• Latest news

Շարունակական մասնագիտական զարգացում Հայաստանում. այն ամենը, ինչ Դուք կուզեիք իմանալ նոր համակարգի մասին

6 հուլիսի, 2016  13:46

2015-ի հոկտեմբերին Հայաստանի խորհրդարանը փոփոխություններ է ընդունել   «Բնակչությանը բժշկական օգնության տրամադրման մասին» օրենքում, որոնցով երկրում ներդրվում է շարունակական մասնագիտական զարգացման  (ՇՄԶ) միջազգային պահանջներին համապատասխանող համակարգ, որի համաձայն, բոլոր բուժաշխատողները, ինչպես նաեւ ոչ բուժական անձնակազմի որոշ ներկայացուցիչներ  պետք է  5 տարվա ընթացքում որոշակի քանակությամբ կրեդիտային միավորներ հավաքեն, որպեսզի աշխատանքը շարունակելու հնարավորություն ունենան: 

Հայաստանի Առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման բաժնի պետ Սամվել Սողոմոնյանը, Հայաստանի Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը եւ Առողջապահության ազգային ինստիտուտին կից արտոնագրման կենտրոնի ղեկավար Սոնա Սարգսյանը լրագրողներին պատմել են, թե այս համակարգն իրենից ինչ է ներկայացնում: 

Ինչո՞ւ են Հայաստանում ներդնում այդ համակարգը:

Բժշկության ոլորտում գրեթե ամեն օր նոր հայտնագործություններ են կատարվում, այդ պատճառով կարեւոր է, որ բուժաշխատողները, ինչպես նաեւ ոչ բուժական աշխատողները, որոնք գործ են ունենում հիվանդների եւ բժշկական սարքավորումների հետ, ժամանակի հետ համընթաց լինեն եւ իմանան իրենց ոլորտում նորարարությունների մասին: Հենց այդ պատճառով վերապատրաստումների խորհրդային հին համակարգի փոխարեն Հայաստանում որոշվել է նոր համակարգ ներդնել, որը կիրառվում է Եվրոպայի երկրների մեծամասնությունում եւ ԱՄՆ-ում:  

Սամվել Սողոմոնյանը բացատրել է, որ հինգ տարվա ընթացքում բուժաշխատողը պարտավոր կլինի անընդհատ ինքնակրթությամբ զբաղվել, ներկա լինել վերապատրաստման դասընթացների եւ գիտական համաժողովների եւ դրա դիմաց կրեդիտային միավորներ ստանալ: Այդպիսով նա անընդհատ կզարգանա եւ տեղյակ կլինի այդ ոլորտում բոլոր նորարարություններին:  

Մասնագետները նշել են, որ կրեդիտների հավաքումն ինքնանպատակ չէ: Նոր համակարգի ամբողջ իմաստն այն է, որ բուժաշխատողներն անընդհատ սովորեն եւ բարձրացնեն իրենց որակավորումը: 

Քանի՞ կրեդիտ է անհրաժեշտ հավաքել 5 տարվա ընթացքում:

• Բժիշկները պետք է 220 կրեդիտային միավոր հավաքեն:

• Դեղագետները, ինչպես նաեւ այնպիսի մասնագետները, ինչպիսիք բժշկական ֆիզիկոսներն են, պետք է 160 միավոր հավաքեն:

• Բժշկական միջին անձնակազմը` 140 միավոր:

• Դեղագործները եւ դեղատան աշխատողները` 100 միավոր:

Սամվել Սողոմոնյանը նշել է, որ դեղագործները եւս գործ ունեն հիվանդների հետ, այդ պատճառով շատ կարեւոր է, որ նրանք կանոնավորապես վերապատրաստում անցնեն, հենց այդ պատճառով էլ նրանց ներառել են այդ համակարգում, ճիշտ է, նրանց կրեդիտային ավելի քիչ միավորներ կպահանջվեն, քան մնացած մասնագետներին:

Ի՞նչ կրեդիտներ են լինում եւ ինչի համար են ստանում դրանք:

Սոնա Սարգսյանը նշել է, որ կրեդիտային միավորներ ստանալու 3 միջոց կա:

1. Տեսական գիտելիքների ձեռքբերում (գիտական աշխատանքների, ատենախոսությունների հրապարակում, մասնակցություն գիտաժողովներին):

2. Գործնական հմտությունների զարգացում (գիտական աշխատանքների, ատենախոսությունների հրապարակում, մասնակցություն վարպետաց դասերի եւ որակավորման բարձրացման այլ միջոցառումների):

3. Ինքնակրթություն (գիտական աշխատանքների, ատենախոսությունների հրապարակում, առցանց դասընթացներ եւ այլն):

Ինչպե՞ս կարելի է միջոցառում կազմակերպելորի ընթացքում հնարավոր կլինի կրեդիտային միավորներ ստանալ

Հայաստանում կրեդիտները տրվում են Հայաստանի առողջապահության նախարարության կողմից, այդ պատճառով գիտական միջոցառման կազմակերպիչները պետք է դիմեն նախարարությանը: Արտոնագրման կենտրոնի մասնագետները կծանոթանան միջոցառման ծրագրին եւ եթե այն համապատասխանի որոշակի չափանիշների, միջոցառման մասնակիցները կկարողանան կրեդիտային միավորներ ստանալ:

Վերջին տարվա ընթացքում, մասնագետի խոսքով, Հայաստանում արդեն մոտ   110 գիտաժողով եւ այլ միջոցառում է անցկացվել, որոնց ընթացքում հնարավոր էր կրեդիտային միավորներ ստանալ: 

Նշենք, որ բիզնես կազմակերպությունները (ինչպիսիք են դեղեր եւ բժշկական սարքավորումներ արտադրողները) չեն կարողանա այնպիսի միջոցառումներ անցկացնել, որոնց համար հնարավոր է կրեդիտներ ստանալ: 

Ի՞նչ կլինիեթե բուժաշխատողը չհասցնի 5 տարվա ընթացքում հավաքել կրեդիտային միավորների անհրաժեշտ քանակը:

Եթե բուժաշխատողը 5 տարվա ընթացքում չհավաքի կրեդիտների անհրաժեշտ թիվը, նա, օրենքի համաձայն, կզրկվի արտոնագրից եւ բժշկական պրակտիկայով զբաղվելու հնարավորությունից:  Այն կլինիկաների նկատմամբ, որոնք նման մարդուն թույլ կտան աշխատել, պատժամիջոցներ կկիրառվեն: Սակայն, նշել են մասնագետները, բժիշկների եւ կլինիկաների նկատմամբ պատժամիջոցների կիրառումը կսկսվի 2021 թվականի հունվարի 1-ից միայն: 

Ավելին, առայժմ չի վերացվի 5 տարին մեկ վերապատրաստումների նախկին համակարգը, նշել է Սամվել Սողոմոնյանը, եւ այն բժիշկները, որոնք ինչ-որ պատճառով չեն հասցրել կրեդիտներ հավաքել, կկարողանան վերապատրաստման գնալ եւ հավաքել միավորների անհրաժեշտ քանակությունը: 

Ճիշտ է, նախկին վերապատրաստումը կրեդիտային նոր համակարգի համեմատ մի շարք թերություններ ունի. այդ վերապատրաստման համար բժիշկները պետք է մոտ   185 000 դրամ վճարեին, իսկ կրեդիտային համակարգով շարունակական բժշկական կրթության ձեռքբերումն անհամեմատ ավելի էժան կլինի. կրեդիտային միավորներ տվող  գիտաժողովների մեծ մասն անվճար են: Իհարկե կան նաեւ վճարովի գիտաժողովներ եւ առցանց դասընթացներ, սակայն դրանց արժեքը սովորաբար խելամիտի սահմաններում է: 

Իսկ ինչպե՞ս պետք է վարվեն բժշկական համալսարանի շրջանավարտները

Բժշկական համալսարանների շրջանավարտները եւ կլինիկական օրդինատորները կկարողանան առանց որեւէ խնդրի աշխատանքի տեղավորվել, որովհետեւ համարվում է, որ ուսումնառության եւ պրակտիկայի ընթացքում ստացված գիտելիքները  բավարար են, որպեսզի նրանք սկսեն աշխատել: Սակայն նրանք անմիջապես պետք է սկսեն կրեդիտային միավորներ հավաքել, որպեսզի 5 տարի անց դրանց անհրաժեշտ քանակությունն ունենան եւ հետագայում աշխատելու հնարավորություն ստանան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է