություն է». վիրավոր զինծառայող

2 հունիսի, 2016  23:01

Պայմանագրային զինծառայող 31-ամյա  Դավիթ Համբարձումովը, որը վիրավորվել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով, երկար ժամանակ պառկած է եղել, իսկ հետո սկսել է տեղաշարժվել հաշմանդամի սայլակի օգնությամբ: Այժմ նա ֆիզիոթերապեւտի օգնությամբ սովորում է կանգնել եւ հույս ունի մոտ ժամանակներս նորից քայլել սկսել:  

«Անբացատրելի զգացում է, երբ երկար պառկած լինելուց հետո արդեն հույս էլ չունես, թե կկարողանաս կանգնել, բայց այնուամենայնիվ կանգնում ես քո ոտքերի վրա: Հույս է առաջանում, որ ապագայում ամեն ինչ լավ կլինի», - խոստովանել է Դավիթը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում:

Դավիթը գլխից վիրավորվել էր Թալիշ գյուղում: Ընկերները եւ հրամանատարը նրան հանել էին գնդակոծության տակից, առաջին օգնություն էին ցույց տվել, իսկ հետո տարել էին Մարտակերտի հիվանդանոց, այնտեղից էլ` Ստեփանակերտ: 

«Կարծում եմ, նրանց շնորհիվ եմ ողջ մնացել: Նրանք ինձ հանեցին եւ կարողացան առաջին օգնությունը ցույց տալ», - պատմել է Դավիթը:

Բժիշկ-ռեանիմատոլոգ Անահիտ Խաչատրյանը  NEWS.am Medicine -ի թղթակցին պատմել է, որ Ստեփանակերտի հոսպիտալում Դավիթին ռեզեկցիոն տրեպանացիա են կատարել եւ գանգից  ոսկրի մի փոքրիկ կտոր են հեռացրել, որպեսզի նվազեցնեն վնասվածքից հետո ներգանգային ճնշումը: Երկար ժամանակ Դավիթն անգիտակից էր, ուղեղում հեմատոմա ուներ եւ աջ եւ ձախ կիսագնդերին լուրջ վնասվածք ուներ. գնդակն անցել էր դրանց միջով: 

Նրա վիճակը վատացել էր անգամ վիրահատությունն անելուց հետո եւ որոշվել էր նրան տեղափոխել երեւանյան հոսպիտալ, որտեղ մասնագետները կարողացել էին կայունացնել նրա վիճակը: 

Մայիսի 16-ին Դավիթին տեղափոխել են Կարմիր խաչի վերականգնողական կենտրոն, որտեղ նրա հետ սկսել են աշխատել ֆիզիոթերապեւտները եւ ռեաբիլիտոլոգները: Երկու շաբաթ առաջ Դավիթի միայն աջ ձեռքն էր աշխատում, իսկ ձախը, ինչպես եւ երկու ոտքը, գործնականում զրկված էին զգայունությունից եւ չէին շարժվում: Քանի որ գնդակն ավելի շատ վնասել էր ուղեղի աջ կիսագունդը, նրա մարմնի ձախ կողմը շատ թույլ էր:  

Այսօր Դավիթն արդեն կարող է գոնե մի քիչ շարժել ձախ ձեռքը: Ոտքի շարժունակությունը եւս վերականգնվում է` դանդաղորեն, բայց որոշակի առաջընթացը նկատելի է:  Դավիթն առայժմ չի կարողանում քայլել. այժմ մասնագետները նրան օգնում են ուղիղ կանգնել. հատուկ մարզասարքերի աջակցությամբ: Նրանց խոսքով, այդ պարապմունքներն անհրաժեշտ են նրա օրգանիզմի ամրապնդման եւ ճնշման կարգավորման համար:  

Անահիտ Խաչատրյանը նշել է, որ Դավիթի դեպքն իրոք հազվագյուտ է, չէ որ գլխի շատ լուրջ վնասվածքից հետո նա ոչ միայն գիտակից է, այլեւ լիովին ադեկվատ եւ նրա բոլոր մտածողական գործառույթները նորմալ են: 

Բժիշկների կանխատեսումներով, Դավիթը հազիվ թե 100 տոկոսով վերականգնվի, նրա մոտ որոշ «մնացորդային երեւույթներ» ամենայն հավանականությամբ կմնան եւ գուցե ձախ վերջույթները   100 տոկոսով շարժական չլինեն: Սակայն Դավիթը, վստահ են բժիշկները, կկարողանա քայլել եւ այսպես կոչված «մնացորդային երեւույթները» չեն ազդի նրա կյանքի որակի վրա. վերականգնումից հետո նա կկարողանա վերադառնալ նորմալ կյանքի: Բայց նրա վերականգնումը երկար եւ համառ աշխատանք կպահանջի ինչպես Դավիթից, այնպես էլ մասնագետներից:  

Ինքը` Դավիթը, իր խոսքով, կանի այն ամենը, ինչ իր ուժերում է, որպեսզի արագ վերականգնվի: Եվ հնարավորինս արագ ընտանիք վերադառնա: Այս սեպտեմբերին նրանց մոտ երկու կարեւոր իրադարձություն է լինելու. ավագ դուստրն առաջին անգամ դպրոց կգնա, իսկ կրտսերը` կծնվի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է