• Latest news

Բացառիկ դեպք Հայաստանում. կինը քառյակ է ունեցել՝ երկու զույգ միաձվաբջիջ երկվորյակ

3 սեպտեմբերի, 2016  21:07

Բնական ճանապարհով քառյակով հղիանալու հավանականությունը գրեթե զրոյական է, որպեսզի քառյակ «ստացվի» անհրաժեշտ է, որ միանգամից չորս ձվաբջիջներ բեղմնավորվեն կամ էլ մեկ բեղմնավորված ձվաբջիջից մի քանի կենսունակ սաղմ ստացվի: Թե՛ առաջինը, թե՛ երկրորդը ծայրաստիճան հազվադեպ երեւույթներ են:

Մի քանի ժամ առաջ 27-ամյա Մարիամ Թունյանը լույս աշխարհ է բերել անհավանական քառյակի, որոնցով հղիացել էր բնական ճանապարհով: Պերինատոլոգիայի, մանկաբարձության ու գինեկոլոգիայի ինստիտուտի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը NEWS.am Medicine -ի թղթակցին բացատրել է, որ կնոջ մոտ, ըստ երեւույթին, բեղմնավորվել էին երկու ձվաբջիջներ, որոնցից յուրաքանչյուրը կիսվել է՝ մեկից 2 տղա է ստացվել, երկրորդից՝ 2 աղջիկ, յուրաքանչյուր զույգի համար մեկական ընդերքով:

Հղիության 8-րդ շաբաթում Մարիամը, որը արդեն մեկ դուստր ուներ, իմացել է,որ եկրվորյակ է ունենալու: Ավելի ուշ նրան ասել են, որ իրականում նրա սրտի տակ երկու զույգ երկվորյակներ են՝ այսինքն քառյակ: Կնոջ խոսքով ինքն ու ամուսինը շատ են ուրախացել, երբ իմացել են այդ մասին, քանի որ շատ են սիրում երեխաների:

Երեխաները ծնվել են շտապ կեսարյան հատման միջոցով հղիության 33 շաբաթում, քանի որ մոր պտղաջրերը սկսել էին հոսել:

NEWS.am Medicine -ի թղթակցի հետ զրույցում նեոնատոլոգ Լուսինե Վարդապետյանը նշեց, որ առաջինը ծնված երեխան ամենաամուրն էր՝ նա ինքնուրույն է սկսել շնչել, բղավել, վերակենդանացման միջոցառումների կարիք չի ունեցել: Երկրորդի մոտ շնչառական անբավարարություն կար, ու վերակենդանացման միջոցառումների անհրաժեշտություն էր առաջացել: Երրորդ երեխան՝ աղջիկը, կայուն վիճակում էր, իսկ չորրորդը, եւս աղջիկ, վերակենդանացման միջոցառումների կարիք ուներ:

Երեխաների քաշը մոտավորապես 1400-ից 1800 գրամ էր ու հիմա նրանց վիճակը գնահատվում է որպես ծանր, բայց կայուն: Երեխաները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում ու մայրը, որը վերականգվում է վիրահատությունից հետո, դեռ չի տեսել նրանց:

Մարիամի կողքին՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, պառկած է 28-ամյա Շուշանիկ Ասադյանը, որը սեպտեմբերի 1-ին եռյակ է լույս աշխարհ բերել: Իրենց միջեւ տեղադրված բժշկական սարքավորումների միջից դժվարությամբ իրար տեսնելով՝ կանայք քննարկում են իրենց երեխաներին՝ թե նրանց, որոնք տանն են սպասում, թե անհավանական եռյակին ու քառյակին, որոնք նոր են ծնվել: Հետաքրքիր է, որ Շուշանիկը նույնպես բնական ճանապարհով էր հղիացել եռյակով (երեքն էլ տղաներ), տանը երեք տղաներին սպասում են երկու ավագ քույրերը ու մեկ եղբայր:

Շուշանիկի խոսքով ինքը հղիության միայն 12 շաբաթականում է իմացել, որ ոչ թե մեկ, այլ միանգամից երեք երեխա է ունենալու: Եվ շատ զարմացել է, քանի որ ո՛չ իր, ո՛չ ամուսնու ցեղում բազմապտուղ հղիություն չի եղել:

Եռյակը ծնվել է հղիության 28 շաբաթականում, տղաները համարվում են խորը թերհաս, նրանց քաշը 500-900 գրամ է: Հիմա նրանք գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, ու մասնագետները անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի օգնեն նրանց ողջ մնալ ու գնալ տուն՝ իրենց ավագ քույրերի ու եղբոր մոտ:

Ռազմիկ Աբրահամյանը նշեց, որ այդ ծննդատանը երկվորյակներ շատ են ծնվել, եռյակներ՝ նույնպես: Բայց քառյակը արտառոց երեւույթ է: Ավելին՝ բնական ճանապարհով՝ առանց ժամանակակից վերարտադրողական տեխնոլոգիաներրի գործածման սաղմնավորված եռյակները ու քառյակները ինքնին հազվադեպ երեւույթ են՝ ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում ( 2000 –ի տվյալներով աշխարհում ընդամենը 15 զույգ իդենտիկ քառյակ կար ): Մասնագետը նաեւ հիշեց, որ շատ տարիներ առաջ այդ ծննդատանը հնգյակ էր ծնվել, որոնցից չորսը ողջ էին մնացել:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել